կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 18:40
Հասարակություն

ՊՆ-ն 2020թ․ 1,8 միլիարդ դրամի վառելիք է գնել ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից. hetq.am

ՊՆ-ն 2020թ․ 1,8 միլիարդ դրամի վառելիք է գնել ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից. hetq.am

Hetq.am-ը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2020թ․ ընթացքում ընդհանուր 1,8 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ (2019թ․ հունիս-2021թ․ ապրիլ) Էդգար Ճաղարյանի եղբորը պատկանող ընկերության հետ: էդգար Ճաղարյանը 2004 թվականից աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում, իսկ, մասնավորապես, 2009-2016 թթ. պարենային ապահովման բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտում, որը ներկայում նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն է եւ պաշտպանության նախարարության անունից կնքում է գնման պայմանագրեր։

Էդգար Ճաղարյանի եղբորը՝ Կարեն Ճաղարյանին պատկանող ընկերությունը «Կար Պետրոլ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2020թ․ հունիսի 8-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության 75% բաժնեմասի սեփականատերը եւ տնօրենը Կարեն Ճաղարյանն է, իսկ մնացած 25% բաժնեմասը պատկանում է Դավիթ Գարեգինի Կիրակոսյանին։

Հիմնադրման օրվանից ընդամենը մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, պաշտպանության նախարարությունը 628 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել «Կար Պետրոլ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը, ըստ պայմանագրի, պարտավորվել է այդ գումարի դիմաց 2000 տոնա դիզելային վառելիք մատակարարել պաշտպանական գերատեսչությանը։

Հաջորդ պայմանագիրը կնքվել է 2020-ի օգոստոստի 13-ին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 165 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց Էդգար Ճաղարյանի եղբոր ընկերությունը պաշտպանության նախարարությանը մատակարարել է 3438 տոննա ավիացիոն կերոսին։

Հաջորդ եւ վերջին պայմանագիրը պաշտպանության նախարարության եւ «Կար Պետրոլ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է սեպտեմբերի 17-ին։ Այս գործարքի արժեքը անհամեմատ զիջում է նախորդներին։ 43 մլն դրամի դիմացը ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է 50 տոննա ավիացիոն կերոսին։

Ըստ armeps.am համակարգի տվյալների՝ այս երեք պայմանագրերով «Կար Պետրոլ» ՍՊԸ-ի մասնակցությունը պետական գնումների գործընթացին ավարտվել է։ Ընկերությունը պետական այլ գերատեսչությունների հետ չի համագործակցել, փոխարենը գրեթե երկու միլիարդի պայմանագրեր է կնքել այն գերատեսչության հետ, որում տարիների շարունակ աշխատել է ընկերության սեփականատիրոջ եղբայրը՝ Էդգար Ճաղարյանը։

Էդգար Ճաղարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է (կենսագրություն)։ Ինչպես արդեն նշել են, նա 2004-2016 թվականներին աշխատել է պաշտպանության նախարարությունում, որից 7 տարին՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային ապահովման բաժնի պետի պաշտոնում։ 2017-2018թթ․ աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում՝ որպես 1-ին բաժնի առաջատար մասնագետ։ 2018-2019թթ․ զբաղեցրել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2019թ․ հունիսի 28-ին Ազգային ժողովը նրան ընտրեց ՏՄՊՊՀ անդամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։ 2021թ․ մարտի 31-ին Ճաղարյանը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որը հաստատվել է ապրիլի 7-ին։

Էդգար Ճաղարյանն անկուսակցական է, սակայն 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Եղել է համամասնական ցուցակի 153-րդ համարը։

Լրատվամիջոցի հետ զրույցում Էդգար Ճաղարյանն ասել է, որ եղբոր ընկերության հետ առնչություն չունի։ Ասում է՝ գիտեր, որ ընկերությունը մասնակցում է ինչ-որ գործընթացների, բայց որ ՊՆ-ի հետ խոշոր գործարք է կնքել, «բացարձակ պատկերացում չուներ»։

Հարցին, թե ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը չի՞ նպաստել արդյոք, որ եղբորը պատկանող ընկերությունը հաղթի այդ մրցույթներում, Էդգար Ճաղարյանը պատասխանել է.

«Իմ զբաղեցրած պաշտոնը չի օգնել այդ ամենին, ես ընդհանրապես կապ չունեմ»։

ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո Էդգար Ճաղարյանը աշխատանքը շարունակելու է Արցախում։ Նա լրատվամիջոցին հայտնել է, որ պետական պաշտոնի չի նշանակվելու, այլ զբաղվելու է «կորցրածը վերականգնելու փորձերով»։ Հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ունի, Էդգար Ճաղարյանն ասել է, որ առայժմ չի ցանկանում այդ մասին խոսել։