Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց նա։
Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը նշեց․ «Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին, կարևոր է հականալ՝ ինչ միջավայր է ստեղծված ԶՈՒ ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, այսինքն ինչքանով ենք մենք խրախուսում երիտասարդներին դեպի ԶՈՒ գնալը»։
Ընդդիմադիր պատգամավորը ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։
«Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- ասաց Աբրահամյանը։