Վերջին 10 տարիներին հանրապետությունից հեռացել է ավելի քան 1 մլն մարդ
Հայաստանում ժողովրդագրական տվյալները անհանգստացնող են: Այս մասին ահազանգում են վիճակագրական տվյալները: Մասնավորապես խոսուն են արտագաղթի տվյալները: Վերջին 10 տարիների ընթացքում հանրապետությունից մեկնողների թիվը տարեցտարի ավելացել է` 457.2 հազարից հասնելով 1 մլն-ի եւ նույնիսկ գերազանցելով այս թիվը: Ընդ որում` ամեն տարի մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին, ասել է թե` միգրացիայի սալդոն եղել է բացասական: Ինչպես տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից, 2010-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը 46300-ով գերազանցել է երկիր ժամանածների թվին: Ընդ որում` այս ցուցանիշը 7.7 հազարով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ հրապարակված չեն, սակայն, ինչպես հավաստիացնում են միգրացիոն պետական ծառայությունից, դեկտեմբերին ժամանողների թիվը կգերազանցի մեկնողների թվին և սրանով պայմանվորված էլ արտագաղթի բացասական սալդոյի ցուցանիշը փոփոխություն կկրի: