կարևոր
6961 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 20:25
Քաղաքական Աշխարհ Սփյուռք

Սոցինտերնը ընդունեց ՀՅԴ ներկայացրած բանաձևը, որով դատապարվում է Ադրբեջանի գործողությունները ՀՀ-ի դեմ. Գևորգ Ղուկասյան

Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, ՀՅԴ պատվիրակությունը վերջին օրերին գտնվում էր Մադրիդում, մասնակցելու սոցիալիստական ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին, և ես ցանկանում եմ որոշակի տեղեկություններ տրամադրել կոնգրեսի աշխատանքներից. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Ինչպես վերջին օրերին հանրային կապերի գրասենյակը պարբերաբար իրազեկում է` նոյեմբերի 25-27 Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստը և կոնգրեսի 26-րդ նիստը, որին Դաշնակցությունը մասնակցում էր առանձին պատվիրակությամբ։ Պատվիրակության անդամներն էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Դաշնակցության բյուրոյի անդամ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Սոցիալիստական ինտերնացիոնալի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ես։

Խորհրդի և կոնգրեսի աշխատանքները բավական հագեցված էին։ Մեր պատվիրակությունը ուներ մասնակցության շատ հստակ օրակարգ և տեսանք, որ Դավիթ Իշխանյանը պատմական ելույթ ունեցավ Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ, որի ընթացքում դահլիճում ներկա էր Իսպանիայի վարչապետը, Ալբանիայի վարչապետը, Պորտուգալիայի վարչապետը, Եվրոպական Միության և արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, այլ պետությունների ղեկավարներ։ Դավիթ Իշխանյանի ելույթը շատ կարևոր ձեռքբերում էր, և այն բոլոր մեսիջները, որ մենք ցանակնում էինք փոխանցել միջազգային գործընկերներին, ստացվեց։

Մյուս կարևոր ձեռքբերումը կոնգրեսի կողմից Մարիո Նալբանդյանի վերընտրությունն էր իբրև Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ։Դաշնակցությունը Սոցիալիստական ինտերնացիոնալին անդամակցում է 1907թ․-ից և միջազգային սոցիալիստական հանրույթի շրջանում Դաշնակցության վարկանիշը բավական բարձր է, ինչը արտահայտեց Մարիո Նալբանդյանի միաձայն վերընտրությունը իբրև Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, որով Դաշնակցությունը աշխարհի խոշորագույն կազմակերպության մեջ, որը կազմված է կուսակցություններից, պահպանեց փոխնախագահի հանգամանքը», - նշեց նա։

Ղուկասյանը հայտնեց, որ Խորհրդաժողովի կոնգրեսի աշխատանքների վերջին օրը ընդունվեց բանաձև, որը ներկայացրել էր Դաշնակցությունը. «Այդ բանաձևը ներկայացնելու պատիվը ունեցա ես։ Բանաձևով կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանական ներխուժումը, ագրեսիան Հայաստանի տարածքում, դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը  և բանաձևը շատ հստակ նշում է, որ Ղարաբաղյան հիմանխնդիրը լուծված չէ, և որ այդ խնդրի համապարփակ լուծումը այն գրավականն է, որը կարող է երաշխավորել հարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ Բանաձևը նաև անդրադառնում է ռազմագերիների խնդիրներին, շատ հստակ բառացի ընդգծում է, որ նրանք Ադրբեջանում ենթարկվում են կտտանքների, և այս առումով ևս իր դատապարտող խոսքն է ասում։ Կոնգրեսի աշխատանքները ավարտվել են։ Շատ հստակ ուզում եմ նշել, որ Դաշնակցության պատվիրակության 4 անդամներից որևէ մեկը Հայաստան չի վերադառնում և ոչ էլ վերադառնում են այն  երկներ, որտեղից նրանք ժամանել էին Մադրիդ։ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից տեղյակ ենք, որ Դաշնակցությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայնածավալ արտաքին հարաբերական աշխատանքներ է իրականացնում ամբողջ աշխարհում»։