Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հետք»-ը գրում է.
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանում, թե երբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ» բնակելի համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։
«Հետքը» նախորդ շաբաթ գրեց, որ 2022 թ․ հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։ Մենք հարց էինք բարձրացրել, թե ինչպես է հնարավոր ներկայում 412 հազար դոլար արժեցող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամ պակաս արժեքն ունենա։ Սուրեն Պապիկյանը մեզ առաջարկել էր այդ հարցի պատասխանը ստանալ բնակարանը վաճառող ընկերությունից։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը գրավոր հայտնել է, որ «հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարության սկսելը։ Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականցման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացումը, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն)»։
Թեև մենք մեր հարցերը «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրենին ուղղել էինք կոնկրետ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի «Դ» մասնաշենքում գտնվող բնակարանի գնման գործարքի վերաբերյալ, կառուցապատող ընկերության տնօրենը անորոշ և ընդհանրական ձևակերպումներով պատասխան էր ուղարկել։
Այդուհանդերձ մենք ևս մի քանի հարց ուղղեցինք «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, որոնցից գլխավորը հետևյալն էր․ «Ե՞րբ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի համալիրի «Դ» մասնաշենքի 94 նախագծային բնակարանի ամրագրումը»։ Տրամադրել պատասխանը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք, գրություն, որը լրացուցիչ ստուգման կարիք չի ունենա»։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը մեր այս հարցին փաստացի չի պատասխանել։
«Անդրադառնալով ամրագրումը հավաստող փաստաթղթերի տրամադրմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ ամրագրման որևէ կարգ սահմանված չէ, ամրագրումն իրականացվել է կառուցապատող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ներքին շրջանառության փաստաթղթերով»,- մեզ ուղղված պատասխանում գրել է ըկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Ավելին, արբանյակից արված լուսանկարներն էլ փաստում են, որ պաշտպանության նախարարի կողմից բնակարանի գնման գործարքի ժամանակ «Բյուրեղ» բնակելի համալիրի մասնաշենքերից «Դ» մասնաշենքը ամբողջությամբ կանգուն է եղել։ Google Earth ծրագրում առկա արբանյակային լուսանկարներից մեկը արվել է 2022 թ․ օգոստոսի 17-ին, որտեղ երևում է շինարարության ընթացքը, իսկ բնակարանի վաճառքի գործարքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ 20 օր առաջ։
Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ Սուրեն Պապիկյանի կողմից 100 միլիոն դրամ էժան գնով բնակարան գնելը, հավանաբար, կապ է ունեցել Աշոտ Արսենյանի անձով։ Նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը 2018 թվականիղ հետո արագ հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանի քաղաքական թիմին և մտերմացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, կասկածելի հանգամանքներում ստացավ «Բյուրեղ» թաղամասի շինթույլտվությունը, կարճվեց նրա որդու դեմ բանակից ազատվելու դեպքով հարուցված քրեական գործը, շատ չանցած նույն որդին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով ստանձնեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը։