կարևոր
2824 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-26 17:40
Քաղաքական

Լավը ինձ, վատը ձեզ․«նախկինների» ծրագրերի հերթական սեփականաշնորհումը՝ Փաշինյանի կողմից

Օրեր առաջ ՔՊ-ական վերնախավը իրենց քաղաքական առաջնորդի գլխավորությամբ հպարտանում էր, որ առաջին անգամ կայացել է Երևան-Կապան և Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքները, եւ որը շարունակական բնույթ է կրելու։

Առաջին չվերթով էլ Սյունիք մեկնեցին Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այն, որ Սյունիք օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով, հայտարարվեց։ Բայց այն, որ այդ ամենի հետ փաշինյանական իշխանությունը ոչ մի կապ չունի՝ լռեցին ու անցան առաջ։

Լ-410 ինքնաթիռը դեռ 2017 թվականին ձեռք էր բերվել այն ժամանակվա մարզպետ,«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ջանքերով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5 միլիոն եվրո արժողությամբ գնել էր ինքնաթիռը։ Կապանի օդանավակայանի վերանորոգման  վերագործարկման աշխատաննքներում էլ իշխանությունները մատը մատին չեն տվել։

«Նախկինում ինչ լավ բան կատարվել է, իրենք ասում են՝ սա մենք ենք արել»,- շեշտում է Վահե Հակոբյանը։

«Ինքնաթիռը գնվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։ Օդանավակայանը նույնպես, բետոնային աշխատանքներից մինչեւ վերջ կրկին իրականացվել է կոմբինատի միջոցներով՝ 2017-2018 թթ․»,- մանրամասնում է Հակոբյանն ու շեշտում ՝ նախաձեռնողն ինքն է եղել։

Վահե Հակոբյանը հարցնում է՝ արդյո՞ք իշխանությունները գիտեն, թե ինչու են ձեռք բերել հենց այդ ինքնաթիռը ու վստահեցնում՝ տեղյակ չեն։ «Ռեակտիվ ավիացյան չէր կարող վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, քանի որ պետք է մեծ պտույտ կատարեր։ Այդ դեպքում հայտնվելու էր Ադրբեջանի տարածքում։ Որոշեցինք ձեռք բերել այս տեսակը, որ վայրեջք կատարելիս Հայաստանի տարածքից դուրս չգա»,- պատմում է Հակոբյանը։

Իհարկե 2017-2018 թթ․, երբ կառուցվում էր օդանավակայանը, ոչ ոքի մտքով չէր էլ կարող անցնել, որ մի օր թռիչքները իրականացվելու են թշնամու նշանառության տակ։

Վահե Հակոբյանը վստահ է՝ այն ինչ ցուցադրում է Փաշինյանը փիառ է։ Երաշխիքներ չկան, որ ցանկացած պահի չեն կրակի օդանավի վրա, հատկապես, երբ արդեն մի քանի անգամ կրակոցներ են եղել օդանավակայանի ուղությամբ:

«Երբ ստորագրվեց տխրահռչակ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, պղնձամոլիբդենային կոմբինատը ահռելի ռեսուրս ծախսեց դիրքերը կահավորելու համար, որը Կապանից 30-40 կմ հեռու էր։ Սակայն այն ժամանակվա Պաշտպանույան նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով զորքերը հետնահանջ կատարեցին ու տեղակայվեցին այնտեղ, որտեղ հիմա են՝ օդանավակայանի հարեւանությամբ»,- հիշեցնում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Անի Նահապետյան