Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
«Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իշխանականները փորձեցին ներկայացնել PR լույսի ներքո, թե իրենց իշխանությունը մտահոգ է բանակի ու բանակում ծառայողների վիճակով եւ միջոցներ չի խնայելու, որ նրանք ապրեն բարեկեցիկ կյանքով, չաղ ու բախտավոր։ Վերջին պատերազմում բանակի ողնաշարը կոտրած եւ հայրենի սահմաններն անպաշտպան թողած իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե իրենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գործընթացի մեկնարկն են տվել։
Մինչդեռ սրանով լավագույն դեպքում շարունակում են նախկինների սկսած գործը, բնականաբար՝ որոշակի խմբագրմամբ, կամ, ավելի ճիշտ՝ «Ես եմ» եւ Պատիվ ունեմ» ծրագրերի սինթեզ են արել եւ անունը դրել «Պաշտպան հայրենյաց»։ Առաջարկվող փոփոխություններից մեկը, դիցուք, վերաբերում է պայմանագրային ծառայությանը, այն է՝ զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց, որպես զինվոր թրծվելուց հետո հնարավորություն է տրվում դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրայինին հասնող բոլոր արտոնություններից:
Նախագծի զեկուցող՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ ունեն բարձրացնել պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը 5 տարի է:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որն անձը կտնօրինի իր հայեցողությամբ: «Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ասաց նախարարը:
Այլ փոփոխություններ էլ են առաջարկվում, մասնավորապես՝ ծառայողների ատեստավորման հետ կապված։ Սակայն դեռեւս 2018-ի գարնանը, երբ Հայաստանում հայտնի իրադարձությունները չէին եղել, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում ներդրվել եւ գործում էին «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք, ի դեպ, նախկինում քննադատվել են ներկայիս իշխանականների՝ այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից։ «Ես եմ» նախագծով է կարգավորվում պայմանագրային ծառայության ոլորտը, այն տարբերությամբ, որ 3 տարով է, ոչ թե 5, ինչպես առաջարկում է այսօրվա իշխանությունը։
«Ես եմ»-ով զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` զինվորին հնարավորություն էր տրվում անցնել պայմանագրային ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում։ «Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիպոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում»,- նշվում էր «Ես եմ»-ի նախագծում:
Հեղափոխական իշխանությունների վարած քաղաքականության եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո որեւէ մեկի մոտ պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն չի առաջանում, ու դրանով պայմանավորված էլ՝ օրակարգ է բերվել նոր՝ իբր ավելի գայթակղիչ (ֆինանսական տեսանկյունից) նախագիծ։ Նշենք, որ այդ մասին նախագծի հիմնավորման բաժնում չեն թաքցնում նաեւ ոլորտի պատասխանատուները։
«Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022 թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Պաշտպան հայրենյաց» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաեւ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- նշված է Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծում:
Ընդ որում, գործող օրենքով՝ պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: 2016-ից մինչեւ հեղափոխությունը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը հիշեցնում է, որ ինքը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի համահեղինակն է, եւ ասում է, որ նման ծրագրերը միայն ավելացնում են բանակի գրավչությունը, ու պետք է ողջունենք դրանք։ ««Պաշտպան հայրենյաց» նախագիծը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի շարունակությունը կարող ենք համարել, պարզապես անունն են փոխել, մի քիչ էլ՝ գրավչությունը մեծացրել, որովհետեւ նախկինների հետ կապված իրենց ոչ մի բան դուր չի գալիս, փոխում են»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ այժմ իրավիճակն ուրիշ է, եւ ինքը հույս ունի՝ բոլոր հաշվարկներն արել են, որ հնարավորինս մեծ քանակությամբ պայմանագրայիններ ներգրավվեն․ «Բայց սպասենք, ժամանակը ցույց կտա»։
«Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Վիտալի Մանգասարյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջարկած ծրագրի գաղափարը նույնն է, ինչ նախկինում է ներդրվել, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք ներկայացնելու, ինչպես է պրոպագանդվելու, որ չարժանանա «Ես եմ»-ի ու «Պատիվ» ունեմ»-ի ճակատագրին․ «Ես ուզում եմ անդրադառնալ նախարար Պապիկյանի այն հայտարարությանը, թե «Ես եմ» ծրագրով այսօր ընդամենը 2 պայմանագրային է մնացել ծառայության մեջ, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ, պիտի ներկայացվի՝ ինչ չեն արել, որ ընդամենը 2 հոգի է մնացել։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ ծրագիրը ներդրվեց, ավելի քան 500 շահառու ուներ։ Իմ կարծիքով՝ դեր է խաղացել այն, որ այդ ծրագիրը պատշաճ կարգով չի լուսաբանվել։ Ես նայել եմ «Զինուժի» վերջին տարիների գրեթե բոլոր հաղորդումները եւ չեմ հանդիպել, որ պատշաճ կարգով նույնիսկ «Զինուժը» լուսաբանի, էլ չեմ խոսում, որ պետք է էլ ավելի հնչեղ ամբիոններից խոսեին այդ մասին, որպեսզի հնարավոր լիներ քարոզել եւ մարդկանց հավաքագրել այդ ծրագրի շրջանակներում։ Հիմա եթե նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք, ապա չեմ կարող շատ մեծ հույսեր կապել»։
Մանգասարյանն ասաց նաեւ, որ այդ ծրագրին զուգահեռ դպրոցներում պետք է ուժեղացնել ռազմագիտության դասերը, զինկոմիսարիատների ինստիտուտը, ՏԻՄ մարմինների հետ կապված որոշակի գործառույթներ պետք է ներդնել, որ հնարավոր լինի արդյունք գրանցել․ «Պետք է ավելի շատ գաղափարական աշխատանքներ տանել, քան ֆինանսական գրավչություն առաջարկել։ Իհարկե, ֆինանսականը շատ կարեւոր է, բայց ոչ պակաս կարեւոր է գաղափարական քարոզչությունը»։
Փորձագետը հիշեցրեց այս իշխանությունների կողմից աշխարհազորի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ձախողվեց հենց իր նշած պատճառով․ «Երբ այդ ինստիտուտը ներդրվում էր, բուռն քննարկվում էր, աժիոտաժ էր, ինչպես հիմա, բայց կարճ ժամանակ անց ի՞նչ պարզվեց, անգամ նախագծի հեղինակներն են հիմա բացասաբար արտահայտվում, որ լավ գաղափար չէր, եւ խոսակցություններ կան, որ աշխարհազորի ինստիտուտն ընդհանրապես ուզում են վերափոխել ու մեկ այլ ձեւաչափ մտածել»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։