Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի արտգործնախարարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել խուսափել հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ «նախապաշարմունքներից» եւ քաղաքականացված հայտարարություններից, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։
Կիրակի օրը տարածված հայտարարության մեջ Նասեր Քանանին արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետության համար ավելի լավ է խուսափել նախապաշարմունքներից, հարցը քաղաքականացնելուց կամ հարձակման վերաբերյալ քարոզչություն անելուց։
«Հանրային լրատվամիջոցներին միջադեպի վերաբերյալ ոչ իրավական մեկնաբանություններ տալը կառուցողական միջոց չէ դատավարության ընթացքում», - ասել է Քանանին։
Ինչպես բազմիցս նշել են իրանցի պաշտոնյաները, գործը գտնվում է դատավարության փուլում, հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ասելով, որ այդ կապակցությամբ հրապարակվածը հիմնված է հարձակվողի բացահայտ խոստովանության վրա։
«Բնականաբար, այս դառը միջադեպի բոլոր ասպեկտները հետաքննվում եւ ուսումնասիրվում են ճշգրտությամբ եւ հմտությամբ», - նշել է նա:
«Ինչպես արտահայտվում է երկու երկրների բարձրաստիճան քաղաքական եւ դատական պաշտոնյաների դիվանագիտական ուղերձներում եւ շփումներում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ադրբեջանական կողմին տրամադրել հետաքննության արդյունքները։ Վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները համագործակցության մթնոլորտում եւ կառուցողական մոտեցումների որդեգրման պայմաններում կստանան անհրաժեշտ պատասխանները բոլոր այն երկիմաստությունների ու հարցերի, որոնք իրենց գլխում կան», - եզրափակել է Քանանին։
Ավելի վաղ Ալիեւը մեղադրել էր «իրանական իսթեբլիշմենտին»՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու համար։
Ալիեւն ասել էր, որ Իրանի կառավարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի․ «Մեզ պետք է տեղեկացնեն այս մասին, իսկ ահաբեկիչը պետք է պատժվի։ Բայց ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների ցանկացած կարգավորման մասին»։