կարևոր
6007 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-13 11:24
Քաղաքական

Էդմոն, ըստ քեզ` 2020 թ. նոյեմբերի 14֊ին պարտության սիմվոլը պետք է հեռանար, հիմա` ո՞չ. հիշողության թարմացում

Էդմոն, ըստ քեզ` 2020 թ. նոյեմբերի 14֊ին պարտության սիմվոլը պետք է հեռանար, հիմա` ո՞չ. հիշողության թարմացում

Օրերս կայքերից մեկի տաղավար էր հյուրընկալվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Այնկեղծ ասած չգիտեմ էլ, արդյո՞ք կուսակցության ղեկավարը կարող է դեսպան լինել, թե ոչ։ Արդյո՞ք «Դիվանագիտական ծառայության» մասին ՀՀ օրենքի, ասենք օրինակ 44-րդ հոդվածի հետ կոնֆլիկտ կա թե, ոչ, բայց հարցը դա չի, եթե կա էլ ապա դրան պետք է նայել բացառապես կազմաքանդված համակարգերի լույսի ներքո և ամեն ինչ պարզ կդառնա։

Ինչևէ․

Էդմոնը հանգիստ պատասխանում էր լրագրողի հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին այս իշխանությունների վարած քաղաքականությանը, մինչև չհնչեց այն կարևոր հարցը, ինչի համար հավաքվել էին։ Հարցը վերաբերվում էր Իշխան Սաղաթելյանի կողմից բազմիցս հնչեցրած քննադատությանը, որ Նիկոլի կառավարությունը որքան երկար մնա, այնքան աղետ կլինի, այնքան զոհեր կլինեն, տարածքներ կհանձնվեն՝ որոնք նաև բանավոր պայմանավորվածության (ինչպես «դասականն» էր ասում բանավոր փոխըմբռնման) հետևանք են։ Բանավոր պայմանավարվածությունների մասին լսելն ու Էդմոնի հիշողության և հասկանալու ռուբիլնիկի անջատվելը մեկ եղավ։

Եկեք այս մարդուն մի քանի հիշեցումներ անենք։

Էդմոնը 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակել էր ճանապարհային քարտեզ, համաձայն որի պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանար, և այդ վարչապետի կողմից ստորագրված փաստաթղթի անորոշ դրույթների շուրջ բանակցություններ սկսվեր, քանդված պետական ինստիտուտները վերականգներ և այլն։ Ասել է թե պարտության սիմվոլը, իսկ որոշ դեպքերում նաև Էդմոնի ասած պատերազմի մոդերատորը, պետք է հեռանար ըստ մոդեռատորի հատուկ հանձնարարություններ կատարողի, իսկ պետական ինստիտուտները կազմաքանդված էին, և պետք է վերականգնվեին։ Շատ հարցեր կար, որ իրեն պարզ չէր, բայց գոնե շատերին պարզ էր, որ Նիկոլը եթե մնար հանձնելու էր, ինչպես արդեն կորցրել ենք ՀՀ-ից շուրջ 130 քառ/կմ։ Այդ վտանգը այսօր էլ կա։

Զարմանում եմ, որ Կովսականից զորքերը բանավոր ըմբռման պատճառով հետ քաշելու մասին այնքան հանգիստ է խոսում սույն անձը, որ կարծես թե Կովսականի (ըստ Էդմոնի Զանգելան) համար մի կաթիլ քրտինք է թափել, որ ասածն էլ համադրելի լինի հարցնում է, թե բա Զանգելանի բանավոր ըմբռնմամբ հանձնումը համեմատու՞մ եք միջանցքի հետ։ Իբր Կովսականը բանավոր հանձնողը բանավոր միջանցք չէր կարող խոստանալ, մանավանդ, որ գրավոր թղթում Էդմոնի համար առկա էին անորոշ դրույթներ։

Եթե չես կարող կտրել այդ ձեռքը համբուրիդ դիր գլխիդ։ Տեսանք, որ համբուրեցիր և դրեցիր գլխիդ, դեռ մի բան էլ պաշտոն ու աթոռ ստացար։

Էդմոնը, որն իրեն կարծում է ժողովրդավարության ջատագով, որ ներկայանում է սահմանադրական կարգի կողմնակից պետք է պատասխանի, արդյո՞ք դատարանների շրջափակելը կամ 2020-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն շրջափակելը բխում էր ՀՀ Սահմանադրութունից, ինչպե՞ս եղավ, որ մի նախագիծ, որը քննարկվել էր պետաիրավական հանձնաժողովում, որի անդամ էր նաև ինքը, որի մասին գիտեր ինքը, բայց չգիտես ինչու այն խմբակցության ղեկավարը, որի անդամ էր նաև ինքը, կազմակերպեց նման շոու և իր հետ ջրեց մի բաժակ սուրճով։

Էդմոնը, որ դատարկախոսությամբ ընդդիմադիր ուժերին մեղադրեց ալիևյան ծրագրերի կողմնակից լինելու մեջ, չի տեսնու՞մ, որ Ալիևի և ալիևների ախպերության թշնամին ոչ թե ինքն է, այլ ՀՀ ընդդիմությունը, հաճախ ընդդիմությանը պիտակավորում են նույն բառերով, նույն օրերին, նույն մեղադրանքներով։ Ընդդիմությունը խոսում է բանակի ուժեղացման մասին, իսկ Ալիևն ու իր շեֆը բանակի լուծարման մասին։ Սա չի տեսնու՞մ Էդմոնը, չի լսե՞լ, թե ինչպես էր Նիկոլն ասում, որ տեսակետ կա, որ բանակը դարձնել 5 տարին մեկ եռամսյա հավաքներով, չի լսու՞մ, թե ինչ է ասում Արցախի ՊԲ ունենալու մասին։

Էդմոնին էլ չեն նեղու՞մ Վատիկանի պադվալներից հրահանգ ստանալու ցցուն խայթոցով, կամ Վանաձոր ինքնագլդորով գնալ-չգնալու անձնական վիրավորանքներով, իսկ այն հայհոյանքներն ու չափալախները թող ինքը հիշի և ինքն իրեն հաշիվ տա։ Դեպի ԵՄ քաղաքական և քարոզչական ուղի բռնած Էդմոնը այսօր հասկանալի չի թե ինչ տեսակ ուղեգիծ ու դիմագիծ ունի։ Հայտնի չի այդ կուսակցության տեղն ու դերը ՀՀ քաղաքական դիրքավորման մեջ։

Բայց ասեք, որ Էդմոնն իրոք ֆենոմեն ունի, ինքը 2018-ին չմիացավ օրվա իշխանության դեմ պայքարին, երբ ընդդիմության դաշտում էր և իշխանափոխությունից հետո նույնպես չմիացավ արդեն նոր իշխանության դեմ պայքարին, երբ նորից ընդդիմության դաշտում էր։ Էդմոնը չի միանում, ոչ մի ընդդիմությանը, մի երկու թթու խոսք է ասում, մի երկու բամբ ուտում և համբերատար սպասում հաջորդ սուրճին, մինչև կլուծվի աթոռի հարցը։ Աթոռի հարցը լուծվեց, հիմա իշխանություններից ավելի իշխանություն լինելու ժամանակն է։ Դերն է այդպիսին։ Վստահ եմ, երբ զրկվի աթոռից, կգնա ընդդիմադիր դաշտում նորից գործարքների հույսով։ Տեսակն է այդպիսին։

Մենք քեզ նման չենք Էդմոն, մեր մեջ մի փնտրի այն ամեն ինչի հետ միտքդ հաշտ է։ Մեր տարբերությունը տեսակի մեջ է, մենք տարբեր տեսակ ենք, մենք մենք ենք, մեր մասին գիտի ցանկացած գիտակից մարդ, իսկ դուք արդեն խոսել եք և ձեր մասին էլ գիտի ցանկացած գիտակից մարդ։

Ալիևի, Էրդողանի և Նիկոլի ոխերիմ թշնամի հանդիսացող Դիմադրության շարժմանը կարելի է քննադատել, մեղադրել, բայց երբեք չի կարելի դա անել Հայաստանի թշնամիների բառապաշարով ու բառամթերքով։ Դիմադրության շարժում ունի մեկ նպատակ երկիրը դուրս բերել այս վիճակից, կասեցնել աղետաբեր ընթացքը, հեռացնել բոլոր նրանց ովքեր կամա-ակամա նպաստում են այս աղետի իրականություն դառնալուն։

Եվ վերջում․

Հայաստանում իշխանություն չկա, կան իշխանության դերը զբաղեցրածներ, որոնք ըստ էության պետության ընդդիմադիրներն են, կան նրանց դեմ գործունեություն ծավալած դիմադրություն և դիմադրությանը ընդդիմադիր՝ Էդմոն։ Ահա նրանց իրական սերտ կապի հիմքը։

Արմեն Գրիգորյան

Տնտեսագետ