կարևոր
5857 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 20:20
Քաղաքական

Կոչ ենք անում ՀՀ և Արցախի ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու. «Դիմադրության» շարժման հայտարարությունը

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը:

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։

Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը

  • վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը,
  • սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը,
  • մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ,
  • փչացնում է մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ,
  • բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա։

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։

Մենք կողմ ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի: «Զանգեզուրի միջանցք» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։

Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլանձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։

Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը:

Մենք անընդունելի և հակապետական ենք համարում «Արցախը հանձնենք, որ Հայաստանում խաղաղ ապրենք» օրվա իշխանության քաղաքականությունը։

Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8–ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի և միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Մենք արձանագրում ենք.

  • ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր,
  • Հայաստանի օրվա իշխանությունը՝ ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների,
  • այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում: 

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները և համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ։

Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի:

5 նոյեմբերի, 2022թ․

Ֆրանսիայի հրապարակ