կարևոր
4240 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 19:38
Արցախ

«Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը. Արցախի կառավարություն

«Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը. Արցախի կառավարություն

Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Արցախի կառավարության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: