կարևոր
3358 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 12:39
Քաղաքական

Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը հրապարակել է իր հոդվածի երկրորդ մասը.

«Մաս 2

Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։

Կիսաճշմարտության մի կողմը.  հանրային որակներ

Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից հետո մասնակցում էին ցույցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանություններին ամենածանր մեղքերում, բայց հետո մեկ էլ հայտնվում են իշխանության մեջ՝ տարբեր պաշտոններում, պատից կախում Նիկոլի նկարը ու գոհ նստում։ Մենք բոլորս, վստահ եմ, նման ցանկ ճանաչում ենք՝ Երևանի կենտրոնից մինչև գյուղապետներ։ Փակ միջավայրերում նրանք շարունակում են վերջին բառերով խոսել իշխանության մասին։

Պետական համակարգից, մեծ հաշվով, չեղան հրաժարականներ, բացառությամբ ԱԳՆ և ԱԱԾ համակարգերի, որտեղից մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ղեկավարներ ուղղակի հնարավոր չհամարեցին իրենց մնալն այս իշխանության մեջ։
Քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեծամասնությունը չկարևորեց սեփական «ես»-ը ու հրաժարականով չսահմանազատվեց այս իշխանությունից, թեև տանը և փակ միջավայրերում նրանք ևս լրիվ այլ բաներ են ասում։

Հավաքական գիտակցության մեջ հայրենիքի և մի ամբողջ սերնդի կորուստը չառաջացրեց բնական ռեակցիաներ։

Հայ հասարակությունն իր արժանապատվությունը չհամարեց  վիրավորված, իսկ դա նշանակում է, որ նրա/մեզ հետ կարող է պատահել ցանկացած աղետ։


Կիսաճշմարտության մյուս կողմը. Վերնախավի որակներ

Մեր իրականությունը մտքում պետությունը մերժած ժողովրդի վարքագիծ է։ Բայց ես չեմ մեղադրում ժողովրդին։ Իսկ ո՞վ է սարքել առողջ պրոցեսների շարժիչը, ո՞վ է սարքել մեխանիզմը, որ առողջ լավ սերուցքը լծվի նույն գործին՝ իշխանություն փոխելու,  պետություն պահելու, ու դառնա առողջ մագնիս՝ ավելի լայն շերտերի համար, ո՞վ է սարքել 21-րդ դարին հարիր ճիշտ ձևաչափեր, որոնք կապահովեին լայնորեն ինտեգրված աշխատանքի հնարավորություն։
Վիքիպեդիայում հանդիպում ես անկախ Հայաստանի հրապարակային գործիչների մասին մի ձևակերպման՝ պետական և քաղաքական գործիչ։
Անձամբ ճանաչում եմ մի քանի տասնյակ այդպիսինների, որոնք 5-10-15 տարի եղել են պատգամավոր ու մի ելույթ չեն ունեցել, ինքնուրույն մի միտք չեն ձևակերպել, 5-10-15 տարվա մեջ մի անգամ ինքնուրույն չեն քվեարկել, «սկզբունքափոխ» են եղել ամեն հրամար առիթով։ Բա եթե այս երկրի պետական-քաղաքական գործիչները նրանք էին, էլ ո՞նց ձևավորվեր քաղաքացի, ո՞նց ձևավորվեր պետական մտածողությամբ հասարակություն։

Ֆրանսիայի հրապարակի բազմամարդ հավաքների օրերին իշխանական պրոպագանդան մի բան էր ֆիքսել՝ չափազանց թանկ մեքենաներով ու թանկ հագուկապով լիդերությունը։ Եվ սրան հակադարձել չստացվեց։
Իսկ իրականություն այն է, որ 21-րդ դարում ուղղակի հնարավոր չէ ապահովել լայն ազգային կոնսոլիդացիա, եթե դրա հայտ ներկայացրած լիդերությունը տեղյակ չէ քաղաքացու օրակարգից՝ չի մտնում խանութ, տեղյակ չէ գներից, չի նստում մետրո, չի քայլում փողոցներով, չի գնում սովորական պոլիկլինիկա, չգիտի՝ ինչ է մանկապարտեզի հերթը, ուսման վարձի խնդիրը և այլն։
Այստեղ  առաջանում է ֆալշ և Չհամախմբում։ Հետևաբար՝ Նիկոլի իշխանության մնալը։

Այդ պատճառով էլ չհասկացվեց, որ «մեր օրակարգը» պետք է լիներ հենց քաղաքացու օրակարգը։ Եթե քեզ հասկանալի չէ քաղաքացու օրակարգը, դու չես խոսում նրա հետ այդ օրակարգի շուրջ, ապա քաղաքացին երբեք չի կանգնի քո կողքին։
Ամենավատ իշխանությունը կարող է միառժամանակ մնալ, նույնիսկ՝ երկար մնալ, եթե նրա հեռացման գործը չի կազմակերպվում։

Մենք համակերպվեցինք 5000 զոհի հետ, մի ողջ սերնդի կորստի, Արցախի 2/3-ի կորստի, հիմա մեզ պատրաստում են 150 հազարի արցախաբնակ հայության կորստին։ «Իսկ արդյո՞ք մեզ պետք է պետություն» հարց-վարակը արդեն տարածվում է։
Ո՞նց կանգնեցնենք վարակը, երբ հիմնական գործոնները՝ իշխանության տեսակ, ընդդիմության անկենսունակություն, հասարակության որակ, բոլորը դրա օգտին են։

Շարունակելի»։