Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում ու Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ.
-Վերջերս ՀՀ մեկնեց ԱՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը և հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք ևս մասնակից եք եղել այս նախաձեռնության իրականացմանը: Արդյո՞ք արդյունավետ եք համարում տեղի ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Նախ ուզում եմ արձանագրել, որ հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱՀ քաղաքական իշխանությունների մակարդակով կարելի է ասել՝ սա առաջին պաշտոնական թիմային հանդիպումն էր: Մենք, իհարկե, հետպատերազմյան շրջանում տարբեր հանդիպումների ենք ականատես եղել, բայց հիմնական հանդիպումները և քննարկումները տեղի էին ունենում ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի մակարդակով: Մենք տարբեր ամբիոններից հնչեցրել ենք, որ Հայաստանի և Արցախի միջև քաղաքական թելերը կտրվել են, և այստեղ մեղքի հիմնական բաժինը տեսնում ենք ՀՀ իշխանությունների մոտ: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետեւանքով ուղղակի և անուղղակի ճնշումներ են գործադրվում ՀՀ վրա, և ՀՀ իշխանությունները ոչ միայն իրենց այցելություններն են սահմանափակել դեպի Արցախ, այլ նաև համատեղ համապատասխան քննարկումները: Մինչև 2018 թվականը համահայկական կարևոր օրակարգային հարցերի շուրջ համատեղ քննարկումները և որոշումների կայացումը դարձել էր քաղաքական ավանդույթ:
Պետք է արձանագրել, որ շատ կարևոր էր այս պատվիրակության այցը, և եթե դիտարկենք այդ տեսանկյունից, այն ողջունելի է, բայց կա նաև նախապատմություն: Այս տարվա ապրիլի 14-ին հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱՀ Ազգային ժողովը հանդես եկավ հայտարարությամբ: Այդ օրերից մենք անընդհատ պահանջում էինք նախագահ Արայիկ Հարությունյանից, որ պետք է հստակ ճշգրտել ՀՀ իշխանությունների տեսակետներն ու դիրքորոշումները. մեզ չէր բավարարարում ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ մակարդակի երկխոսությունը, երբեմն նաև ԱՀ նախագահի՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերին մասնակցությունը, տարբեր առիթներով ՀՀ արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, Ազգային ժողովի նախագահի մակարդակով հնչեցրած տեսակետները, որովհետև անհրաժեշտ էր դեմ առ դեմ ճշգրտել և ունենալ հստակություն: Եվ մենք ակնկալում էինք փակ հանդիպում երկու քաղաքական սուբյեկտների՝ ԱՀ և ՀՀ քաղաքական պատասխանատուների միջև:
Անհասկանալիորեն միշտ ձգձգվում, հետաձգվում կամ անկարելի էր դառնում այդ ձևաչափով հանդիպումը: Ես հակված եմ այն տեսակետին, որ այստեղ մեղքի հիմնական բաժինը ՀՀ վարչապետինն է, որ նա խուսափում էր և չէր նախաձեռնում նման հանդիպումներ: Մինչև անգամ մենք հղում էինք անում 1993թ. հունիսի 12-ին ՀՀ իշխանությունների, մասնավորապես Լևոն Տեր-Պետորսյանի գլխավորած թիմի և Արցախի քաղաքական իշխանության հանդիպումը Գորիսում:
Իհարկե, սեպտեմբերին Ջերմուկում և Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի ագրեսիայից հետո Արցախի խորհրդարանականների այցը Հայաստան արժանացավ ընդունելության Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի կողմից, բայց սա բավարար չէր: Մեզ համար այդպես էլ հստակ չեղավ, թե որն է ՀՀ իշխանությունների տեսակետը Արցախի հարցով: Արցախում ձևավորված տեսակետ կա, որն արտահայտվել է ապրիլի 14-ի ԱՀ ԱԺ և հոկտեմբերի 3-ի Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հայտարարությամբ: Հիմնական տեսակետը հետևյալն է՝ մեզ համար անընդունելի է ՀՀ իշխանությունների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում, որով կասկածի տակ կդրվի ԱՀ գոյության փաստը կամ մեր ինքնորոշման իրավունքը: Մեր տեսակետը մենք արձանագրել ենք: Դեռևս հարցական է, թե ինչ տեսակետ ունեն ՀՀ իշխանությունները: Հենց այս նկատառումներից ելնելով՝ մենք քաղաքական պատվեր ենք տվել Արցախի իշխանություններին, Արցախի նախագահին՝ պատվիրակությամբ մեկնելու Երևան:
Այո՛, մամուլում հնչում են տեսակետներ, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ճնշումների տակ է մեկնել նշված պատվիրակությունը: Թող այդպես էլ հնչի, մենք դեմ չենք: Այո՛, Արցախում կա ձևավորված բացասական վերաբերմունք և մթնոլորտ ՀՀ իշխանությունների նկատմամբ: Մենք հստակորեն ակնակալում էինք, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հրապարակայնորեն կփոխանցեր մեր ժողովրդի պահանջը, ձևավորված տեսակետը, որով նաև Արցախի հիմնահարցի հանգուցալուծման կամ գոնե որոշակի ճշգրտման ճանապարհ ցույց կտար: Անցած օրերին մենք չտեսանք նախագահի կողմից հրապարակային ներկայացված տեսակետ: Արցախի ժողովուրդն իր իշխանություններից սպասում է հստակ դիրքորոշումներ և վճռական քայլեր: Ցավոք սրտի, պատվիրակության վերադարձից հետո չեն տրվել այս հարցերի պատասխանները:
Մենք ակնկալում ենք, որ Արցախի նախագահն առաջիկայում իր հարցազրույցի ժամանակ բաց ու անկեղծ կխոսի այդ ամենի մասին:
-Թե՛ ԱՀ նախագահի, թե՛ ՀՀ պաշտոնյաների կողմից նշվում է, որ ՀՀ-ԱՀ երկկողմ հարաբերությունները մշտական բնույթ ունեն, և ԱՀ իշխանությունները տեղյակ են Արցախի հարցով ընթացող բանակցություններից: Սակայն մամուլի հրապարակումներում այլ պատկեր է ի հայտ գալիս: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:
-Գաղնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները ճարպկորեն օգտագործում են Արցախի նախագահի և իշխանության տարբեր օղակների հետ իրենց շփումները, մասնավորապես ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ հարաբերությունների կոնտեքստում փորձում են տարբեր առիթներով ներկայացնել, թե մեր տեսակետները համահունչ են, որ բանակցային գործընթացի հետ կապված բոլոր մանրամասները փոխանցվում են ԱՀ իշխանություններին, մասնավորապես նախագահին, իսկ նա էլ իր հերթին խորհրդարանում և դրանից դուրս գործող քաղաքական ուժերին: Մենք Արցախի նախագահին ներկայացրել ենք, որ չենք վստահում ՀՀ իշխանություններին, բավարար հիմքեր ունենք մտածելու, որ ՀՀ իշխանությունները ոչ բոլոր մանրամասներն են փոխանցում Արցախի նախագահին: Այդ կիսատ-պռատ փոխանցված տեղեկատվությունը, երբեմն նաև քաղաքական մոլորեցնող տեսակետները Արցախի իշխանություններն ընդունում են որպես հիմք և ըստ այդմ էլ կառուցում իրենց քաղաքականությունը, որի հետևանքները բավականին ծանր են:
Այդ ամենի հետևանքներից մեկը ժողովրդի մեջ անորոշության արմատավորումն է, ապագայի նկատմամբ անվստահությունը, որը պատճառ է դառնում արտագաղթի, ներքին դժգոհությունների: Եթե նույնիսկ այդ ամենն ուղղակիորեն չի արտացոլվում, մենք տեսնում ենք, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բնակչության շրջանում: Դրանք արդյունք են սոցիալական մեդիայի, տարբեր տեխնոլոգիաների ազդեցության, որոնք հատուկ նպատակ ունեն թուլացնելու, պառակտելու Արցախը, տարբեր ձևերով հայաթափելու Արցախը:
Մինչև հիմա ներկայացվում էր, որ մեր քայլերը համահունչ են, և չկա տեսակետների տարբերություն, ուստի համոզված եմ, որ եթե նախագահն իր ելույթներով ու կեցվածքով չբարձրաձայնի այս ամենի մասին, ՀՀ իշխանությունները շատ ճարպկորեն դա կօգտագործեն և կասեն՝ ամեն ինչի մասին մենք խոսել ենք՝ պատասխանատվությունը թողնելով Արցախյան կողմի վրա:
—Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախի կողմից ներկայացուցիչ ճշտվի Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների համար: Դրան զուգահեռ ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ այդ հարաբերությունները միշտ եղել են, որը չի հերքվում ԱՀ իշխանությունների կողմից: Արդյո՞ք Արցախի հարցի կապակցությամբ Ադրբեջանի և ԱՀ միջև բանակցություններ են ընթանում:
-Անցած օրերին Արցախի նախագահն անդրադարձավ այս կետին, որ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից Արցախի իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև շփումներ կան: Այո՛, այդպես է: Այդ շփումները հումանիտար մակարդակի են, վերջապես դիակների փոխանակման, որոնողական աշխատանքների, կոմունիկացիաների հետ կապված խնդիրներ կան, սակայն այս ամենը հումանիտար, սոցիալական ոլորտներից աստիճանաբար տեղափոխում է դեպի քաղաքական դաշտ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այս ամենն անում է հետևողականորեն, իր նախագահի շուրթերով հայտարարում է, որ այլևս չկա Ղարաբաղի հարց և Արցախում ապրող բոլոր հայերին համարում է իր քաղաքացիները և փորձում է դրա վրա կառուցել իր քաղաքականությունը: Այլ խնդիր է, թե մենք ինչ ենք անում, որքանով ենք տրվում Ադրբեջանի սադրանքներին, որքանով ենք այդ ամենն ընդունում և դրա վրա կառուցում մեր քաղաքականությունը:
Ես չեմ ուզում արժեզրկել Արցախի իշխանության ներկայացուցիչների շփումները, որոնց մասին տեղեկացված եմ: Այո, դրանք անհրաժեշտ են: Անդրադառնամ 1992-1994թթ. ժամանակահատվածի շփումներին: Իսկ ո՞վ էր ասում, որ այն ժամանակ շփումներ չկային: Պատերազմական այդ օրերին անհրաժեշտ էր հումանիտար որոշ շփումներ ունենալ և Արցախի մի քանի պատասխանատու օղակների մակարդակով տեղի էին ունենում համակարգված հարաբերություններ՝ գերիների, դիակների փոխանակում և այլն: Սա պատերազմի օրենքն է: Արդյո՞ք ռուսների ու ուկրաինացիների միջև շփումներ չկան, կան: Այդյո՞ք Իսրայելի և Պաղեստինի միջև չկան շփումներ: Իհարկե կան: Բայց սա չի նշանակում, թե կողմերից մեկը պետք է իր քաղաքական շահերը զոհաբերի կամ դրանք ստորադասի: Այստեղ է խնդիրը:
Կա մի վտանգավոր գիծ, որի մասին խոսում են Ադրբեջանի նախագահը և միջազգային դերակատարները: Ցավալի է, որ այդ մասին սկսել են խոսել ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, այստեղ կա ինտրիգ. Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ մենակ թողնել: Նրանք միտումնավոր մեզ հրում են դեպի Ադրբեջանի գիրկը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ այլ ելք չունենանք: Մենք դեմ չենք երկխոսությանը, բայց դա պետք է լինի հավասարը հավասարի հետ սկզբունքով, երկու հավասար սուբյեկտների միջև: Դա պիտի լինի նախագահների մակարդակով: Վտանգը և մտահոգող ու անհանգստացնող հանգամանքն այստեղ ՀՀ իշխանությունների կողմից բացահայտ այդ մասին խոսելն է, որը համազոր է պատասխանատվությունից խուսափելուն: Օգոստոսի սկզբներին, երբ Բերձորի, Աղավնոյի, Սուսի, ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհի հարցն էր մեջտեղ եկել, ականատես եղանք, թե ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց ՀՀ իշխանությունը: Վարչապետը և իր թիմակիցները փորձում էին ներկայացնել, իբր իրենք տեղեկացված չէին ու Արցախի իշխանությունները առանձին գիծ ունեն ու առանձին բանակցում են:
Բավականին տեղեկացված լինելով՝ հրապարակային պետք է ասեմ, որ ՀՀ իշխանությունները մենակ են թողնում Արցախին: ՀՀ իշխանությունները շատ ճարպկորեն մեզ հրում են դեպի Ադրբեջան: Ես չեմ խոսում միայն այն մասին, որ ՀՀ վարչապետն իրեն թույլ է տալիս հայկական բնակավայրերը «Էյվազլի» ու «Չայզամի» անվանել, չեմ անդրադառնում նրան, որ Արցախի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարողը հետո ասում է՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է: Սա այսբերգի երևացող մասն է: Կա դրա չերևացող մասը: Վերջապես պետք է հաշվի առնենք, որ անցած երկու տարիների ընթացքում այս փոխված իրավիճակում նոր գործելաոճ պետք է ցուցաբերել՝ ինչի մասին կարելի է հրապարակային խոսել, ինչի մասին չի կարելի հրապարակային խոսել, բայց գործել: Պրահայից առաջ կամ հետո, Բրյուսելից առաջ ու հետո այլ խնդիրներ են փորձում լուծել ՀՀ իշխանությունները: Պատահական չէ, որ երբ մեր պատվիրակությունը վերադարձել է ՀՀ-ից, հստակ ասում են՝ ունենք երկու տարբերակ՝ պլան A, պլան B:
Ես չեմ ուզում շատ խորանալ այն հարցում. հասկացողը կհասկանա, բայց ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունների համար պլան B-ն առաջնայինն է, որը նրանք փորձում են ներկայացնել որպես պարտադրված ու պարտավորված գործընթաց: Մենք հստակ հասկանում ենք՝ ինչ է խոսվում և ինչ է կատարվում: Խոսվում է մի բանի մասին, գործնականում կատարվում մեկ այլ բան: Սա պետք է հասկանա Արցախի քաղաքական էլիտան:
Մեր ժողովուրդը ճակատագրական որոշման առջև է, Արցախի խնդիրը և Արցախի հետ կապված բոլոր հարցերը համահայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն են, իսկ Հայաստանը փորձում է այս ամենը ներկայացնել այլ ձևով՝ կազատվենք Արցախից, կփրկենք Հայաստանը: Այսինքն այսօրվա զարգացող գործընթացների գինը Արցախն է: Իմ համոզմամբ 2020թ. պատերազմը կշեռքի նժարի վրա ուներ հենց այդ գինը՝ Արցախը: Այն, ինչից մենք սարսափում էինք, որ կարող է վրացական կամ այլ տարբերակով այստեղ կրկնօրինակվել, այդ ամենը կատարվեց:
-Վերջերս շատ է խոսվում խաղաղության մասին, այսպես կոչված խաղաղության պայմանագրի բանակցություններ են ընթանում, այս քննարկումները նորությո՞ւն են:
-Երբ առաջին անգամ խոսվեց խաղաղության օրակարգի և պայմանագրի մասին, ՀՅԴ խմբակցությունն Արցախի ԱԺ ամբիոնից, ՀՀ Գերագույն մարմնի ընկերները, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հանրային բեմից, փողոցային պայքարի ընթացքում հանրահավաքների ամբիոններից անընդհատ խոսում էին խաղաղության, մեր ժողովրդին խաղաղություն բերելու և խաղաղություն պարգևելու մասին: Խաղաղության պայմանագիրը դեռևս խաղաղություն չի նշանակում: Մենք տեսնում ենք, թե խաղաղության օրակարգն ինչպիսի խաղաղություն է բերում ՀՀ-ում, ԱՀ-ում: Երբ փորձում ենք խաղաղության պայմանագրի մասին խոսել, պարտավոր ենք հստակեցնել, իսկ ո՞րն է գինը: Եթե այդ գինն Արցախն է, ապա դա անընդունելի է: Ամեն ինչ պետք է անենք, որ նման ձևով խաղաղության պայմանագիր չստորագրվի:
ՀՀ-ն իր իրավական փաստաթղթերում վաղուց ամրագրել է, որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ դեռևս 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումով, 1992թ. Գերագույն խորհրդի որոշումով, 1991թ. օգոստոսի 23-ի ՀՀ անկախության մասին հռչակագրով և տարբեր իրավական փաստաթղթերով:
Արդեն սոցիալական մեդիայում, տեղեկատվական դաշտում քննարկվում են տարբեր առաջարկենր: Խոսվում է ռուսական առաջարկի՝ Խովաևի առաջարկի, եվրոպական կամ Շառլ Միշելի առաջարկների, Բլինքենի կողմից առաջարկված ամերիկյան տարբերակի մասին: Ի՞նչ են մեզ առաջարկում, արդյո՞ք այդ քննարկումների մանրամասները փոխանցվում են ԱՀ իշխանություններին: Կա Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացված տեսակետը, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի ինքնավար կարգավիճակով և որոշակի համեմատություն է անցկացվում խորհրդային ժամանակների հետ ԼՂԻՄ հետ:
Սա՞ է արդյոք 35 տարվա հայ ժողովրդի պայքարի, ազգային-ազատագրական պայքարի այս հանգրվանի արդյունքը: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ մեզ համար անընդունելի է որևէ պայմանագրի ստորագրում, որով կասկածի տակ կարող է դրվել ԱՀ գոյության փաստը, որով կարող է կասկածի տակ դրվել Արցախի անկախ պետականության իրողությունը: Հայաստանի որևէ իշխանություն չի կարող նման բան անել: Ես վստահորեն ասում եմ, որ այդպիսի փաստաթղթի ստորագրումը կունենա համապատասխան հետևանքներ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն սկզբունքներով և այն բովանդակությամբ, որով նախատեսվում է պայմանագրի ստորագրումը, չդառնա իրականություն: Այդ պայքարը կլինի Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից, էական չէ, բայց վստահ եմ, որ այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր կգործադրվեն:
-Արցախը համահայկական միասնության առանցքն էր հանդիսանում, սակայն պատերազմից հետո կարծես միտումնավոր կերպով լուսանցք է մղվում Արցախը: Դուք այդպիսի տպավորություն չունե՞ք:
-Շատ նուրբ հարց է: Շատ էինք խոսում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին: Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններն այսօր բնականոն չեն, և Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, իսկ Արցախի համար վերջին 35 տարիների ընթացքում շատ կարևոր է եղել Սփյուռքի դերակատարությունը: Սփյուռքը մեզ համար եղել է բարոյական, նյութական, քաղաքական հիմնական հենարանը: Արցախ այցելած յուրաքանչյուր սփյուռքահայ ինքն էլ վստահ է, որ Արցախը Սփյուռքը չի դիտարկել որպես նյութական միջավայր, մենք կարողանում էինք միմյանց փոխլրացնել: Սփյուռքն ապրում էր Արցախով, Արցախն էլ՝ Սփյուռքով: Արցախում սփյուռքահայ տարբեր բարերարների, կազմակերպությունների ու կառույցների կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերը դրա վառ ապացույցն են: Ես վստահ եմ՝ այսօր Արցախն ունի բավարար հիմքեր դառնալու համահայկական առանցք: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հարաբերություններ են ձևավորվել վերջին տարիներին Սփյուռքի և Հայաստանի միջև: ՀՀ իշխանությունները միտումնավոր քանդում են Սփյուռքը, փորձում այնտեղ գործող ավանդական կառույցներին զուգահեռ ստեղծել նոր կառույցներ, եղածը ջարդել: Լուրջ անդունդ է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի միջև, ամեն ինչ պիտի անենք, որ այդ անդունդը չլինի Արցախի և Սփյուռքի միջև:
Շատ ցավալի մի երևույթ է նկատվում: Շփումներ ունենալով սփյուռքահայ տարբեր անհատների, գաղթօջախների հետ, ապշել եմ այն բանից, որ Սփյուռքում արդեն կարծրանում է այն մտայնությունը, թե Արցախն այլևս չկա: Չեն ուզում ոչ միայն ներդրումներ կատարել, այլև տարբեր սոցիալական ծրագրերի մասնակցել: Հայաստանի իշխանությունների և հատկապես Սփյուռքի հանձնակատարի թեթև ձեռքով արմատավորում է այդ մտայնությունը: «Հայաստան» համահայկական հիմանդրամի անգործությունը ևս նպաստում է այդ մտայնության խորացմանը: Առաջիկայում կազմակերպվելու է համահայկական գագաթնաժողով: Նայեք օրակարգը, մոտ չորս օր տևող այդ գագաթնաժողովի ընդհանուր օրակարգում չկա Արցախը, Արցախին հատկացվել է ընդամենը մեկ ժամ 15 րոպե և այն էլ խարույկի շուրջ հանդիպում ՀՀ ԱԳՆ, անվտանգության խորհրդի և Արցախի ներկայացուցիչների հետ: Իմ տեղեկություններով՝ առայսօր ընդամենը երկու հրավեր է ուղարկվել Արցախին, իսկ մենք գիտենք, որ Սփյուռք-Հայաստան համաժողովների ժամանակ ինչպիսի ներկայացուցչական կազմով էր Արցախը մասնակցում, ինչպիսի քննարկումներ էին տեղի ունենում, ինչպիսի օրակարգային հարցերում Արցախը ներգրավվածություն ունենում ու բոլորի համար Արցախը հետաքրքրության հիմնական առանցքներից մեկն էր:
Հետպատերազմյան շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևողականորեն Արցախում իրականացվող ծրագրերը դադարեցրել է և այստեղ գրեթե ծրագրեր չի իրականացնում: Ոչ միայն փակվել է հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակը, և այսօր Արցախում պաշտոնական ներկայացուցիչ չունեն, այլ նաև ծրագրերն են սահմանափակել: Ինչպես ընդունել այն փաստը, որ հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ փորձել են փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ և դրանց հետևանքով հանել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը, ներկայացուցիչները չեն այցելում Արցախ: Ես ուզում եմ առիթը օգտագործել և սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին ասել՝ նախ սատար կանգնեք Արցախին, Արցախը կա, Արցախն ունի Սփյուռքի, մայր հայրենիքի կարիքը, Արցախն իր որդեգրած ճանապարհով առաջ է գնալու ձեզանով կամ առանց ձեզ, բայց երբ մենք միասնական ճակատում ենք, հաջողությունները երաշխավորված են: Սրանք կենցաղային խոսքեր չեն: Մենք այստեղ ենք և մեր պայքարը շարունակելու ենք: Այս պատգամն ուղղված է ոչ միայն սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին, այլ նաև համաշխարհային բոլոր խաղացողներին, մեր հակառակորդներին ու թշնամիներին: Բոլորը լավ պիտի հասկանան, որ պայքարի ոգին Արցախում չի մարել:
-Արցախում պետականության պահպանման համար կա՞ արդյոք միասնականություն: Քաղաքական ուժերն ու հոսանքները արդյո՞ք պատրաստ են համախմբվել այս գաղափարի շուրջ:
-Ընդհանուր առմամբ, այո՛: Ինչպես ՀՅԴ, այնպես էլ ընդդիմադիր դաշտի մյուս կուսակցությունները լուրջ դերակատարություն ունեն այդ միասնականությունն ապահովելու գործում: Չեմ ուզում թերագնահատել իշխանական կուսակցություններին, բայց նախաձեռնությունների հիմնական բաժինը ընդդիմադիր դաշտի կուսակցություններինն է: Ցանկալի կլիներ, որպեսզի բոլորի կողմից լինեին այս նախաձեռնությունները: Սա իշխանությանը վերապահված գործառույթ է, և ինքը պիտի նախաձեռնի: Տարբեր նախաձեռնություններ, որոնք արտահայտվում են հայտարարությունների տեսքով, ի հայտ են գալիս միասնական դաշտում: Պատահական չէ, որ հետպատերազմյան շրջանում գրեթե բոլոր հայտարարությունները և մեր բոլոր գործողությունները միտված էին միասնականության մթնոլորտի պահպանմանը: Արտախորհրդարանական ուժերը ևս իրենց քայլերով սատար են կանգնում խորհրդարանական ուժերին: Ողջունելի է ապրիլի 14-ին Ազգային ժողովի հայտարարությանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից միանալը: Այս ճակատագրական ժամանակաշրջանում միասնական քննարկումների և միասնական քայլերի մեջ է մեր հաջողությունների գրավականը: Մենք պետք է սա ընդունենք որպես գործելաոճ և անկախ նրանից, թե որևէ քաղաքական միջոցառում որ քաղաքական ուժի նախաձեռնություն է, եթե այն ուղղված է հանուն Արցախի, պետք է գիտակցաբար միանալ ու ցուցաբերել պատասխանատու կեցվածք:
Ավելացնեմ, որ ականատես ենք եղել ՀՀ իշխանությունների կողմից Արցախի քաղաքական դաշտը տրոհելու որոշակի քայլերի: Սա այսբերգի չերևացող մասն է: Մենք համապատասխան ջանքեր ենք գործադրել չեզոքացնելու այդպիսի դրսևորումները: Տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ խորհրդարանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները թույն թափում Արցախի քաղաքական տարբեր գործիչների, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կարևորում եմ Արցախում առկա միասնականությունը և մեր բոլոր ջանքերն ուղղելու ենք, որպեսզի պահպանվի միասնական ճակատը:
Զրուցեց՝ Տաթևիկ Աղաջանյանը