կարևոր
3100 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 09:15
Քաղաքական

Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է․ «Ժողովուրդ»

Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու տեղեկություններ, առանց մյուս կողմին լսելու: Մեզ տեղեկություններ են հասնում, որ դեկտեմբերի վերջին կայանալիք ՀՖՖ գործադիր կոմիտեի ընտրություններն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում սպորտային լրագրող աշխատած, ապա Ռուբեն Հայրապետյանի խորհրդական նշանակված Արմեն Նիկողոսյանը: Վերջինիս մասին մամուլում անդրադարձների պակաս չի եղել: Նա անգամ չարձագանքեց, թե ինչ ճանապարհներով է իր որդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ինչեւէ, Արմեն Նիկողոսյանն անձամբ «վերեւներից» ստանում է հրահանգներ, թե ում կարելի է ընդգրկել գործկոմի կազմ, ում ոչ, ու անձամբ է ղեկավարում գործընթացը: Մեր աղբյուրները պնդում են, որ Նիկողոսյանն իր «սրտի ակումբներից» որոշներին զանգահարում է եւ տեղեկացնում, որ քվեարկությունից 2 օր առաջ ինքը կզանգի եւ կասի, թե ում օգտին չպետք է քվեարկել ոչ մի պարագայում:

Այն, որ ֆեդերացիայի իրական ղեկավարը հենց ինքն է, գաղտնիք չէ: Մեզ փոխանցում են, որ ֆեդերացիայում տիրող ոչ ֆուտբոլային մթնոլորտը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանություններին, որոնք չնայած բազմաթիվ թելերով կապված են ֆեդերացիայի հատկապես շինարարական եւ այլ թեմաների հետ, բայց ցանկանում են, որ այնտեղից ձայն դուրս չգա, ինչը, սակայն, չի ստացվում: Օրեր առաջ ֆեդերացիայի նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացրեց հայկական ամենահզոր ակումբներից մեկի` «Փյունիկի» սեփականատերը. դրանից առաջ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին էին հայտնել «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, որոնց մեծ մասի բողոքը կապված էր ֆեդերացիայի աշխատելաոճի հետ: Մենք դեռեւս կանդրադառնանք, թե ով ինչպես է հայտնվելու ֆեդերացիայի գործկոմում, թե ում միջոցով ով ինչ շինմրցույթներ է շահում… Մինչ այդ նշենք, որ տեղեկություններ կան՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եւս ցանկանում է լինել գործկոմում, ու նրան առաջադրողներից մեկը «Արարատ Արմենիա» ակումբն է: Հետաքրքիր է՝ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ակումբի նման որոշումը համաձայնեցված է արդյոք նրա հետ, թե ոչ:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Նիկողոսյան Արմենը կապ ունի Երեւանում հայտնի ծաղկի մեծածախ շուկայի փաստացի կառավարման հետ, ինչն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկի հետ: Այս տեղեկություններն իհարկե մեզ չհաջողվեց ճշտել հենց ՀՖՖ-ից, քանի որ, ինչպես նշեցինք, նրանք որդեգրել են ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու աշխատելաոճ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում