Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Արիս Նալջը
Մարդինի պատգամավոր Թումա Չելիքը վերջին շաբաթներին խորհրդարանում հերթական անգամ հարցրել է. «Չնայած Թուրքիայի այլ քաղաքներում օտարերկրացիներին գույք վաճառելը արգելված չէ, ինչո՞ւ է Հաթայում, Մարդինում և Քիլիսում 2008 թ․ ի վեր արգելված»:
«Դրամ տպողի անձնագիր» համակարգի ընդունման այս օրերին, երբ որոշվում է թե ինչպես և ինչ գումարով է վաճառվում թուրքական անձնագիրը սև շուկայում, դա ճիշտ հարց է…
2008 թ․ իրադարձությունների շղթան, որ հանգեցրեց Նախարարների խորհրդի որոշմամբ օտարերկրացիներին գույքի վաճառքն արգելելու որոշմանը, իսկական դետեկտիվ աշխատանք է։
Պետք է մաս-մաս քանդել այդ կծիկը։
Դեհ, սկսեցինք։
Նախ անդրադառնանք Մարդինի պատգամավոր Թումա Չելիքի այն հարցմանը, որի մասին նա պատմել էր նաև ‘Artı’ հեռուստաընկերության իմ «Կամուրջ» հաղորդաշարի ժամանակ.
«…Թուրքիայում կա 3 նահանգ, որտեղ հնարավոր չէ Նախարարների խորհրդի 27/10/2008թ. 14273 որոշմամբ սեփականություն վաճառել օտարերկրացիներին․ Մարդին, Քիլիս և Հաթայ նահանգներում արգելված է գույքի վաճառքն օտարերկրացիներին՝ ելնելով հանրային շահից և ազգային անվտանգության նկատառումներից։
Հարցնում եմ․․․ Ենթադրում եմ՝ այս որոշումը կայացրած Նախարարների խորհուրդը մոռացել է. ո՞րն է այն հանրային շահը և ազգային անվտանգությունը, որը բացակայում է Թուրքիայի 78 նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում, Էդիրնեում, Կարսում, Հաքքարիում և Անթալիայում։ Այս որոշումը կայացվել է այս նահանգներում ծնված ( թե նրանք, թե նրանց ծնողները) և մեծացած, ապա տարբեր պատճառներով իրենց քաղաքացիությունը կորցրած ասորի, մելքիթ քրիստոնյա, արաբ, ալևի և քուրդ ժողովրդի դեմ»։
Ձեզնից շատերի նման, առաջին բանը, որ միտքս եկավ, «Իհարկե, սիրելիս, սիրիական պատերազմի պատճառով այն ժամանակ արգելեցին սահմանամերձ շրջաններում անշարժ գույքի վաճառքը» դյուրին պատասխանն էր։
Սակայն բանն այդպես չէ: Եթե խոսքը սահմանամերձ շրջանների մասին է, ինչո՞ւ ոչ Ուրֆան։ Ինչո՞ւ ոչ Անթաքիան, Այնթափը, Շըրնաքը։
«Քիլիսի 4 գերմանացին և Մարդինի 99 օտարները»
2008 թ․ վաճառքի վրա արգելք է դրվել հատկապես այս երեք նահանգներում։ Մյուս սահմանամերձ նահանգները ցուցակում չկան։ Որոշման մասին հրապարակած հանրային աշխատանքների և կարգավորման նախարար Մուստաֆա Դեմիրը նույնպես հետաքրքիր մեթոդ է ընտրում։ Նա այս մարզերում վաճառքի արգելքը կապում է վերջին տարում (2008-2009 թթ.) կատարված մի քանի վաճառքի հետ։
«Հողային ռեգիստրի և կադաստրի գլխավոր տնօրինության տվյալների համաձայն՝ Գերմանիայի չորս քաղաքացիներ Քիլիսում գնել են 25 հազար 153 քմ անշարժ գույք, իսկ օտար ծագման 99 քաղաքացիներ՝ 521 անշարժ գույք՝ 2 միլիոն 383 հազար 192 քմ ընդհանուր մակերեսով՝ Մարդինում»,- ասված է հայտարարության մեջ։
Մարդը հարց է տալիս…
Եթե Քիլիսում եղողների՝ Գերմանիայի քաղաքացիներ լինելն ասում եք, ապա Մարդինի 99 հոգու ազգությունն ինչո՞ւ չեք հրապարակում, թե՞ նրանք իրականում անձնագրով օտարերկրացի չեն, այլ «ձեր ներսի օտարներն» են:
Հետաքրքիր պատահականություններ են, իհարկե, բայց ես նրանցից եմ, ովքեր կարծում են, թե դա պատահականությունից ավելին կարող է լինել:
Ինչու՞։ 2008-2009 թթ․ այն տարիներն էին, երբ շատ ասորիներ, ովքեր ստիպված էին եղել լքել Թուրքիան 80-ականներին, հույսով լցվեցին և համախմբվեցին իրենց գյուղեր վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ վերջերս կորած ու սպանված Հորմուզ ու Շիմունի Դիրիլ ամուսինները ևս այդ տարիներին էին որոշել վերադառնալ։
2012 թ․ դեկտեմբերի 9-ին «Ռադիկալ» թերթից Էնիս Թայմանի լրատվական հաղորդագրության մեջ ասվում է, որ արտագաղթած 2845 ասորի ընտանիքներից 91-ը այս ժամանակահատվածում վերադարձել են: Մեծ թիվ է։ (Քանի որ Radikal-ի արխիվն այժմ փակ է, խորհուրդ եմ տալիս կարդալ այն Suryaniler.com կայքում։
Վերադարձեք TOKİ, ոչ թե ձեր գյուղ…
TOKİ-ն հնարավորությունը տեսնելով այն բաց կթողնի՞: Բաց չի թողնի։ Որպեսզի չվերադառնան իրենց գյուղեր, որպեսզի չկարողանան հավակնել իրենց իրավունքներին աչքերին թոզ փչելու համար ստեղծեց «Մարդինի տների նախագիծը»: «Ասորիների վերաբնակեցումը՝ TOKİ-ի կողմից» վերնագրեր դուրս եկան։
Իհարկե, նախագիծը չկայացավ։ Մարդիկ ցանկանում էին վերադառնալ իրենց գյուղեր, ոչ թե բնակելի շենքեր։
Հուրմուզ Դիրիլը, չնայած այդ տարիքին, հին տեսքը պահպանելով՝ վերանորոգում էր Շըրնաքում իր գյուղի տունը, որտեղ վերադարձել էր։
Այսպիսով, ինչու՞ են այդ բաները տեղի ունենում 2008 թ․։
Քանի որ այդ շրջանում, որտեղ մինչև այդ օրը հողային ռեգիստրի կադաստրի պատշաճ ուսումնասիրություն չի իրականացվել, հողային սահմանները կսկեն հանրապետական գրանցամատյաններ անցկացվել նոր համակարգով, քարտեզ-հողամասերի սահմանները կսկսեն նորից գծագրվել։
Այն հողերը, որոնց սեփականատերը տարածքում չէ, գրանցվում է այդ հողերի վրա գտնվողների կամ այդ իրավունքը պահանջողներին վրա… Այսինքն՝ զավթողները «օտար» են դարձնում սեփականատեր, սակայն քաղաքացիությունից զրկված ասորիներին։
Թուրքիայի կառավարության կողմից հայտարարված ժողովրդավարացման փաթեթների բացման, փոքրամասնությունների՝ զավթված հիմնադրամների գույքը հետ ստանալու հույսերի ստեղծման ժամանակաշրջան էր։ Ստամբուլում ոչ մահմեդական հիմնադրամների գույքի վերադարձ եղավ: Սակայն Մարդինում փոքրամասնությունների համար եղանակն այնքան էլ նպաստավոր չէր։
Երբ ասորիները իրենց գյուղերն եկան վերահաստատվելու, հասկացան, որ իրենց ձեռքից խլում են իրենց տները, տարածքներն ու եկեղեցիները։ Ապա այս պրակտիկան տարածվեց Հիմնադրամի գույքերի վրա:
Օրինակ, Մարդինի Մոր Գաբրիել վանքի հիմնադրամի նախագահ Կուրյակոս Էրգյունը «Ակօս» թերթին 2017 թ․ ասել է.
«2008թ. Կադաստրային աշխատանքների ընթացքն սկսվեց։ Այն ժամանակ շատ բան չգիտեինք կադաստրային աշխատանքների մասին։ Առաջին անգամ այստեղ եկավ: Գանձապետարանից եկան, անտառային վարչությունից եկան, այդ ժամանակ լավ չէինք հասկանում, թե ինչ էր կատարվում։ Միդյաթում և նրա շրջակայքում մոտ 170 գյուղ գրանցվեց։ Այն ժամանակ էլ մեր դեմ բողոքներ կային։ Մեզ համար անհասկանալի բողոքներ։ Բողոքում էին, որ Մոր Գաբրիելի վանքի տեղում նախկինում մզկիթ է եղել, և այն ավերվել է։ Դատախազն էր հասել մինչև այդտեղ։ Մզկիթը փնտրեցին։ Մեզ ասեցին, որ ցույց տանք մզկիթը։ Փորձագետ են բերել վանք ու փնտրել ավերված մզկիթը»։
Ույգար Գյուլթեքինի հարցազրույցը խորհուրդ եմ տալիս կարդալ ամբողջությամբ։ Կիմանաք, թե որքան տարբեր եղանակ է լինելու փոքրամասնությունների համար Թուրքիայում դրական քամիների ժամանակաշրջաններում:
Եկել, հասել է 2022 թիվ, և դեռ խորհրդի 2008 թ․ որոշումը ուժի մեջ է: Որոշումն իրագործելիս բյուրոկրատները մատն անգամ չեն շարժում։ Պատասխանը պատրաստ է՝ «Նախարարների խորհրդի որոշումը կա»։
Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի նախարար Մուրադ Քուրումը այս թեմայով 2022 թ․ փետրվարի 10-ին պարզաբանում է արել։ Փորձելով ասել, որ գույքի վաճառքի այս արգելքը ոչ մի կապ չունի ռասիզմի կամ խտրականության հետ՝ ընդամենը կրկնում է նախարարության տեքստը։ Նշելով, որ Մարդին, Քիլիս, Հաթայ քաղաքներում գույքի վաճառքն արգելված է, քանի որ բարելավված տարածքը գերազանցում է 10 տոկոսը, հայտնում է, որ «այս երեք նահանգները որոշվել են Նախարարների խորհրդի որոշմամբ՝ հանրային շահերի և ազգային անվտանգության տեսանկյունից, որպես տարածքներ, որտեղ օտարերկրացիները չեն կարող ունենալ անշարժ գույք և սահմանափակ իրական իրավունքներ»։
Նախարարի ինչ որ բան ասել ստիպված լինելը նշանակում է, որ պետության համար խնդիրը դեռևս շարունակվում է։ Պատգամավոր Թումա Չելիքի հարցումն ակնհայտորեն կշարունակի որոշ վերքեր փորփրել։
Մի խոսքով, անհրաժեշտ է ևս երկու հանգամանք նշել։
Առաջինը․
Ինչո՞ւ են Թուրքիայի Հանրապետության ասորիները դարձել օտար։ Եկեք հասկանանք։ Կրկին Նախարարների խորհրդի որոշմամբ՝ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ բազմիցս արտերկիր մեկնած հայերի, ասորիների և հույների անունները ցուցակներով հրապարակվել են պաշտոնական տեղեկագրում և ասվել է, որ «որոշվել է նրանց զրկել քաղաքացիությունից»։ Օրինակ՝ 2001 թվին Շիրնաքի, Մարդինի եւ Սիլոփիի շրջաններում գրանցված հազարավոր հայեր քաղաքացիությունից զրկվել են։ Միգուցե այն ժամանակ արեցին, որ հետ չգնան ու Սիլոփիի իրենց մեծ հողմասերը հետ չվերցնեն։
Ուստի այդ մարդիկ կամաց-կամաց ստացել են միայն այն երկրների անձնագրերը, որտեղ գնացել են։
Երկրորդը․
Դիցուք այս հողերն նրանցն են։ Դուք ասելու եք, թե ինչու՞ նրանք սեփականության վկայականներով իրավունքները չեն պաշտպանում։ 1980-ականներին շրջանում խառն էր։ Հողային կադաստրի գործընթաց դեռ չի արվել։ Գյուղերի սահմանները գյուղապետերը գիտեին։ Կար նման կադաստրային ըմբռնում՝ «մինչև այս քարը շուգիլների գյուղն է»։ Գյուղերից հեռացածների ձեռքում ինչ-որ փաստաթղթեր էլ եթե լինեն, նրանց հարևանները կամ ժամանակի ընթացքում նրանց գյուղ անասուններին արածացնելու բերած մյուս գյուղացիները գրավել են հողերը։ Իրականում դրանց մասին գիտեն թե՛ ասորիները, թե՛ հայերը։ Բայց ձայն չեն հանում։ Ոմանք քիրվայական հարաբերություններ ունեն այս զավթիչների հետ, որոշների հետ էլ՝ գործընկերային։ Սակայն Թուրքիայում մնացած ոչ քրիստոնյա գործընկերը ներկայում սեփականության վկայականում գրանցված է որպես սեփականատեր։
Պետությունը նրա կողմից է։
Վկայականը նրա կողմից է։
Միջավայրն ու հարեւանները նրա կողմից են։
Հետևաբար, վերադարձողները հնարավորություն ունեն որոշ շրջաններում ուղղակիորեն իրենց անվամբ հող գրանցել, բայց զավթած հարևանի «համաձայնությամբ», որն այժմ տիրապետում է հողին, կամ երկու կողմերի համաձայնությամբ՝ չնչին վճարի դիմաց։
Օրինակ, դուք վերադառնում եք ձեր գյուղ և տեսնում եք, որ այսօր ինչ-որ մեկը ապրում է ձեր հողի վրա: «Մինչև հիմա այստեղ չէիր, հարևան», ասում է նա: Բայց որևէ անախորժություն չի ուզում և փորձում է հեշտ լուծել խնդիրը, ասում է․ «արդեն արտասահմանում եք ապրելու։ Ամառները կգաք, գուցե միայն այստեղ: Եթե գալու ես, իմ տունն ու այգին թող ինձ, մի քանի հեկտար այստեղ կտանք ու կպայմանավորվենք»։
Մի առիթով գրել էի սասունցի Դավթի ունեցվածքի փոխանցման մասին, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ այս ձևով։ Սա միակ ճանապարհն էր, որով Դավիթը վերադարձրեց իր ունեցվածքի մի մասը:
Քանի որ այս գործարքը «վաճառք» է, պետությունը «վաճառքը» ևս արգելում է։ Որպեսզի հարևանը (զավթիչը), նույնիսկ եթե ցանկանա, չկարողանա վաճառել ձեզ…
Երկրի մնացած վերջին հողերը՝ որպեսզի չտրվեն նախկին տերերին, կարելի է վաճառել նոր քաղաքացիություն ձեռք բերած «օտարներին», բայց հին «օտարներին» հետ չեն տրվելու։
Akunq.net/am