կարևոր
3517 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 19:55
Արցախ Քաղաքական

Արցախի եւ Հայաստանի փրկությունը Փաշինյանի հրաժարականն է

Արցախի եւ Հայաստանի փրկությունը Փաշինյանի հրաժարականն է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել անցած շաբաթ Երեւանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների արդյունքները։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները հաճախ խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին, բայց խուսափում են հրապարակայնորեն խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից։

«Այս պատվիրակությունից առաջ էլ՝ սեպտեմբերին, մենք էինք Հայաստան եկել, մեզ ասել էին, որ Արցախի հարցի լուծումը արցախցիների ձեռքին է, Հայաստանը պատրաստ է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում։ Բայց մեկ այլ բան է, երբ կաբինետներում նման բան են ասում, մի ուրիշ բան, երբ պաշտոնական հայտարարություններ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին չկա։ Հիմա Ալիեւն էլ ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ եւ որեւէ մեկը չի հակադարձում նրան, ո՞նց հասկանանք սա։ Որեւէ մեկի լեզուն չի պտտվում ասի՝ ինչի՞ մասին է խոսքը, հիմա ես ո՞ր մեկին հավատամ, փակ հանդիպումներում տված հավաստիացումներին, թե այն գործընթացներին, որոնք ընթանում են, խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, որն ըստ տեղեկությունների՝ պետք է մինչեւ տարեվերջ կնքվի»,– ասաց Արթուր Մոսիյանը՝ հավելելով, որ ինքը չի հավատում փակ հանդիպումների ժամանակ տված հավաստիացումներին։

«Փափուկ բարձ են դնում Արցախի իշխանությունների, հասարակության գլխի տակ։ Իրականում Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով շարունակում է կործանարար քաղաքականությունը, որի հետեւանքով Արցախն ու Հայաստանը վտանգված են»,– ընդգծեց նա։

Արցախցի պատգամավորը Արցախի եւ Հայաստանի փրկությունը համարում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Եթե Հայաստանի իշխանությունը մտածում է, որ Արցախը տալով կամ զիջելով, ինքը Սյունիք կամ մյուս օրն էլ Երեւանը չի կորցնելու, ապա չարաչար սխալվում է։ Մարդիկ ավելի շատ զբաղված են ինչ–որ աճպարարությամբ, քան Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին մտածելով։ 44–օրյա պատերազմի աղետալի պատերազմից երկու տարի անց ի՞նչ ունենք, դատեք ինքներդ»,– հավելեց Մոսիյանը։

Աղբյուրը՝ NEWS.am