կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 15:25
Առանց Կատեգորիա

Ինչի կարող է հանգեցնել շոտլանդական հանրաքվեն

Ինչի կարող է հանգեցնել շոտլանդական հանրաքվեն

Շոտլանդիան այսօր անկախության հանրաքվե է անցկացնում: Դրա արդյունքները կարող են հանգեցնել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացման կամ Էդինբուրգի համար  օրակարգից առժամանակ հանել անկախացման խնդիրը` կախված նրանից, թե ինչպես կքվեարկեն շոտլանդացիները:

 

Մինչ քվեարկությունն անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ անկախացման նպատակահարմարության շուրջ հասարակական տրամադրությունները գրեթե հավասարաչափ բաժանված են` անկախության դիրքերից հանդես եկողների փոքր առավելությամբ: Թե ի՞նչ կորոշեն շոտլանդացիները, նրանց խնդիրն է: Ամենակարևորն այն է, որ նրանք լիարժեք հնարավորություն են ստացել իրացնելու ինքնորոշման իրենց իրավունքը:

 

Շոտլանդիայի հանրաքվեի իրական արժեքը, հատկապես` անջատողականության և ազգային ինքնորոշման հետ կապված կոնֆլիկտներ ունեցող երկրների ու հասարակությունների համար այն է, որ, սկզբունքորեն դեմ լինելով Շոտլանդիայի անկախացմանը, Անգլիան հարգանքով է մոտենում նշանակված և արդեն անցկացվող հանրաքվեին և հարգանքով է վերաբերվելու դրա արդյունքներին, ինչպիսին էլ լինեն: Սա առաջին հերթին խոսում է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Մեծ Բրիտանիայում առկա վերաբերմունքի և, դրանով պայմանավորված, ժողովրդավարության, քաղաքակրթական ու մշակութային չափազանց բարձր, օրինակելի մակարդակի հասած լինելու մասին: Դժվար է աշխարհի ներկայիս քաղաքական քարտեզի վրա գտնել մեկ այլ պետություն, որն առանց բռնություններ, ճնշումներ գործադրելու համակերպվում և ընդունում է ազգային ինքնորոշման իրավունքի հողի վրա տարածք և ռեսուրսներ կորցնելու իրողությունը:

 

Վերջին նման դեպքը եղել է Սուդանում, որի նախկին տարածքի հարավային մասում 2011թ. անկախության հռչակագրի ստորագրման արդյունքում ի հայտ եկավ մի նոր պետություն` Հարավային Սուդանը, որն անմիջապես էլ դարձավ ՄԱԿ-ի անդամ: Բայց հարավցիներին դա հաջողվեց Սուդանի հետ երկարատև` մոտ 20-ամյա արյունալի և, ըստ էության, ցեղասպանությամբ ուղեկցված դիմակայությունից հետո:

 

Թե' Հարավային Սուդանի անկախության հռչակումը, թե' Շոտլանդիայում անցկացվող այս հանրաքվեն ավելորդ անգամ հաստատում են, որ ինքնորոշման հենքի վրա պետությունների տրոհման պրոցեսը դառնում է անկասելի` անկախ դրա նկատմամբ ուժային կենտրոննների դրսևորած` բազմակի ստանդարտներով կառուցվող վերաբերմունքից: Բայց, անկախ դրանից, ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունների իմաստով այս հանրաքվեն երկակի իրավիճակ է ստեղծում աշխարհում: Մի կողմից` այն նախադեպային կարող է դառնալ աշխարհի ու հատկապես եվրոպական մի քանի երկրներում առկա նման անջատողական տրամադրություններ ունեցող էթնիկական, վարչական կամ տարածքային միավորների համար և անկախության հռչակման շղթայական ռեակցիայի հանգեցնել: Դրա համար պարարտ հող է ստեղծում ոչ այնքան միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի առկայությունը, որքան, այսպես կոչված, մետրոպոլիայի` Լոնդոնի ներկայիս հանդուրժողական կամ, ավելի ճիշտ, ըմբռնողական կեցվածքը: Նրա ֆոնին, հատկապես` Եվրամիության անդամ երկրների պարագայում, հակառակ վարքագիծը չի ընկալվելու: Եվ հենց սա է պատճառը, որ Լոնդոնի նման կեցվածքն արժանանում է լուռ կամ կիսաձայն հանդիմանության: ԵՄ-ն արդեն Շոտլանդիային հասկացնել է տվել, որ հանրաքվեի արդյունքում անկախության հռչակումը չի հանգեցնելու իբրև առանձին պետություն իրեն անդամակցելուն, թեեւ Շոտլանդիան գործնականում ԵՄ չափորոշիչներին համապատասխանելու խնդիր չունի: Դրա պատճառն այն է, որ տարածքային խնդիրներ ունեցող մյուս երկրներում, ինչպես, օրինակ, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, հույսեր չփայփայեն, թե անկախանալուց հետո կարող են իրենց ապագան ապահովագրել ԵՄ-ի գրկում:

 

Շոտլանդական հանրաքվեն սպառնում է հանգեցնել տարածքային ամբողջականության սկզբունքի ճգնաժամի և Եվրոպայի համար դառնալ իսկական գլխացավանք: Այս միտումներն ամրապնդում են նաև այլ տարածաշրջաններում առկա հակամարտություններում ազգային ինքնորոշման իրավունքին նախապատվություն տվող կողմերի դիրքերը` իրավական և քաղաքական առումներով: Եվ եթե նույնիսկ միջազգային հանրությունը շարունակի պնդել, որ շոտլանդական հանրաքվեն մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար չի կարող օրինակ հանդիսանալ, հասարակական ընկալումներում ղարաբաղցիների անկախացումն աստիճանաբար ավելի ու ավելի հասկանալի և օրինաչափ է դառնում, իսկ սա արդեն կապիտալ է ապագայի համար: Այսինքն` որքան էլ քաղաքականության մեջ այն չի կարող օրինակ համարվել, հանրային գիտակցության մեջ, ըստ էության, արդեն իսկ նախադեպային է:

 

Բայց, մյուս կողմից, ինքնին նման տրամադրությունների ծավալումը մեծացնելու է նաև դրանք զսպելու ցանկությունը, ինչի օրինակն արդեն ԵՄ-ն տվել է` իրեն Շոտլանդիայի հնարավոր միանալը բացառելու միջոցով: Իսկ սա նշանակում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է վերածվել յուրօրինակ թիրախի և հանգեցնել նրան, որ միջազգային տարբեր կազմակերպություններ սկսեն ավելի մեծ նախանձախնդրությամբ բանաձևեր ընդունել` տարածքային ամբողջականության սկզբունքին նախապատվություն տալու տրամաբանությամբ: Դրա օրինակն արդեն իսկ ունենք` ի դեմս ուելսյան գագաթաժողովում ՆԱՏՕ-ի կողմից ընդունված ամփոփիչ հռչակագրի, որում մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումն ակնհայտորեն դիտարկվում է այդ սկզբունքի գերակայության համատեքստում: Սա իսկ սա արդեն նոր ռիսկեր է ավելացնում հայկական դիվանագիտության համար:

 

Գևորգ Դարբինյան