Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում սահմանված տոների և հիշատակի օրերի շարքում ապրիլի 24–ը նշված է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ծաղիկներ խոնարհում և հարգանքի տուրք մատուցում դարասկզբին Արևմտյան Հայաստանում ցեղասպանված ավելի քան 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Նրանց շարքերում է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 2011 թվականից բուհը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, պրոֆեսորադասախոսական կազմի և տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ իրականացնում է ոգեկոչման երթ։ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի խոսքով՝ սա ոչ միայն իրականացվում է հարգանքի տուրք մատուցելու, այլ նաև ուսանողությանը անցյալը երբեք չմոռանալու գաղափարներով դաստիարակելու համար։ Վերջինիս խոսքով՝ աշխարհին պետք է ցույց տրվի այն փաստը, որ հայ ազգը չի մոռացել իր նախնինների հետ կատարվածը. նա հիշում է և պահանջում։
«Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մինչ օրս էլ այն երկրները որոնք ընդունել են այդ փաստը, դա եղել է դիվանագիտական աշխատանքների արդյունքում»,- նշում է ՈւԽ նախագահը։
109 տարի է անցել հայերի դեմ իրականացված ոճրագործությունից, սակայն ցեղասպան թուրքը հայության և ՀՀ-ի հանդեպ շարունակում է նույն քաղաքականությունը։ Երթի մասնակիցներից շատերն այս բոնորոշումն են տալիս. «Հայաստանի հետ այսօր տեղի ունեցողն ի՞նչ է, եթե ոչ նոր ցեղասպանություն»։
Երթի մասնակցող բռնի տեղահանված արցախցին, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց. «Արցախի հայաթափությունը և պատերազմը գուցե չլիներ, եթե կարողանային թշնամուն պատասխանատվության ենթարկել իր կատարած ոճարագործության համար։
«Երբ հասարակ մարդկանց շրջանում է լինում քննարկումներ, թե կատարվածը ցեղասպանություն չէ, դեռ մի տեղ հասկանում ես, բայց, երբ դա կատարվում է բարձր ամբիոններից, կարող ենք վերագրել, որ վերջիններս կա՛մ չգիտեն պատմություն, կա՛մ էլ կրկնում են այն, ինչը ասել է Նիկոլ Փաշինյանը»,-նշում է արցախցին։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Կարապետ Բորյանի խոսքով՝ պետք է հիշենք մեր նահատակներին և հարգանքի տուրք մատուցենք, որպեսզի պատմությունը չկրկնվի։ Վերջինս ունի նաև օրվա խորհրդի հետ կապված իր անձնական պատմությունը. «Հիշում եմ՝ հայրս էր պատմում, որ եկել և սպանել են բոլորի ծնողներին, ինքն էլ ընկել էր որբանոց. այդ ժամանակ նա 4 տարեկան էր և հիշում էր միայն եղբայրների անունները»: Վերջինիս խոսքով՝ մեզ համար պետք է կարևոր լինի ոչ թե ցեղասպանությունը ճանաչած երկրների քանակը, այլ դրանից բխող հետագա քայլերը։
Բուհի ուսանողներից շատերը ևս ցեղասպանության զոհ դարձած մարդկանց սերունդներից են։ Նրանցից յուրաքանչյուրը բարձրանում էր դեպի հուշահամալիր՝ իր լսած պատմությունները պահելով սրտում։ Ուսանողներից Աննան հիշում է իր տատիկից լսած պատմությունները։
«Տատս եղել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից։ Ինձ պատմում էր, որ, երբ սկսվել են ջարդերը, գողացել են իր հարազատներից մեկի երեխային։ Ենթադրել են, որ սպանելու նպատակով են երեխային տանում, որպեսզի նոր սերունդներ չլինեն։ Ոճրագործությունից մազապուրծ ոչ միայն տատս, այլ նաև Արևմտյան Հայաստանում ապրող բազմաթիվ մարդիկ եկել և կեցություն են գտել Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում։ Այդ մարդկանց մեջ ինձ դուր է գալիս այն, որ նրանք մինչ օրս պահպանում են այն ամենը, այն մասունքներըը, որոնք բերել են Արևմտյան Հայաստանից»,- նշում է Աննան։ Նրա խոսքով՝ երբ լսում ես նախնիներիդ հետ կատարվածի մասին, մտածում ես, որ պետք է լինես նրանց արժանի սերունդ։ Ինքը դրա ճիշտ ուղին տեսնում է կրթվելու և հզորանալու մեջ։
Սյուզի Դավթյան