կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 12:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա․ Էդմոն Մարուքյանի՝ անցումային կառավարության նախագիծը

Նախ՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրենց խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ, որին, ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում։

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։

«Վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ՝ փոխադարձ վստահելի: Գիտենք, որ վերջին 2 տարիներին մեր պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ պետական մարմինների հետ։ Այս առումով կարծում ենք շատ մեծ անելիք կա»,- նշեց նա։

Ճանապարհային քարտեզում կետ կա նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցություններ նախաձեռնելու և վարելու մասին` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով:

«Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում»,-մանրամասնեց Մարուքյանը։

Ներքին իրավիճակի կայունացման համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բախումների դադարեցում, հանրային համերաշխության ու պետական ինստիտուտների վերականգնում, զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, արցախահայության  սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում, կորոնավիրուսի դեմ պայքար, միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ՝ Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցներ ներգրավելու համար  և այլն։

Մարուքյանի համոզմամբ՝ գործող կառավարության ծրագիրն այլևս չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների առջև պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին և նոր իրողություններին, մինչդեռ առաջարկվող ծրագրով սեղմ ժամկետում հնարավոր կլինի ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը ներկայացրել է՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները և դրանց հնարավոր հետևանքները, ականատես լինելով Փաշինյանի հնչեցրած անթույլատրելի բռնության կոչերն ու պատասխանատվություն ստանձնելու բացարձակ անկարողությանը, վերլուծելով ՀՀ կառավարության անդամների ու բարձրաստիճան աշխատակիցների կողմից ներկայացվող փաստական հանգամանքները։

Անդրադառնալով իշխող քաղաքական ուժի՝ նիստին չմասնակցելուն, Մարուքյանն ասաց․ «Առանց «Իմ քայլը» խմբակցության ոչ մի հարց չի կարող լուծվել. սահմանադրական ճանապարհով այդ փոփոխություններին հասնելու համար, մեզ պետք է, որ «Իմ քայլը» գա այդ գործողությունների դաշտ։ Վերջին զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ խմբակցությանը մղում են շրջանակային պաշտպանության կամ անկյուն, որը սխալ քաղաքական մոտեցում է։ Առանց «Իմ քայլի» մենք չենք կարող լուծել այս խնդիրները, նրա միջոցով է հնարավոր ձևավորել անցումային համակարգը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր  ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իսկ նրանց չմիացած՝ ԼՀԿ-ի թեկնածուն Էդմոն Մարուքյանը։