Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 19-25-ը եղել են Բուենոս Այրեսում։
«Մարդու իրավունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացվել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների և շուրջ 700 կազմակերպությունների մոտ 5000 պատվիրակների մասնակցությամբ։ Երկրորդ ֆորումն անցկացվել է հաջորդ տարի Մարոկկոյում՝ Մարաքեշում, որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից և շուրջ 750 կազմակերպությունից։
Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը 2022թ. մայիսի 28-ին համագործակցության հուշագիր է ստորագրել CIPDH-UNESCO (Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոն) կազմակերպության հետ, որի գործունեությունը հիմնված է Արգենտինայի և UNESCO-ի միջև կնքված համապատասխան պայմանագրի վրա։ Հայ դատի հանձնախմբի և CIPDH-UNESCO-ի միջև կնքված հուշագրի հիման վրա էլ հնարավոր է եղել ապահովել Գեղամ Ստեփանյանի և Արթուր Խաչատրյանի մասնակցությունը ֆորումին։
Ֆորումում քննարկվող թեմաների մեջ կան այնպիսիները, որոնք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում մեզ համար առանձնակի կարևորություն ունեն։ Մասնավորապես՝
· ինքնության իրավունք,
· խաղաղության և բռնության չենթարկվելու իրավունք,
· միջազգային հանրության համար կարևորագույն ծանր հանցագործություններ,
· խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ, նաև անվտանգության ուժեր ու մարդու իրավունքներ,
· խտրականություն, այլատյացություն և ռասիզմ,
· մշակութային քաղաքականություն և մարդու իրավունքներ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացներ աշխարհում և Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, ընթացքը և հակամարտության կարգավորման ուղիները։ Պատգամավորը հատկապես շեշտել է ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: «Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի երաշխավորի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող տարածաշրջանում երկարատև և արդար խաղաղություն հաստատել։ Խաղաղությունն առանց արդարության լոկ հրադադար է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով՝ էթնիկական զտումից ու ցեղասպանությունից մինչև նոր պատերազմ։ Ուստի միջազգային հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք վերադառնան Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին»,- նշել է նա։ Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի մասին տեղելություններ։
Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։
«Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի» օրերին Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ ԱԺ պատգամավորի և ԱՀ ՄԻՊ-ի՝ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ այլ հանդիպումների և դրանց բովանդակության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ հաղորդագրություն:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
27.03.2023թ.