կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-12 16:16
Հասարակություն

Ո՞ւմ գործողությունների հետևանքով են մարտի 1-ին զոհեր եղել, այս հարցն է մղվել երկրորդ պլան. Սամվել Նիկոյան

Ո՞ւմ գործողությունների հետևանքով են մարտի 1-ին զոհեր եղել, այս հարցն է մղվել երկրորդ պլան. Սամվել Նիկոյան

Եթե դատաիրավական համակարգը, քննիչները համարում են, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պետք է հարցաքննվեն, դա նրանց խնդիրն է, ոչ թե` իմ մեկնաբանության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Դիտարկմանը` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարել են, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, և Հայաստան վերադառնալուն պես ցանկացած պահի  Քոչարյանը կարող է հարցաքննվել, նաև հարցին` իր կարծիքով` Քոչարյանն ունի՞ մտահոգվելու առիթ , թե՞ ոչ, Նիկոյանն արձագանքեց. «Այդ հարցի պատասխանը տվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն պատասխան տալ` մտահոգվելու առիթ ունի՞, թե՞ չունի: Եթե քննիչները հրավիրեն, հարցաքննությունից հետո կերևա` ունի՞, թե՞ ոչ»:

Իսկ թե հիմա ի՞նչն է փոխվել, որ Մարտի 1-ի գործը վերաբացվել է, կարո՞ղ ենք ասել, որ նախկինում իշխանությունները չունեին քաղաքական կամք` վերաբացելու գործը, Նիկոյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքական հայտարարություններ անել: «Ես ասում եմ հետևյալը` երբ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտեց, դիմեցինք ԱԺ, երկարաձգվեց գործողությունների` մեր ժամանակահատվածը, դրանից հետո հանձնախումբը առաջարկություն արեց ԱԺ-ին` ստեղծել մոնիտորինգի խումբ, որը պետք է հետևեր բոլոր խնդիրների պարզաբանմանը: Դա հանձնարարվեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովին, որըվ որոշակի աշխատանք իրականացնելուց և եզրակացություն ներկայացնելուց հետո դադարեցրեց այդ աշխատանքը»,- ասաց նա:  

Սամվել Նիկոյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը համարում  էր, որ անհրաժեշտություն կար պարզելու հետևյալը` եթե որևէ երկրում կա փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է  «Չերյոմուխա»-ի կիրառման նույնականացում իրականացնել, ապա դա կտա ամենակարևոր հարցի պատասխանը: «Ո՞ւմ գործողությունների հետևանքով են զոհեր եղել: Այսօր կարծես թե այդ հարցը երկրորդ պլան է մղվում, բայց ես դա առաջնային եմ համարում»,- շեշտեց նա:

Նիկոյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը այդ օրերի ցույցներին, այն պնդումներին, որ նա պատասխանատվություն կրողներից մեկն է: Նա հիշեցրեց, որ իր ելույթում դիմել էր առաջին նախագահին՝ հարցադրում անելով՝ ինչո՞ւ նա չէր եկել Ազատության հրապարակ ու մարդկանց հանդարտվելու կոչեր չէր արել: «Իսկ ընդդիմության մյուս մասը կոչերով մարդկանց ասաց՝  մնացեք, ամրապնդեք ձեր դիրքերը: Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ»,- նշեց նա: