Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Չեմ ուզում կենտրոնանալ ՀՀ վարչապետի ելույթին, դրվագային, թատերականացված և բեմադրված սցենարին, դա ոչ թե ինքնախոստովանության, ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ և ուղեղներ լվանալու տարիների գործելաոճին հարիր պահվածք է, որին կրկին ներկայացավ ոչ միայն մեր, այլև համաշխարհային հանրությանը, որին, հավանաբար, պատասխանատու է իր անցած ճանապարհի և իր հասած նշաձողի համար, այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
«Մեզ համար զարմանալի ու անակնկալ չէին այդ ելույթում հնչած թեզերը։ Այն, ինչ արվում էր թաքուն, բացահայտվեց։ Այն, ինչ չէր հաջողվել տասնամյակներ, հիմա փորձում են առիթը չկորցնել։ Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել իմ և ձեր, այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որ 1988 թվականին նորից որդեգրեց ազգային–ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը՝ ունենալով հաջողությունների ու կորուստների շարք, տալով բազմաթիվ զոհեր, չընկճվելով, չհուսահատվելով, գիտակցելով, թե հանուն ինչ նպատակի համար է այդ ամենը՝ հանուն ապագա սերունդների, հանուն ազգային իդեալների, հանուն նպատակի և ոչ թե միջոցի։ Եվ ի՞նչ։ Հիմա փոխում է մեր որդեգրած պայքարի փիլիսոփայությունը, նպատակը փոխարինվում է միջոցով, «խաղաղության դարաշրջանի» բացման քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, եթե ուղղակի ասենք՝ Արցախի հայաթափում»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախին վախեցնում է միջազգային հանրության դիրքորոշումների կեղծ ներկայացմամբ։ «Այդ ո՞ր միջազգային հանրության դիրքորոշումների մասին է, որտե՞ղ էին նրանք 2020 թվականի աշնանը, ո՞ւմ ջրաղացին էին ջուր լցնում, իսկ վառած կրակին յուղ։ Այդ ի՞նչ արժեքներ դավանող միջազգային հանրության մասին է խոսքը, գուցե ավելի բա՞ց ենթատեքստով խոսվեր՝ «ԼԳԲՏ», կամ «նոր աշխարհակարգ» բառեր, որոնք, հավանաբար, մեր հանրությանը շատ բան են ասում։ Հավանաբար, ԵԱՀԿ–ն էլ համաշխարհային հանրություն, իսկ ո՞ւր են նրան՝ մանդատ ունեցողները»,– ասաց նա։
Դավիթ Իշխանյանը նշեց, որ չպետք է լինեն զգայական, քանզի պրագմատիկ լինելը քաղաքական գործիչների ու քաղաքական այրերի համար կարևոր հատկանիշ է։ «Չպետք է իլյուզիաների դաշտ մտնել, այո՛, բայց չպետք է նաև ապակողմնորոշել, մանիպուլացնել, խեղաթյուրել։ Գիտակցաբար փորձել են բոլոր տարբերակները՝ բանակցությունները սկսելով զրո կետից, սեփական նախաձեռնություններ ցուցաբերելով, նույն համաշխարհային հանրությանը մոլորեցնելով, ամեն ինչ հասցնելով ուղղակի նահանջի և կորստի։ Արցախի ու արցախցիների կողմից մանդատ չունենալու պատճառաբանություններով Արցախի ճակատագիր են մոգոնում, արյուն հեղում և հետո խոստովանում։ Հետո ի՞նչ։ Այդքան միամիտ չենք»,– ասաց նա։
Դիմելով Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորը նշեց, որ եթե քաղաքական վեկտոր են փոխում, ապա հստակ պետք է կողմնորոշվել և հայտարարել, որպեսզի «մեր հեռու և մոտիկ բարեկամներն էլ հասկանան ու կողմնորոշվեն, մենք էլ հասկանանք ու կողմնորոշվենք»։ «Ոհմակային հոգեբանությամբ ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի ու արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու և այն էլ ամենապատասխանատու և ամենաբարձր ամբիոնից՝ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից։ Կատարեք Արցախի և արցախցիների անվտանգության երաշխավորի ձեր պարտականությունները։ Խեղված ձևակերպումներով մի՛ ներկայացրեք այնպես, իբր ցանկանում եք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, այդ իրավունքները պաշտպանել են մեր պապերն ու ծնողները, մենք և մեր որդիները՝ Արցախը հայկական պահելով, կերտելով պետականություն, այդ իրավունքները պահպանվել են անցած երեսուն տարիներին ու կպահպանենք ապագայում ևս, դրանք պետք է պահպանվեն միասին»,– ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած կետերն ու առաջարկները՝ չառաջարկելով սեփականը և այդ քայլը պատճառաբանել որպես ազգային շահերից բխող քայլ։ «Սկսում եք խաղաղության բանակցությունների գործընթաց, նախաձեռնում երկկողմ ձևաչափով խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ, սահմանազատման և սահմանագծման միտված հանձնաժողովի ձևավորում, և որ զարմանալին է՝ հանձն առնում այս գործընթացը կարճ ժամանակում ավարտին հասցնել»,– նշեց նա։
«Պետք չէ մեզ վախեցնել պատերազմով, դա չի կարող մեզ պարտադրել՝ հրաժարվելու երեսուն տարի առաջ մեր որդեգրած պայքարից։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ուժին, նրա անկոտրում ոգուն ու կամքին։ Մենք ավելի ծանր կացություններ են հաղթահարել։ Դեռևս ուզում եմ միամտորեն հույս պահել, որ մեր պետականությունը կորստի ճանապարհով տանող ՀՀ իշխանությունները և նրա առաջնորդը այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում իր մեջ ուժ կգտնի համապատասխան քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապագային միտված որոշումները կայացվեն ունակ քաղաքական գործիչների ու հեռատես առաջնորդների միջոցով»,– ասաց նա։
Ստորև ներկայացնում ենք Դավիթ Իշխանյանի ելույթն ամբողջությամբ.