Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ն երեկ հերթական անգամ աչքի ընկավ ընդդեմ լրագրողների իր հերթական նախաձեռնություններով և հայտարարություններով:
Այս անգամ էլ հերթը Զարուհի Բաթոյանինն էր: Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը մոռացության տված՝ պատգամավորը երեկվա կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հանկարծ հիշել էր լրագրողներին:
Ըստ իշխանական պատգամավորի՝ լրագրողների գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և պետության համար :
«44-օրյա պատերազմի ժամանակ մենք դեպքերի ականատես եղանք, որ մեդիամասնագետները, լրագրողներն այնպիսի բովանդակություն էին տարածում, որը վտանագավոր էր ոչ միայն քաղաքացիների առողջությանը և կյանքի համար, այլ կարող էր պետական անվտանգության խնդիր առաջացնել». սա Բաթոյանի՝ ԱԺ երեկվա նիստին հնչեցրած «փայլուն» միտքն է:
Բանն այն է, որ պատգամավորին չի բավարարում կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսված մեդիասահմանափակումները: ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ նախագիծը «լավարկման» կարիք ունի, թերևս նկատի ունենալով, որ սահմանափակումները պետք է էլ ավելի խստացվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն արձագանքում է՝ «Իշխանությունն այնքան շատ վնաս է հասցրել երկրին, բնակչության առողջությանը, բնակչության ապագային, որ մենք հազարապատիկ հրապարակումներ էլ անենք՝ չմտածված, վտանգավոր, վնասի չափին չենք կարող անգամ մոտենալ, դրանք սար ու ձորի տարբերություն են: Ավելի ճիշտ կլիներ, որ իրենք մի օրենք ընդունեին, որ ՔՊ-ականները, իրենց իշխանության ներկայացուցիչները զրկված լինեին որևէ հայտարարություն անելու , հոդված գրելու, հարցազրույց տալու հնարավորությունից»,-ասում է նա:
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանն էլ նշում է՝ պետությունը և պետականությունը վտանգի տված, երկու հանրապետություններից մեկը հանձնած, մյուսի պետականությունը «վարի տված» ուժի ներկայացուցիչը ինչպե՞ս կարող է ինչ-որ լրատվամիջոցի մեղադրել նման բանի մեջ.
«Սա ուղղակի ցնդաբանություն է: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստվում է հավանության տալ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակին, իսկ դրա գաղտնազերծված տարբերակով՝ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ո՞նց կարող է երկիրը հանձնած ուժի ներկայացուցիչն ասի, որ որևէ լրատվամիջոցն ինչ-որ վնաս է տվել, անգամ նման բովանդակության մեջ մտնելու իրավունք չուներ նա»,-ասում է զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս առիթով ասաց, «Օրինակելի կլիներ, եթե Բաթոյանն իր թիմակիցներիբկողմից ուղղորդվող անորակ լրատվություն հաղորդող անհասցե կայքերի փակումից սկսեր իր սահմանափակումների ակցիան: Մարդկանց ուղեղները լվացող, ցածրորակ լուրեր հաղորդող իշխանական կայքերի պատերազմական սուտ լուրեր տարածող կայքերը թողած, ի՞նչ սահմանափակումներից է խոսում պատգամավորը: Հերի՛ք է մամուլին ճնշեք. Երկիր մեդիա հեռուստաընկերություն են փակում, զարգացնում պերֆեկթիվիներ ու դեռ խոսում որակյալ լրագրությունից», -ասաց Քնար Մանուկյանը։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում