Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին, նշեց, որ Դաշնակցության կողմից 1994-ին կնքված տնտեսական պայմանագրի մասին բարձրաձայնումը այդ ճամբարի ներկայացուցիչներին ջղաձգումների մեջ է գցել:
«Ես ասում եմ` եթե 1994-ի տնտեսական միության դեմ մարդիկ չեն ըմբոստացել, ճաղերի արանքում չեն կանգնել ու մարդկանց «դավաճան» ասել, հիմա ինչի՞ են ասում: Մենք 94-ին էլ ընդդիմություն ենք եղել, բայց այս հարցի հետ կապված հակառակ տեսակետ չէինք հայտնել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Լեւոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանն ասում են, որ աբսուրդ է 94-ի պայմանագիրը կապել ԵՏՄ պայմանագրի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ պայմանագիրը մենակ մի բանով է տարբերվում` վերնագրում չկա «եվրասիական» բառը: Եթե «եվրասիականը» գումարենք, կլինի նույնը: Կարդացե'ք` Մաքսային միության մասին խոսվում է, ամեն ինչի մասին խոսվում է, անգամ` ռուբլու գոտու մասին: Պետք չի զուր տեղը քաղաքական շահարկումների հարց սարքել մի բան, որը, ուզենք, թե չուզենք, կա օբյեկտիվորեն: Մենք քաղաքական պայքարում ինչքան միասնական լինենք, այնքան մեր պետությունը հզոր կլինի, սա է ճիշտը»:
Հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ պայմանագրին կողմ քվեարկողները այդ քայլով չսպասարկեցին Սերժ Սարգսյանի շահերը, պատգամավորը պատասխանեց, որ նման բան չկա: «Ընդդիմություն լինել` չի նշանակում ամեն բանի դեմ խոսել ու դեմ լինել, պետք է կարողանաս ճիշտը սխալից զատել ու ճիշտ որոշումներ ու քայլեր կատարել: Դժվար բան չէ ամեն ինչին հակառակվելն ու հերքելը: Բայց այդքան պրիմիտիվ չպետք է լինի ընդդիմությունը, որովհետև պրիմիտիվ բացասումը, պրիմիտիվ հերքումը կարող է վնասել քո ժողովրդին շատ հարցերում»,- ասաց Ռուստամյանը: