կարևոր
5014 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-25 18:46
Աշխարհ

Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը

Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը

ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: Այս մասին հաղորդում է ՌԴա ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արեւմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության եւ տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները։

Նշվում է, որ ի տարբերություն արեւմտականների, Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել եւ շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության եւ բարեկեցության ապահովումը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված է նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է նաեւ, թե դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության եւ ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։ «Այս համատեքստում ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման առանձնահատուկ նշանակությունը։ Այս ուղղությամբ նախանշվել են գործնական քայլեր»,- ասված էր հաղորդագրությունում։