Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անցնող շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը համարեց իշխանության և ընդդիմության միջև համաձայնությունը ԸՕ-ի շուրջ՝ քվեարկողների ցուցակները հրապարակելու մասով: Ինչ վերաբերում է մյուս կարևորագույն քաղաքական իրադարձությանը՝ նոր վարչապետի նշանակմանը, ապա, պատգամավորի համոզմամբ, նա կունենա հաջողություն այն դեպքում, եթե սոցիալական, տնտեսական, հարկային ու մաքսային հարցերում կարողանա վետո դնել նախագահի որոշումների մեծ մասի վրա:
«Եթե նոր վարչապետը նախագահի որոշումների վրա վետո դնելու հնարավորություն չունենա, էլի շարունակվելու են բարդությունները մեր երկրում: Համաձայն եմ, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, թող բարի լիներ` քաղաքական մեծամասնությունը դա ասեր: Տնտեսության վիճակը ծանր է արդեն երկու տարի, տարի ու կես: Բայց միայն հայտարարելով չէ, քաղաքական կամքի իրացման համար թույլտվություն է պետք: Նույնը ասացի գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, որ` այդ ինչ դուխ պետք է ունենա նոր գլխավոր դատախազը` անելու այն, ինչ չի արել Գևորգ Կոստանյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ կառավարության նիստում տեղին հարցադրումներ եղան, թեև շատերին դա կոշտ թվաց:
Դիտարկմանը, թե այնպես է ստացվում, որ տնտեսության վիճակն արդեն իսկ շատ վատ էր Հովիկ Աբրահամյանի կառավարման ժամանակ, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ժամանակին իրենք խիստ քննադատում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որովհետև այդ ժամանակ տնտեսության վիճակը վատ էր, բայց այն աստիճանի վատ չէր ինչպես հիմա է, որովհետև, ըստ պատգամավորի, տնտեսությունը քաշից ընկել է: Բայց ԲՀԿ-ն չի փոխել իր քննադատության թիրախը, և երկու տարի է` տնտեսության վիճակը քննադատում է:
«Վարչապետը վետոյի իրավունք պետք է ունենա, որ ազատորեն կարողանա իրականացնել այդ քաղաքականությունը, բայց դուք գիտեք` մեր հանրապետությունում վերջնական որոշումները որտեղ են ընդունվում»,- ասաց Միքայել Մելքումյանը: