կարևոր
2014 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-26 17:32
Հասարակություն

Պանթյուրքիզմի վերընձյուղումները կամ ի՞նչ է ուզում Մերալ հանըմը

Պանթյուրքիզմի վերընձյուղումները կամ ի՞նչ է ուզում Մերալ հանըմը

Տիգրան Չանդոյան

Քաղաքագետ, քրդագետ

Պանթյուրքիզմի մասին շատ է գրվել և խոսվել․ սա այն գաղափարախոսություններից է, որոնք, քաղաքական իրադրությամբ պայմանավորված, պարբերաբար «ննջում և արթնանում» են։ Սակայն պանթյուրքիզմի ուշագրավ «արթնացումներից» մեկի մասին, որին անդրադառնում ենք ստորև, չենք հանդիպել որևէ վերլուծության կամ այլ նյութի, այնինչ դա կարելի է դիտարկել որպես պանթյուրքիզմի զարգացման նոր փուլերից մեկը։ Խոսքը թուրք քաղաքական գործիչ Մերալ Աքշեների և նրա ստեղծած «İyi Parti»-ի (թրք․ «Լավ կուսակցություն») մասին է։

Նախքան Մերալ հանըմին անցնելը՝ կարճ պատմական անդրադարձ պանթյուրքիզմին։ Ծնունդ առնելով Ռուսական Կայսրության Կազան քաղաքում, որի բնակիչները հիմնականում թաթարներ էին, այն ընդլայնեց իր աշխարհագրությունը՝ հասնելով մինչը Կահիրե և Բուդապեշտ, Բաքու և Ղրիմ, և հատկապես Ստամբուլ։ Պանթյուրքիզմի նպատակն ի սկզբանե եղել է այն ժամանակվա կայսրություններում (Ռուսական, Ավստրոհունգարական, Օսմանյան) սփռված թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն ու նրանց շահերի և հավակնությունների առաջ մղումը (որը շատ հաճախ իրականացվում էր պրոիսլամական լոզունգներով), սակայն ժամանակի հոլովույթում պանթյուրքիզմը պարբերաբար հանդես է եկել տարբեր օրակարգերով՝ ելնելով օրվա քաղաքական պատեհություններից։

Ռուսական Կայսրությունից Ստամբուլ փախած առաջին պանթյուրքիստ տեսաբանները՝ Յուսուֆ Աքչուրան, Ահմեդ Աղաօղլուն և այլք, ստեղծեցին այն հիմքը, որի վրա հետգայում կառուցվեց թուրքական ազգայնականությունը և «թուրք ազգ» հասկացությունն առհասարակ (օսմանյան շրջանում թուրք բառը տգետ, կոպիտ, անգրագետ իմաստներն ուներ և, հետևաբար, վիրավորական բնութագրում էր)։ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմադրմամբ պանթյուրքիզմը, որը վերաճել էր Բալկաններից մինչև Սախա (Յակուտիա)  թյուրքական կայսրության ստեղծման գաղափարախոսության, դադարեց ունենալ այն նշականությունը, որն ուներ երիտթուրքերի կառավարման շրջանում։ Նորաստեղծ թուրքական պետության ղեկավար Աթաթուրքը հասկանում և պատշաճ կերպով էր գնահատում Թուրքիայի հնարավորությունները, և նման հավակնոտ ցանկությունների պատճառով հարևան երկրների հետ (մասնավորապես՝ ԽՍՀՄ, Իրան) թշնամանալու ցանկություն չուներ։ Այսպիսով՝ պանթյուրքիզմը միառժամանակ «ննջեց», մինչև Եվրոպայում գլուխ բարձրացրեցին ֆաշիստները։ Բացի գաղափարական հոգեհարազատությունից՝ «արթնացյալ» պանթուրքիստները հաշվի էին առել Նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի դեմ ուղղված սլաքը, և, տպավորվելով գերմանացիների սկզբնական կայծակնային ռազմական հաջողություններից, հրաշալի առիթ տեսան գերմանական ուժի միջոցով ԽՍՀՄ կազմում գտնվող թյուրքական ժողովուրդներին «ազատագրելու» և Թուրան ստեղծելու համար։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտությունը ստիպեց պանթուրքիստներին վերստին «քուն մտնել»՝ մինչև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը: Դրանից հետո պանթյուրքիզմն սկսեց, այսպես կոչված ներքին կամ չեզոք շրջանը, քանի որ որպես գաղափարախոսական ռեսուրս օգտագործվում էր Թուրքիայի ներսում ծավալվող ձախական շարժումների դեմ, որոնց առաջամարտիկները հիմնականում թուրքեր չէին։ Հակաձախական գործողություններն իրականացվում էին 1940-ականների պանթյուրքիստ «ոսկե երիտասարդության» վառ ներկայացուցիչներից մեկի՝ Ալփարսլան Թյուրքեշի հիմնած ծայրահեղ աջ «Ազգային շարժում» կուսակցության («Milliyetçi Hareket Partisi» MHP) և նրա ճյուղավորումը հանդիսացող «Գորշ գայլեր» նեոֆաշիստական ռազմականացված կազմավորման կողմից։

Այժմ վերադառնանք Մերալ Աքշեներին։ Պատմաբան, ուսուցչուհի Մերալ Աքշեներն առաջին անգամ խորհրդարան է մտել կենտրոնամետ-աջ «Ճշմարիտ ուղի» կուսակցության (DYP) մանդատով՝ պատգամավոր ընտրվելով 1995 և 1999 թվականների ընդհանուր ընտրություններում և 1996-1997 թթ. Նեջմեթթին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունում եղել է ներքին գործերի նախարար:

Կոալիցիոն կառավարության փլուզումից հետո Աքշեները 2007, 2011 և 2015 թթ. ընդհանուր ընտրություններում խորհրդարան է մտել ԱՇԿ-ի ցուցակով՝ 2007-2015 թվականներին պաշտոնավարելով որպես ԹԱՄԺ փոխնախագահ: ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի և Աքշեների միջև լարվածությունից հետո նա այլևս չի առաջադրվում որպես պատգամավոր 2015 թ. նոյեմբերի համընդհանուր ընտրություններում, այլ, անցնելով ԱՇԿ-ի ներսում ընդդեմ Բահչելիի ընդդիմադիր մի խմբի գլուխ, 2017 թվականի հոկտեմբերի 25-ին իր համախոհների հետ դուրս է գալիս ԱՇԿ-ից և հիմնում «Լավ կուսակցություն»-ը, որի առաջնորդն է մինչ օրս։

Մերալ Աքշեները ծնվել է 1956 թ. հուլիսի 18-ին՝ Իզմիթ քաղաքում։ Նրա ծնողները բալկանյան թուրքեր էին, ովքեր Թուրքիայում վերաբնակվել էին 1923 թ.։

Աքշեների բալկանյան ծագումն այստեղ առանցքային նշանակություն ունի։ 2017 թվականին ստեղծված «Լավ կուսակցության» թուրքերեն անվանումը այս տեսքն ունի՝ İYİ։ Նկարում տեսնում եք կուսակցության տարբերանշանը։ Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չենք կարող նկատել այստեղ, եթե մի փոքր պատմական էքրսկուրս ևս չնախաձեռնենք։

Ինչպես նշեցինք, Աքշեները սերում է բալկանյան թուրքերի ընտանիքից։ Բալկաններում թյուրքական ներթափանցումներն սկսվել են հոների արշավանքներով՝ 5-րդ դարից սկսած, սակայն հիմավորապես այնտեղ սկսեցին հաստատվել բուլղարների թյուրքական կիսաքոչվոր ցեղերի ներթափանցմամբ, ովքեր, գաղթելով Վոլգայի կողմերից, այդտեղ բուլղար խան Ասպարուխի գլխավորությամբ հիմնադրում են Առաջին Բուլղարական կայսրությունը։  Ասպարուխը սերում էր Դուլո կամ Թուղլուք տոհմից, որը Աթիլլայի շառավիղներից էր։ Դուլո տոհմը, նախքան Բալկաններում հայտնվելը, Վոլգայից Դնեպր ընկած տարածքներում, Սև և Ազովի ծովերի ափին հիմնել էր Հին Մեծ Բուլղարիա թյուրքական քոչվորական կայսրությունը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ (մոտ 635-668 թթ․)։ Խազարների հարձակումների ճնշման տակ Ասպարուխն իր 30․000-50․000 բուլղար հետևորդների հետ շարժվում է դեպի Բալկաններ՝ նոր «հայրենիք» գտնելու։ Բյուզանդացիների դեմ Օնգալի ճակատամարտում տարած հաղթանակից հետո Ասպարուխը հիմնեց Առաջին Բուլղարական կայսրությունը, որը 681 թ. Բյուզանդական կայսրության կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես անկախ պետություն՝ դառնալով Բալկաններում առաջին բուլղարական պետականությունը։

Թյուրիմացություներից խուսափելու նպատակով ասենք, որ Դուլոների տոհմային զինանշանը (դամգա) լատիներեն գրի հետ կապ չունի (նկ. 2)։ Պարզապես Մերալ հանըմը, լինելով պանթյուրքիստական կուսակցության նախկին անդամ և այն լքելուց հետո էլ գաղափարապես մնալով այդպիսին, ըստ էության ստեղծել է մի նոր պանթյուրքիստական կուսակցություն, որն առնվազն իր սիմվոլիզմով լիովին այդպիսին է։

«Լավ կուսակցության» տարբերանշանի ֆոնը՝ երկնագույնը, պանթյուրքիզմի խորհրդանիշ-գույնն է։ Առաջին թյուրքական խաքանությունն ստեղծած թյուրքական ցեղերի համադաշնությունը կոչվում է «երկնքի թյուրքեր» կամ «գյոկթյուրքեր»: Սրանով է պայմանավորված պանթյուրքիստների առանձնահատուկ վերաբերմունքը երկնագույնի նկատմամբ։

Այդ գույնն ունեն պանթյուրքիստական կազմակերպությունների մեծ մասի խորհրդանիշները, դրոշները, ինչպիսիք են «Գորշ գայլերը» (նկ․ 3), «Թյուրքական երկրների կազմակերպությունը» (նկ․ 4)։ Երկնագույն է նաև ույղուրների ազգային դրոշը (նկ․ 5), որը Չինաստանում ամենաուժեղ անջատողական շարժումն է։

Ի՞նչ է նշանակում սա։ Առնվազն նշանակում է, որ․

  1. Թուրքիայում գործում են միմյանցից անկախ, անգամ քաղաքականապես միմյանց ընդդիմադիր առնվազն երկու պանթյուրքիստական քաղաքական կուսակցություններ։
  2. Թուրքական քաղաքական դաշտում պանթյուրքիզմն արդեն հանդես է գալիս նոր բազմազանությամբ՝ թե իշխանական դաշտում, թե ընդդիմադիր դաշտում ունենալով ներկայացվածություն։
  3. Դրանցից մեծությամբ երկրորդը՝ «Լավ կուսակցությունը», կրառելով որոշ պատմական սիմվոլիզմ՝ իր պանթյուրքիստական սլաքը ուղղել է դեպի Բալկաններ, որտեղից թուրքերը լիովին դուրս մղվեցին նախորդ դարասկզբին։  

Թե ինչ ապագա կունենա այս քաղաքականությունը, դժվար չէ կանխանկատել, հատկապես որ անգամ Թուրքիայի գործող իշխանություններն են պարբերաբար սպառնալիքներ հնչեցնում Հունաստանի նկատմամբ՝ որպես Բալկանյան երկրի ։

 Իսկ որ, օրինակ, Բուլղարիայում բնակչության ավելի քան տաս տոկոսը ոչ պաշտոնապես թուրքեր են, ևս խորհրդածությունների տեղիք է տալիս։

Akunq.net