|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նյու Դելիում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
«Համադրվել են միջազգային հարթակներում համագործակցությունը խթանելու մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ բանակցություններն անցել են բարեկամական և վստահության մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին։