Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ձայն հայրենեաց» շարժումը, որը մտավորականների կամավոր միություն է: «Ձայն հայրենեացն» արդեն երկու մեծ հավաք է իրականացրել և երկրի ճակատագրով մտահոգ մտավորականներին հնարավորություն տվել արտահայտելու իրենց տեսակետն ու այս բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ առաջարկել: Շարժման երրորդ` ընդլայնված հավաքին ընդառաջ զրուցել ենք նախաձեռնության համակարգող խմբի անդամներ գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանի և մշակութային գործիչ, ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Հարոյանի հետ:
-Պարոն Սրապիոնյան այսօր Հայաստանում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակների մասին տարբեր գնահատականներ են հնչում, հետևաբար` պահանջներ, կոչեր... Հաճախ դրանք բոլորովին իրարամերժ գնահատակններ են: Երկրի համար օրհասական այս իրավիճակում ի՞նչ վերաբերմունք կամ ասելիք ունի այսօր հայ մտավորականը. Ո՞րն է ձեր գնահատականը:
-Հայաստանյան այսօրվա իրավիճակը մոտավորապես հիշեցնում է անցյալ դարի 20-ական թվականները`մի շարք տարբերություններով: Այն ժամանակ Հայաստանը և նրա կառավարիչները (որոնք, իմիջիայլոց, բոլորն էլ անխտիր մտավորականներ էին) պարտադրված էին հռչակել Անկախ հանրապետություն, իսկ ներկայիս կառավարությունը ժառանգություն էր ստացել որոշակի կշիռ և հեղինակություն ունեցող և հաղթած պետություն, ավելի կամ պակաս չափով կայուն պետական կառույցներ ստեղծած, իր օկուպացված տարածքներն ազատագրած երկիր... Շարքը կարելի է շարունակել: Ներկայիս մտավորականությունը պարտավոր է շարունակել իր նախորդների ազգանվեր գործը, այն է` անտարբեր չմնալ մեր երկրում տիրող կործանարար իրավիճակի հանդեպ: Հենց այդ գիտակցությամբ էլ հայրենի մտավորականության մի հոծ խումբ ստեղծել է «Ձայն հայրենեաց» քաղաքացիական շարժումը: Այսօր մեր հիմնական անելիքը հայ հասարակությանը իրականության վերաբերյալ սթափ տրամադրություն հաղորդելն ու կարծիք ձևավորելը:
-Պարոն Սրապիոնյան, դուք նորաստեղծ «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժման ստեղծման հեղինակներից մեկն եք և արդեն հանդես եք եկել ձեր քննադատական ու կտրուկ տեսակետներով, արդյո՞ք մտավախություն չունեք քաղաքականացվելու, մշակույթից «հեռանալու»:
-Նախ` ինչ է նշանակում քաղաքականացվել: Այսօր սույն վարչակազմի ապաշնորհ գործունեության պատճառով քաղաքականացվել է ամեն ինչ` մշակույթը, տնտեսությունը, իրավական համակարգը: Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների, այլ գույների, մերոնցների ու ձերոնցների, այլոցների և այսպես շարունակ: Կանխագծված պատերազմում դառը պարտությունը, համատարած սուգը, զոհերը, հաշմանդամ դարձած երիտասարդները, անհետ կորածները քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ: Ազգային հոգևոր և նյութական մշակութային արժեքների մերժումը, պետական կառավարման համակարգի կազմալուծումը, տգիտությունը, անհարդուրժողոկանությունը, ատելության խոսքը, բռնապետության հաստատումը քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ... Այս ամենը տեսնող ու հասկացող մտավորականները կարո՞ղ են մնալ անտարբերության նիրհի մեջ` վախենալով քաղաքականացված լինելու պիտակից: Կարծում եմ հենց անտարբեր մնալն էլ կարող է դառնալ մշակույթից «հեռանալու» պատճառ: Ո՞ւմ են պետք այն գործիչները, որոնց ստեղծածը չպիտի ծառայի Հայրենիքին ու նրա ծաղկմանը:
-Պարոն Հարոյան հարցս ուզում եմ Ձեզ ուղղել. Հնարավո՞ր է արդյոք փոխվի ձեր բռնած ուղին և, պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, միանաք քաղաքական որևէ ուժի:
-Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց խորթ չեն վերնշված խնդիրները, որոնք մտահոգ են մեր վաղվա օրորվ և զգում են առկա սպառնալիքները, չեն առաջնորդվում ամբոխավարությամբ և կուսակցական նեղ շահերով, կամա, թե ակամա գաղափարակից են և, ինչու ոչ, հնարավոր է միանալ նման քաղաքական ուժի` պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և մեր հիմնական նպատակներն ի կատար ածելու համար:
-Պարոն Սրապիոնյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս է «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժումը մտադիր ազդել այսօրվա բարդ ու ճակատագրական իրավիճակի փոփոխության վրա: Ի՞նչ քայլեր եք նախատեսում:
-Հասկանալի է` մտավորականությունը, առհասարակ մշակույթի գործիչները կամ գիտնականները ապստամբներ կամ հեղափոխականներ չեն` բառի սովորական ըմբռնման տեսանկյունից: «Ձայն հայրենեաց» շարժումը համոզված է, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված մեծ մոլորության մեջ է հայտնվել` տրվելով այսօրվա իշխանությունների ամբոխավարական, ճշմարտությունից հեռու ճշմարտանման քարոզչությանը: Ժողովրդականության քողի տակ այս իշխանությունները ժողովրդին են հրամցնում կեղծ, մերժելի գաղափարներ` կեղծելով իրականությունը, մեր պատմությունը, աղավաղելով մեր ձեռքբերումների իրական արժեքները: Նրանք վարկաբեկում են հայ եղեկեցին` հեղինակազրկելով նշանավոր գործիչներին: Վարկաբեկում են մեր հերոսական զինվորականությանն ու հրամանատարներին «90%-ով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն քաղաք է» տգետ ու դավաճանական հարցադրումներով, թշնամու ախորժակը բավարարելուն միտված և պայմանավորված պատերազմ հրահրելով մեր երկիրը տանում են անդառնալի աղետի: «Ձայն հայրենեացի» նպատակը այս ամենը մերժող գաղափարական հզոր շարժում ստեղծելն է:
-Պարոն Հարոյան արդյո՞ք միայն Երևանում են նախատեսվում անցկացնել ձեր հավաքներն ու միջոցառումները: Իսկ մարզեր այցելություններ կլինե՞ն արդյոք` լսելի դարձնելու մայրաքաղաքից հեռու ապրող մտավորականների ձայնը ևս: Կներգրավվի՞ արդյոք Սփյուռքը:
-Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց համահայկական ընդվզման անհնար է դրսից մեր վզին փաթաթված այս ազգային համընդհանուր աղետի առաջն առնել: Ուստի ՀՀ մարզեր այցելելն ու մարզերի մտավորականության հետ համագործակցելը պարտադիր պայման է: Հունվարի 26-ին արդեն նախատեսված է առաջին այցելությունը Լոռվա մարզ: Սփյուռքի հետ Մայր Հայրենիքի կապը գոյատևաման խնդիրներում միշտ էլ առաջնային է համարվել: Այս իշխանությունները հենց Սփյուռքի դերի նվազեցման նպատակով էլ վերացրին Սփյուռքի նախարարությունը: Մենք մեր մեջ ունենք Սփյուռքի խնդիրներին քաջածանոթ գործիչներ, որոնք լծվել են Սփյուռքի հետ կապերը թարմացնելու և հայրենաշինության գործում նրա մասնակցությունը ապահովելու առաքելությանը:
- Պարոն Հարոյան հայտնի է, որ «Ձայն հայրենեաց» շարժումը արդեն երկու մեծ հավաք է անցկացրել, ի՞նչ հանրագումարի եք եկել դրանց արդյունքում: Ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանդիպումը և ի՞նչ ասելիքով. արդյոք միայն ելույթներով ու գնահատական հնչեցնելով կսահմանափակվեք, թե՞ կլինեն նաև կառուցողական առաջարկներ:
-Միայն հավաքներ կազմակերպելն ու կարծիքներ արտահայտելն, անշուշտ, բավարար չեն: Նախորդ երկու հանդիպոմների արդյունքում հավաքվել և ի մի են բերվել մասնակիցների առաջարկներն ու կարծիքները, կազմվել է կոչ-հայտարարություն, որն ուղարկվել է շահագրգիռ շատ կառույցների: Հունվերի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կկայանա մեր շարժման երրորդ հավաքը` առավել ընդլայնված մասնակիցների կազմով: Այդ հավաքին ներկա կլինեն շարժմանը միացած և խնդրով մտահոգ շատ կառույցներ, որոնց առաջարկներով կկազմվի գործունեության ծրագիր, որով էլ կառաջնորդվենք հետագայում: Մեր գերագույն խնդիրը, ինչպես նշեցինք, այս աղետալի վարչակազմի հեռացումն է իշխանության լծակներից` իրենց «վարչապետի» գլխավորությամբ:
Զրույցը վարեց Դավիթ Գրիգորյանը