կարևոր
2881 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 16:23
Քաղաքական

Ոստիկանությունը շուրջ 2 մլրդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից

Ոստիկանությունը շուրջ 2 մլրդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից

Կառավարությունը խոշոր գումարների դիմաց շուրջ մեկ տարի ՀՀ ոստիկանությանը վառելիք մատակարարելու հնարավորություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ընկերությանը։ 

Գործարքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար MediaHub-ը հարցում էր արել ՀՀ Ներքին գործերի նախարարություն։ Նախարարության տնտեսական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՆԳՆ-ի 2023թ. կարիքների համար անհրաժեշտություն էր առաջացել ձեռք բերել «Ռեգուլյար» կտրոնային, «Ռեգուլյար» (բակային), «Պրեմիում» տեսակի բենզին, ինչպես եւ դիզելային վառելիք։ Ուժային կառույցի կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդով։ Նոյեմբերին հայտարարված մրցույթին «Ռեգուլյար» (կտրոնային) և «Պրեմիում» տեսակի վառելիք ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին մասնակցել են «Մեգա թրեյդ», «Սի Փի Էս էներջի Գրուպ» եւ «Ֆլեշ» ընկերությունները:

Դեկտեմբերի 23-ին՝ մրցույթի օրը, ամենացածր գին առաջարկած «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է սպասարկել մոտ 5,1 տոննա վառելիք։ Ուշագրավ է, որ մրցույթին մասնակցած «Սի Փի Էս էներջի Գրուպ» ընկերությունից ընդամենը 5 դրամ տարբերությամբ է հաղթել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունը։ 

«Մեգա թրեյդը» 1 լիտր բենզինի դիմաց առաջարկել է 345, 81 դրամ, «Սի Փի էսը»՝ 350 դրամ, «Ֆլեշը»՝ 463 դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների համակարգում հրապարակված պայմանագրի համաձայն՝ երկու չափաբաժիններով հաղթող է ճանաչվել «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն։ Առաջին չափաբաժնի համար ընկերությանը կփոխանցվի մոտ 330.3 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ երկրորդի չափաբաժնի համար՝ մոտ 1.8 մլրդ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՔՊ-ական պատգամավորին փոխկապակցված ընկերությանը կփոխանցի մոտ 2.1 մլրդ դրամ։ 

Նշենք, որ «Մեգա Թրեյդ»-ի մասնաճյուղ է հանդիսանում «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցը։ Նշված երկու ՍՊԸ-ներն էլ մտնում են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռն» ընկերության մեջ։