կարևոր
3520 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-24 11:53
Քաղաքական

ՔՊ-ի տեղն այնքան նեղ է, որ հույսները դրել են ընդդիմության վրա․ «Հրապարակ»

ՔՊ-ի տեղն այնքան նեղ է, որ հույսները դրել են ընդդիմության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանին բազմիցս հաջողվել է «կռուտիտի», գլխավոր թեմաները ֆեյք թեմաներով ցրելու, մանիպուլացնելու մաստեր-կլասներ ցուցադրել, բայց, ինչպես երեւում է, դանակը ոսկորին է հասել, եւ իշխանական քարոզչամեքենային այժմ այնքան էլ չի հաջողվում տարբեր, անհավանական-երեւակայական թեմաներով ու խայծերով հանրության ուշադրությունը շեղել Արցախի շրջափակման խնդրից եւ Հայաստանին սպառնացող վտանգներից։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհը փակելու հաջորդ իսկ օրը Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ գործի էր անցել։ Հույսը դրել էին պողոսների ամենասիրած՝ նախկիններին պատժելու, թալանը վերադարձնելու թեմայի վրա, որն անվրեպ աշխատել է այս 4 տարվա ընթացքում։ Սակայն ամեն ինչ ունի իր շահագործման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այս թեմաներն էլ արդեն մաշվել եւ կորցրել են իրենց կախարդական ուժը։

Պարզվեց՝ այս փրկօղակն այլեւս լավ չի աշխատում, եւ ակտիվ հանրությունը՝ ֆեյսբուքահայությունը, վերջին շրջանում միանգամայն անհաղորդ է մնում իրավապահ համակարգի սահմռկեցուցիչ հաղորդագրությունների հանդեպ, որոնք իբր տեղեկացնում են, թե նախկինների կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում, եւ շատ շուտով ամբողջ թալանը վերադարձվելու է։ Եվ անգամ այն հայտարարությունները, թե Հակակոռուպցիոն դատարան են կանչվել մի շարք նախկին կարկառուններ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները, այլեւս սպասված էֆեկտը չեն ունենում։

Արցախի թեման ցրելու այլ փորձեր էլ արվեցին այս օրերին՝ իշխանական քարոզչամեքենան ու ֆեյքերը փորձեցին սենսացիոն այլ տեղեկություններ դաշտ նետել։ Օրինակ, որ Երեւանի բնակարաններից մեկից երկու խեղճ մաքրուհի ավելի քան 12 կգ ոսկի են գտել։ Երեւի սրա մեսիջն այն է, որ՝ ՀՀ շարքային քաղաքացի, մի օր դու էլ ոսկի կգտնես աղբի մեջ, կամ՝ քանդվող երկրում էլ է հնարավոր ոսկի գտնել ու անսպասելի հարստանալ։ Ապա լուր տարածվեց, թե 70-ամյա թոշակառուն 70 հազար դոլար է շփոթմամբ նետել աղբամանը, որն աղբամանը քրքրող մի թափառաշրջիկ է գտել։
Իսկ երեկ ՔՊ-ականներն առիթը բաց չթողեցին  եւ խորհրդարանի արտահերթ նիստը վերածեցին ընդդիմադիրների եւ, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հին «բազառը» թարմացնելու շոուի։ Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն՝ ՔՊ-ն քրքրեց անցած 30 տարիների մեղադրանքներն ու կեղտը եւ հանեց ասպարեզ։ Փոխարենն առավել զուսպ գտնվեց ընդդիմությունը․  ընդդիմադիրների երբեմնի ձեւակերպումները՝ «դավաճան», «կապիտուլյանտ», այլեւս դուրս են եկել լեքսիկոնից։ Նրանք արձանագրում էին այն տխուր իրավիճակը, որ տիրում է երկրում, իշխանության անգործությունը, եւ անգամ սպառնում, որ ՔՊ-ն շուտով չի լինելու։ Իսկ թե ինչպես, այդ մասին համեստորեն լռեցին։

Ամեն ինչ սկսվեց Աղվան Վարդանյանի ելույթից․ պատգամավորը որոշել էր ոչ թե արտահերթ նիստին բերված նախագծերի մասին ելույթ ունենալ, այլ, իր խոսքերով՝ Հայաստանի իրական օրակարգի։ Նա արձանագրեց Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը, հիշեց, որ նոր բան չէ՝ 90-ականներին էլ էր Արցախը շրջափակված, մի տարբերությամբ, որ այն ժամանակ Հայաստանում իշխանություն կար, իսկ վերջում էլ հուսադրեց ժողովրդին երկու «լավ լուրով»․ «Ինչպես 90-ականներին՝ ապաշրջափակվելու ենք։ Բոլոր առումներով։ Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու։ Երկրորդ՝ ՔՊ չի լինելու»։ Վարդանյանի ելույթը, բառի բուն իմաստով, ցնցումների մեջ գցեց ՔՊ-ականներին, ոմանք սկսեցին քրքրել սեփական հեռախոսները՝ հավանաբար նամակներ էին սպասում վարչապետի կաբինետից, որ համարժեք հակադարձեն։ Ապա անցան հակահարձակման։

12 օր շարունակ 120 հազար արցախցիների շրջափակման պայմաններում, մինչ սպասում ենք, թե ինչ լուծումներ են գտնելու  Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը եւ նրա իշխանությունը, իշխանականներն ինքնամոռաց տրվեցին ընդդիմությանը քլնգելու գործին։ Միացվեցին բոլոր նավթալինոտ թեմաների «պլաստինկաները»՝ է՛լ «Պրիվետ, Ռոբ» ու Պողոս Պողոսյան, է՛լ Մարտի 1 եւ այլն։ Ակնհայտ էր, որ գերխնդիրը թեման շեղելն էր ընդդիմության առաջ քաշած օրակարգից, եւ անգամ ԱԺ օրակարգին վերաբերող ելույթներին էին ՔՊ-ականները բուռն արձագանքում ու փորձում կոնֆլիկտ, բանավեճ հրահրել։ Օրինակ, երբ Արծվիկ Մինասյանը խոսեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ու հայտարարեց․ «Դուք ՔՊ վարչության որոշումներով դատավորներ եք նշանակում, քանի որ ձեր խմբակցությունը ոչ մի այլընտրանք չի դիտարկում, ոչ միայն դատավորների, ցանկացած այլ թեկնածուների մասով էլ: Այդ դատական բարեփոխումներ կոչվածը եւս մեկ անգամ վերահաստատում է՝ դատական իշխանությունը շարունակում է զավթվել ՔՊ-ի կողմից», Ալեն Սիմոնյանը, չարաշահելով ԱԺ նախագահի իր դիրքը, անձամբ արձագանքեց պատգամավորին․

«Էդ դարակի՞ց եք ելույթները հանում ու կարդում: Էդ ելույթները, որ պետք է լինեին 2006թ․-ին, 2007-ին, 2008թ․-ին, «օպերացիա կոլցոների» ժամանակ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց կողմից  դատավորներին զանգելու ժամանակ․․․ Մեկ-մեկ էլ կարող եք մեր ընդդիմադիր ժամանակվա ելույթները հանեք, տեղերով փոխեք ու ելույթ ունենաք»։

Իսկ իշխանության հավաքական ելույթներին ամենահուժկու պորտատեղադրումն արեց Գեղամ Մանուկյանը։ «Ինչ քննադատում ես, գալիս եւ հիշում են 30 տարին։ 30 տարի զենք չենք առել, ինչ էլ որ առել են՝ դա Արթիկից Կարոյի կլուբնիկը չի եղել, կրակող է եղել, ինչ էլ որ առել են, թռնող ու խփող է եղել, ոչ թե ՍՈՒ 30-ի նման խաղալիքներ են եղել, եւ էդ 30 տարվա ընթացքում էլ Շուշիում պար եք բռնել, որ հիմա չեք համարձակվում Տեղ գյուղից էն կողմ Արցախի սահման հասնել: Ու մի բան էլ․ Լաչինի միջանցքը չի բացվել, այն բացել է հայ ժողովուրդը»,- ասաց ՀՅԴ-ականը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում