կարևոր
3310 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 15:34
Քաղաքական

Ալիեւը բերանը դեռ չի բացել, Փաշինյանն ամեն ինչին համաձայն է․ Արցախի ԱԺ պատգամավոր

Ալիեւը բերանը դեռ չի բացել, Փաշինյանն ամեն ինչին համաձայն է․ Արցախի ԱԺ պատգամավոր

«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։ Նիկոլ Փաշինյանն այս արտահայտությունն անում է՝ ուժ, սպառնալիք չկիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրյալ խաղաղության պայմանագիր կնքող Փաշինյանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժվար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղության»՝ մեկը տարածքներ նվաճելով, մյուսը՝ հանձնելով։

Արցախում օրերս կայացած բազմահազարանոց հանրահավաքի ուղերձը, վստահաբար պնդում է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, հասել է հասցեատերերին՝ ոչ մի գնով թույլ չեն տալու Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

«Արցախի կարգավիճակը կախված է Արցախի ժողովրդից եւ արցախահայությունն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրությունը Ադրբեջանին ինչպե՞ս կարձագանքի Հայաստանի իշխանությունների նման ոչ ադեկվատ պահվածքի պայմաններում, չեմ կարող ասել»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Մոսիյանը։

Ալիեւին կիրթ եւ կառուցողական համարող Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը, թերեւս ինքնախոստովանություն է՝ դիվանագիտական ձախողումների։ Հայաստանի ղեկավարն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ Ալիեւը դրժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Ադրբեջանի նախագահը, ըստ Փաշինյանի, խախտում է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը եւ դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում եւ բացառի ցանկացած էսկալացիա։

Երեկվա Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց նաեւ այն մասին, թե ինչպես է Հայաստանը համաձայնել անջատել հայ-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից։ MediaHub-ի  այս ուղիղ հարցին Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խուսանավեց պատասխանել։

«Հակառակը, բազմիցս նշվել է, որ բանակցում ենք մի քանի ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, ճանապարհների ապաշրջափակման, նաեւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների եւ անվտանգության մասին»,-պատասխանեց Հովհաննիսյանը՝ այդպես էլ չմեկնաբանելով, թե ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները որոշեցին Լեռնային Ղարաբաղի հարցը տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից։

Փաշինյանի թեզը, թե Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ խոսել Արցախի կարգավիճակի մասին, Արթուր Մոսիյանի մեկնաբանմամբ վկայում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիվանագիտական տոտալ ձախողման մասին։

«Ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնում, բայց Հայաստանը ի՞նչ է առաջարկում։ Դեռ բերանները չբացած, Փաշինյանը ամեն ինչին համաձայն է։ Ցանկացած բանական մարդու համար Փաշինյանին մեկնաբանելը հեշտ չէ, որովհետեւ ինքը առավոտյան մի բան է ասում, կեսօրին մեկ այլ բան, երեկոյան՝ մի ուրիշ»,-ասաց Մոսիյանը։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանում է՝ Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինյանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալվել է։

«Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը տանելու է նրան, որ Ադրբեջանը Արցախն ամբողջությամբ իր կազմի մեջ տեսնելու նկրտումներ է ունենալու. խոսքը վերաբերում է ինչպես արդեն օկուպացրած ու դեռ օկուպացվելիք տարածքների մասին»,-նշեց Մոսիյանը։