Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Ազգային ժողովում երեկ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո դեմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Մինչ Ալեն Սիմոնյանը կհայտարարեր քվեարկություն, վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ ԱԺ ներկայացված փաթեթում դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին։ Մասնավորապես, կառավարության որոշման հավելվածում Արցախին վերաբերող հատվածում օգտագործված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը, մինչդեռ ԱԺ ներկայացված տեղեկանքների բաժնում՝ հայտարարության տեքստում, «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունից հետո օգտագործվել է «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումը, որն ընդդիմությունը խրախուսում է։ Ուստի իրենց համար անորոշ է, թե հայտարարության որ տեքստն է քվեարկվում։ Ընդմիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է, այսինքն՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն պրոադրբեջանական՝ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպմամբ, ուստի ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։ Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ իրենց վերաբերմունքը ոչ թե արձանագրությանն էր ուղղված, այլ կառավարության դիրքորոշմանը․ «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունն օգտագործելու ուղղությամբ»։
Ընդդիմությանը փորձեց հակադարձել Հերիքնազ Տիգրանյանը, ով նկատեց, որ ընդդիմությունը կարող էր գալ եւ մասնակցել գլխադասային հանձնաժողովում այս հարցի քննարկմանը եւ ներկայացներ իր դիտարկումները։ Խոսեց նաեւ ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը եւ հիշեցրեց, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2007 թվականին, երբ սոցապնախարարն Աղվան Վարդանյանն էր, եւ ինքն էլ այդ ժամանակ մասնակցել է կոնվենցիայի ստորագրմանը։ «Եվ 2010 թվականին կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ կամընտիր արձանագրությունը վավերացնելու այն տեսքով եւ այն տեքստով, որը նպատակահարմար էր գտնում։ Ցավոք՝ դա տեղի չի ունեցել, եւ ընդամենը 15 տարի անց մենք ունենք հնարավորություն՝ այս արձանագրությունը վավերացնելու»,- հայտարարեց Բաթոյանը՝ շնորհավորելով բոլորին այս առիթով։
Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը մեզ ասաց, որ այդ կամընտիր արձանագրությունը մեխանիզմ է, որն օգնում է ավելի լավ մոնիթորինգ իրականացնել, թե որքանով է այդ կոնվենցիան իրականացվում երկրում, բայց 2010-ին կոնվենցիան վավերացնելուց հետո այդ արձանագրությունը մինչ օրս չէինք վավերացրել։ Ինչ վերաբերում է «Արցախ»-ի ձեւակերպմանը, Բաթոյանն ասաց․ «Ես որքան հասկացա՝ ընդդիմությունը հարց ուներ կից ներկայացված կառավարության որոշման հետ»։ Նկատեցինք, որ ընդդիմությունը դեմ է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործմանը՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն, ուստի դեմ քվեարկեց, քանզի կարծում է, որ իշխանությունը սրանով եւս մեկ անգամ հրաժարվում է Արցախի Հանրապետությունից։ «Իհարկե, կառավարությունը կարող է տեխնիկական մասի հետ կապված ավելի հստակ ասել, բայց ես կարծում եմ՝ էդպես չէ»,- ասաց նա։ Հարցրինք՝ իսկ Ձեզ համար ավելի ընդունելի է «Արցախի Հանրապետությո՞ւն», թե՞ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը։ «Երկուսն էլ, ինչպես որ օգտագործվում է, ինչի՝ ի՞նչ տարբերություն կա»,- զարմացավ Բաթոյանը։
Բացատրեցինք, որ մինչեւ պատերազմն օգտագործվում էր «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումը, պատերազմից հետո իրենց իշխանությունը հետեւողականորեն հրաժարվում է այդ ձեւակերպումից՝ օգտագործելով «Լեռնային Ղարաբաղ»-ը, որն Ադրբեջանի շահերից է բխում։ «Ես կարծում եմ՝ մենք նույն տերմինը չենք օգտագործում Ադրբեջանի հետ։ Մենք ասում ենք՝ Արցախ եւ Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա։ Ասացինք՝ իրենց գործընկերներն այդպես չեն կարծում, Բաթոյանն էլ առաջարկեց իր գործընկերներից դա ճշտել։ Իսկ գուցե Դո՞ւք ճշտեք։ «Եթե տեսնեմ, որ էդպիսի խնդիր կա, որտեղ ես չեմ կողմնորոշվում, կիրառելու դեպքում անպայման կճշտեմ, բայց ես մինչ օրս նման խնդրի չեմ հանդիպել»։
Զրուցեցինք նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի հետ։ Նա նախ ասաց, որ իրենց խնդիրը ոչ թե կոնվենցիան էր, այլ դրա կամընտիր արձանագրությանը կից որոշման մեջ տեղ գտած «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ «Նախկին ԱԳ նախարարության կողմից «Արցախի Հանրապետություն» եզրույթն է օգտագործված եղել, այս կառավարությունն այդ եզրույթը փոխել դարձրել է «Լեռնային Ղարաբաղ»։ Ակնհայտ է, որ սա այս իշխանությունների՝ հերթական անգամ «Արցախի Հանրապետություն» եզրույթից սարսափահար լինելու արդյունքն է»,- ասաց Վարդանյանը։ Անդրադառնալով Զարուհի Բաթոյանի մեղադրանքին, թե կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ սոցապնախարարն ինքն էր, ու նախորդ իշխանություններն այդ կամընտիր արձանագրությունը կարող էին ընդունել՝ ինչ ձեւակերպմամբ ու բովանդակությամբ որ ուզում էին, բայց չեն արել, Աղվան Վարդանյանն ասաց․ «Մեղադրելուց առաջ ինքը պիտի շնորհակալություն հայտներ, որ իմ օրոք այս կարեւոր կոնվենցիային Հայաստանը միացել է։ Իսկ թե ինչու կամընտիր արձանագրությունն արագ չի վավերացվել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, չեմ էլ կարծում, որ այդ ուշացումը որեւէ էական, լուրջ դերակատարում է ունեցել»։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։