կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 16:15
Քաղաքական

Չպետք է ընդունել այն, ինչ մեզ առաջարկվում է վերջնագրի տեսքով․ Դավիթ Իշխանյան

Չպետք է ընդունել այն, ինչ մեզ առաջարկվում է վերջնագրի տեսքով․ Դավիթ Իշխանյան

Դեկտեմբերի 13-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ Նա նախ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը որդեգրել է Արցախը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին ինտեգրելու դանդաղ գործընթաց, որն ունի որոշակի փուլեր։ «Սա հերթական փուլերից մեկն է։ Բնականաբար տարբեր պատրվակներով դա ունենալու է իր դրսևորումները։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանն անցել է նոր փուլի և փորձելու է եռակողմ հայտարարությամբ ամրագրված անխափան կապը կտրել և մեզ դնել անկլավային վիճակում։ Ուստի այն, ինչ մեզ վերջնագրի տեսքով առաջարկվում է, որևէ ձևով չպետք է ընդունել, բայց նաև չպետք է զգացմունքային մոտեցումներ ցուցաբերել և պետք է որպես օրենսդիր, որպես գործադիր իշխանություն ունենալ հաջորդական քայլերի ամրագրված փաթեթ»,- նշել է պատգամավորը։

Նա համոզմունք է հայտնել, որ գործընթացն ուղղված է երկու կողմերին՝ և Արցախին, և Ռուսաստանին․ «Իսկ ավելի շատ հավանաբար ռուսական կողմի դեմ է ուղղված, որովհետև այս պարագայում 2025թ, մանդատի խնդիրը կա և Ադրբեջանի համար այն շահարկման նյութ դարձնելու և առաջիկայում ավելի սրացնելու անհրաժեշտություն կա»։

Անդրադառնալով մեր անելիքներին, պատգամավորը մի քանի կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, որոնցից ամենաառաջնայինը առաջարկված վերջնագիրը մերժելն է։ «Հայաստանի իշխանություններից պետք է պահանջենք լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները, թե որպես անվտանգության երաշխավոր, թե որպես եռակողմ հայտարարության կողմ։ Այս պարագայում շատ կարևոր է նաև ՀՀ մեր գործընկերների հետ որոշակի կապեր ապահովելը, հաշվի առնելով, որ ցամաքային կապը խզված է, ճիշտ կլինի օնլայն կապի ապահովումը ։ Հայաստանի մեր գործընկերներն են միջազգային իրավունքի սուբյեկտ և հնարավորություն ունեն տարբեր հարթակներում ներկայացնել մեր տեսակետը»,- կարծում է Դ․ Իշխանյանը։

Նրա խոսքով՝ երեկվանից ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հնարավորություններն ի մի են բերված և տարբեր վայրերում իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացվելու։ Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպում է տեղի ունենալու Հայ դատի գրասենյակի Կենտրոնական խորհրդի պատասխանատուի և գրասենյակի տնօրենի ներկայությամբ, որին ներկա են լինելու Երևանում գտնվող ԱՀ ԱԳՆ ղեկավարը, ԱՀ ՄԻՊ-ը և պետնախարարի խորհրդարական Արտակ Բեգլարյանը։

Դավիթ Իշխանյանը բարձրաձայնել է նաև հանրային աջակցության մասին։ «Շատ կարևոր է հանրության տարբեր շերտերի հետ համապատասխան աշխատանքներ տանելը։ Այն պատասխանատվությունը, որ վերցնում ենք մեր վրա, պետք է նաև մեր հանրությունը կիսի։ Չեմ վարանում այս ամբիոնից ասել՝ չստացվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի նման, որ հանրային, հասարակական դաշտը «հանկարծ» այլ տեսակետ ունենա։ Ճիշտ կլինի, որպեսզի այստեղ մենք ևս որոշակի ճշգրտումներ անենք և ինչու չէ՝ աշխատանքի բաշխում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական դաշտի ներկայացուցիչներ, շրջանային վարչակազմեր և այլն»,- ասել է Դավիթ Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը խոսել է նաև եվրոպական մի շարք երկրներ կատարած իր այցի մասին․ «Վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Եվրախորհրդարանում, եղել եմ այս պահին մեզ համար շատ կարևոր մի երկրում՝ Հունաստանում, այնտեղի խորհրդարանում տարբեր հանդիպումներ ունեցել։ Սոցինտեռնի համագումարին իմ մասնակցությունը հետաքրքիր միջավայր, հարթակ էր, որտեղ տարբեր երկրների սոցիալիստական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել և իրազեկման քայլեր ձեռնարկել։ Ամբողջ Եվրոպան ներծծված է ուկրաինական հարցով, հակառուսական տրամադրությունները գերիշխող են, Կովկաս, Ղարաբաղ, Ղարաբաղյան հարց, Հայաստան-Ադրբեջան հարցը լրիվ երկրորդական պլանում են։ Սա մենք պետք է հասկանանք և գիտակցենք միջազգային կառույցներին մեր փոխանցելիք պատգամները»։