կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 17:47
Արցախ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով:

Ներկայացնում ենք Արցախի ԱԳՆ հայտարարությունը․

«Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:

1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել  քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:
Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է»: