Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ութ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել ընտրակեղծիքների վերացման և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման նպատակով քննարկվող Ընտրական օրենսգրքի նախագծում պարտադիր կերպով 5 մեխանիզմ ներառելու պահանջագրով։ Այդ մեխանիզմներն են՝ ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակումը, ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայողների ընդգծումը, համամասնական ընտրակարգում տարածքային կամ վարկանիշային ցուցակների կիրառման բացառումը, առնվազն 5 տեսախցիկներով ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման ապահովումը, ընտրողների նույնականացման համար մատնահետքեր վերցնելու կամ մատների թանաքոտման մեխանիզմի կիրառումը։ Պահանջագրին իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը, «Հայկական Վերածնունդ», «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Ազատություն», «Հայոց Համազգային Շարժում», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, ՀԺԿ-ն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ԲՀԿ-ն քննակում են դրան միանալու հարցը։
Այս նախաձեռնությունը վկայում է, որ ընտրական համակարգի բարելավման առումով տեղի է ունենում հասարակական-քաղաքական դիրքորոշումների բյուրեղացում և առաջարկությունների կոնկրետացում։ Ընտրական օրենսգրքի շուտ քննարկումները վերացականության դաշտից տեղափոխվում են կոնկրետության դաշտ, և նախագծի վերջնական տեսքի բերման փուլում հանրային մասնակցայնության ապահովման նախադրյալներ ստեղծում։ Սակայն նախագծի շուրջ ներկայիս միտումներն արդեն այս փուլում կասկածի տակ են դնում նման առանցքային հարցի շուրջ լայն հանրային-քաղաքական կոնսենսուսի հասնելու հնարավորությունը։
Նախ՝ ուշագրավ է, որ պահանջագիրը ոչ թե քաղաքական ուժերն են հեղինակել, այլ այն հասարակական կազմակերպությունները, որոնք չափազանց ակտիվ են Արևմուտքի գրանտային ծրագրերին մասնակցությամբ։ Դրանց կողքին, որքան էլ զարմանալի և գուցե, օրինաչափ է, որևէ այլ քիչ թե շատ քաղաքականապես չեզոք ՀԿ-ներ չկան։ Չնայած ներկայացված պահանջագիրն ըդնհանուր առմամբ արտացոլում է ընտրական համակարգի հանդեպ վստահության վերականգնման հիմնական հանրային ակնկալիքների սպեկտրը, սակայն ՀԿ-ների նման խմբավորումը թույլ չի տալիս ասելու, թե նրանք ներկայացնում են ողջ քաղաքացիական հասարակությունը և իրավունք ունեն հանդես գալու նրանց անունից։ Սա այդքան էական չէր լինի, եթե պահանջագրի՝ ՀԿ-ների կողմից ներկայացված լինելու փաստը արմատական ընդդիմությունը ներկայացնող ուժերը չդարձնեին իշխանությանը զիջումներ պարտադրելու մանիպուլյատիվ գործիք։ Իսկ դրա նախանշաններն առավել քան ակնհայտ են։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն օրեր առաջ իշխանությանն առաջարկել էր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի և ՀԿ-ների մասնակցությամբ 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսել, ինչը նախագծի հեղինակների կողմից համարվել էր ընդունելի։ Այսօր, սակայն, ՀԱԿ մեկ այլ անդամ Արամ Մանուկյանը խորհդրարանում ընտրական օրենսգրքի շուրջ հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է, որ որքան մեծանան այդ հինգ մեխանիզմների ներդրմանն աջակացող ուժերի թիվը, այնքան լուծելի է լինելու իշխանությանը զիջումներ պարտադրելու խնդիրը։ Այսինքն ՀԱԿ-ը հանդես է գալիս ոչ թե բանակցելու, իշխանության հետ կոնսենսուսի հասնելու, այլ միակողմանի զիջումներ պարտադրելու դիրքերից, ինչն իրականում ընդհանուր լեզու գտնելու շանսերը ոչ թե մեծացնում է, այլ փոքրացնում․ նման մարտավարությունը ինքնստինքյան իշխանությանը մղում է իր դիրքերը պաշտպանելուն։ Խնդիրն այն է, որ իշխանության կողմից ընդդիմության իմպերատիվ պահանջների միակողանի կատարումը, անգամ եթե դրանք բացարձակորեն արդարացի են, ընկալվում է որպես իշխանության թուլության դրսևորում։ Իսկ իշխանությունները, հատկապես ընտրությունների նախաշեմին, չեն ցանկանում իրենց համար նման իմիջ ձևավորել։ ՀԱԿ-ին և ուլտիմատումների լեզվով իշխանությանհետ խոսելու մարտավարությունն ընտրած մյուս ուժերին կարելի կլիներ հասկանալ, եթե նրանց փաստարկներն անառարկելի լինեին։ Սակայն այդ 5 պահանջների մի մասի շուրջ թե Վենետիկի հանձնաժողովի և թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տեսակետները միրաժեք չեն և խիստ մեկնաբանելի են։ Նման մարտավարությունն արդարացված չէ հատկապես այն պատճառով, որ թե ցուցակների հրապարակման, թե ընտրատեղամասերի նկարահանման հետ կապված ակնհայտ զիջողականության պատրաստակամություն են դրսևորում, ինչը նաև մյուս կետերի շուրջ կառուցողական քննարկումների, համընդունելի լուծումներ գտնելու, այսինքն իշխանության. հետ աշխատելու «ֆրոնտ» է ապահովում։
Սակայն հանդես գալով հանդերձ նման կոշտ դիրքերից՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև ՀԿ-ների հայտարարության մեջ նշվող մյուս յոթ կուսակցությունները, ոչ թե ստորագրել են այդ պահանջագիրը, դարձել դրա համահեղինակը, այլ բավարարվել են միայն դրան աջակցություն հայտնելով։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ո՞րն է պատասխանատվությունից նրանց խուսափելու պատճառը։ Չափազանց տրիվյալ է այն բացատրությունը, թե դրանով շեշտվում է այդ պահանջների ոչ թե քաղաքական, այլ հասարակական-քաղաքացիական բնույթը։ Ընտրական օրենսգիրքն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է։
Իրականում պատճառն այն է, որ քաղաքական ուժերը պարզապես խուսափում են դրանով պայմանավորված պրոցեսների պատասխանատվությունն իրենց վրա վերցնելուց։ Իշխանությանը զիջումներ պարտադրելու հին ու նախկինում ձախողված մարտավարությանն ապավինելը ենթադրում է, որ այդ ուժերը պետք է պատրաստ լինեն իշխանության հնարավոր մերժմանը։ Ի՞նչ են նրանք անելու այդ դեպքում․ բոյկոտելու են հանրային քննարկումնե՞րը, հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելո՞ւ են, թե՞ դիմելու են բոլորովին այլ, օրիգինալ քայլերի։ Այս հարցերի պատասխանը տալ ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ մյուս ուժերը չեն կարող, որովհետև ռադիկալ որոշումների կայացումից հետո կարող են հայտնվել այնպիսի անհեթեթ վիճակում, երբ նրանց փոխարեն թե քննարկումներին և թե ընտրություններին մասնակցեն ու ԱԺ անցնեն երրորդ-չորրորդ ուժեր, որի հետևանքով իրենք գուցե վերջնականապես հայտնվեն քաղաքական լուսանցքում։ Նման իրողության հայաստանյան քաղաքական դաշտը բախվեց 2013թ․ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընտրություններին մասնակցությունից ակտիվ, ազդեցիկ քաղաքական ուժերի հրաժարումը ոչ միայն հանգեցրեց Սերժ Սարգսյանի վերընտրությանը, այլև Րաֆֆի Հովհաննիսյանը, անկախ իր կամքից, հայտնվեց ընդդիմության լիդերի կարգավիճակում։ Իսկ այսպես, զուտ երկրորդ խաղացողի կարգավիճակով հանդես գալը, պատասխանատվությունից խուսափելն ավելի ապահով է։ Այն, հետագա քաղաքական վերադասավորումների ժամանակ մանևրելու հնարավորություն է տալիս։
Գևորգ Դարբինյան