կարևոր
4510 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 13:45
Քաղաքական

Դեռ հստակություն չկա, թե ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի ԱԺ նիստ հրավիրելու մասով․ Արծվիկ Մինասյան

Նախագիծը ուղարկել ենք նաև ՔՊ-ին, նախագիծը վերաբերվում է Լաչինի միջանցքը շրջափակելուն, արցախահայությանը հայրենազրկման Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու, ինչպես նաև միջազգայինհանրությանը կոչ ուղղելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ առաջարկել էին, որ այսօր ժամը 13։00-ին տեղի ունենա Ազգային Ժողովի արտահերթ նիստ․ «Ազգային Ժողովի խորհուրդը պետք է որոշում կայացնի խմբակցության միջնորդության վրա։ Մենք փոխանցել ենք նաև միջնորդությունը, որը հրատապ էր, քանի որ ՀՀ օրենսդիր մարմնի հրատապ միջամտությունն ու արձագանքը չափազանց կարևոր է, հաշվի առնելով նաև այն, որ Արցախի Ազգային Ժողովը նաև կոչով դիմել է Հայաստանին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ դեռ հստակություն չկա, թե ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի ԱԺ նիստ հրավիրելու մասով․ «Մեր փոխանցած նախագիծն իրենց կողմից դիտարկվել է և ներկայացվել է առաջարկություն այն դրույթի վերաբերյալ, որ մեր հայտարարությունում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ արցախահայության գյության, կյանքի իրավունքի երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Իրենք առարկություն ունեն սրա վերաբերյալ, ըստ իրենց առաջարկի՝ իրենք էլ ունեն նախագիծ և դա փորձելու են ներկայացնել»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ արտահերթ նիստի նպատակն է, որ Ազգային Ժողովը հստակ ընդունի հայտարարություն՝ գնահատական տալով Ադրբեջանի սադրիչ և ցեղասպան քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը վերահաստատի արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և նաև կոչ միջազգային հանրությանը, նաև զորակցություն հայտնի ՌԴ խաղաղապահ ուժերին՝ ակնկալելով ավելի ոշտ միջոցներ, որպեսզի կյանքի ճանապարհը բացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։