Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական կառավարությունը դիտարկում է նոր օրենքը արգելափակելու հնարավորությունը։ Օրենքը Շոտլանդիայի բնակիչների համար կհեշտացնի օրինական կերպով իրենց սեռը փոխելը՝ քայլ, որը հակասություն կառաջացնի տրանսգենդերների իրավունքների պաշտպանների եւ Էդինբուրգում ազգայնական շոտլանդական վարչակազմի հետ:
Financial Times-ը հայտնել է, որ վարչապետ Ռիշի Սունակի պահպանողական վարչակազմը մտադիր է վետո դնել շոտլանդական օրենքի վրա։ Կառավարությունը հայտարարել է, որ դեռեւս որոշում պետք է կայացվի, սակայն մտահոգություններ ունի օրենքի առնչությամբ, «հատկապես կանանց եւ երեխաների անվտանգության հետ կապված հարցերում»:
Անցյալ ամիս Շոտլանդիայի խորհրդարանի կողմից հաստատված օրենքը թույլ է տալիս 16 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց ինքնահայտարարագրման միջոցով փոխել սեռի նշումը իրենց անձը հաստատող փաստաթղթերում՝ վերացնելով գենդերային դիսֆորիայի բժշկական ախտորոշման անհրաժեշտությունը:
Օրենքը տարբերում է Շոտլանդիան Միացյալ Թագավորության մնացած տարածքներից, որտեղ անհրաժեշտ է բժշկական ախտորոշում, նախքան մարդիկ կկարողանան անցում կատարել:
Աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում՝ Արգենտինան, Կանադան, Նոր Զելանդիան, Դանիան եւ Իսլանդիան, օրինականացրել են սեռի ինքնաճանաչումը: Անցյալ ամիս Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել շոտլանդականին նման օրինագծին։
Էդինբուրգում Շոտլանդիայի ազգային կուսակցության կառավարությունը ասում է, որ նոր օրենքը կբարելավի տրանսգենդերների կյանքը՝ թույլ տալով նրանց ստանալ իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող պաշտոնական փաստաթղթեր:
Հակառակորդները պնդում են, որ դա կարող է թույլ տալ տղամարդ-«գիշատիչներին» մուտք գործել կանանց համար նախատեսված վայրեր, ինչպիսիք են ընտանեկան բռնության կացարանները: Մյուսները պնդում են, որ անցումային տարիքը պետք է մնա 18-ը:
Շոտլանդիան Միացյալ Թագավորության մի մասն է, բայց, ինչպես Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան, ունի իր կիսաինքնավար կառավարությունը՝ լայն լիազորություններով մի շարք ոլորտներում, ներառյալ առողջապահությունը: Որոշ ոլորտներում վերջին խոսքը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի կառավարությանն է պատկանում եւ նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում այն մասին, թե հակասում է արդյոք շոտլանդական օրենքը բրիտանական իրավահավասարության մասին օրենսդրությանը, որը երաշխավորում է կանանց եւ աղջիկների մուտքը առանձին հաստատություններ, ինչպիսիք են հանդերձարանները եւ ապաստարանները:
Սունակի կառավարությունը մինչեւ չորեքշաբթի պետք է որոշի, թե արդյոք վետո կդնի օրենքի վրա: Եթե դա տեղի ունենա, ապա գործը, ամենայն հավանականությամբ, կհասնի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան:
Այդ քայլն առաջին դեպքը կդառնա, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելափակում է շոտլանդական օրենքը այն ժամանակներից, երբ քառորդ դար առաջ ստեղծվել են շոտլանդական կառավարությունը եւ խորհրդարանը: