Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեք տարի առաջ այս օրը հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհվեց հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գևորգյանը:
Այսօր` ժամը 17:00-ին, տեղի է ունենալու այցելություն Վանաձորի զինվորական պանթեոն: Ժամը 18:00-ին Զինավանին (ԴՈԻՑ) կից Ամենափրկիչ Զորավոր մատուռում տեղի կունենա միջոցառում` նվիրված Զորիկ Գևորգյանի հիշատակին: Միջոցառման խորագիրը Զորիկի խոսքերն են` «Հայը պետք է պայքարի... զենքով պայքարի»:
Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Նրա հայրը եղել է զինվորական։ Զորիկը դեռ մանկուց մեծ սեր ու հակում է ունեցել ռազմական գործի նկատմամբ։ 2006 թվականին նա ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ սկզբում ընտրելով հետևակի, այնուհետև՝ 4-րդ կուրսում, հետախույզի մասնագիտացումը։ 2010 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցնում ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչման և տեղափոխվում ՊԲ Մարտակերտի զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար։ Կարճ ժամանակամիջոցում Զորիկը սիրվեց տեղացիների կողմից, իսկ վաշտը դարձավ զորամասի լավագույններից մեկը։
2014 թ. օգոստոսի 2–ի գիշերը, նպատակ ունենալով վրեժ լուծել նախօրեին կրած կորուստների համար, ինչպես նաև, ըստ ամենայնի, առաջադրանք ունենալով գրավել հայկական դիրքը, թշնամու ուժեղացված խումբը հարձակում է գործում նույն դիրքի վրա, որի ուղղությամբ հարձակվել էր հուլիսի 26-ին։ Դիրքի պաշտպանությունն այդտեղ այդ գիշեր վստահված էր Զորիկ Գևորգյանին և նրա ենթակայության տակ ծառայող զինվորներին: Շուրջ 15 րոպե տևած մարտում հանկարծակիի եկած թշնամին, կորուստներ տալով, նահանջում է։ Մարտի ընթացքում Զորիկը գլխի շրջանում մահացու խոցում է փշալարը քանդել փորձող թշնամու դիվերսանտին: Թշնամին սկսում է կրակ տեղալ Զորիկի կրակած ուղղությամբ, սակայն նա շարունակում է կռիվը՝ հմտորեն փոխելով դիրքը և մեկական թիրախային կրակոցներ ուղղելով թշնամու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, Զորիկը այդ գիշեր թշնամու ուղղությամբ արձակեց 29 կրակոց։ Զննադիտարկելով հայկական դիրքից տեղացող կրակների ուղղությունն ու օրինաչափությունը՝ թշնամու դիպուկահարը հարևան դիրքից գլխի շրջանում մահացու վիրավորում է հասցնում Զորիկ Գևորգյանին։
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թ. օգոստոսի 2-ի հրամանագրով Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2015 թ. օգոստոսի 16-ին Զորիկի քեռու կողմից Իջևանի Ծաղկավան գյուղի լեռան վրա կանգնեցվել է վեց մետր բարձրությամբ խաչ։
2014 թ. նոյեմբերի 25-ից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանը կոչվում է Զորիկ Գևորգյանի անվամբ, 2015 թ. մարտի 2-ից` Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցի 6-րդ դասարանը, 2015 թ. հուլիսի 7-ից` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետախուզության լսարանը:
Ճանաչենք մեր հերոսներին: