Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից հայկական տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հնարավոր մահվան մասին լուրը՝ ակնհայտ դրական լույսի ներքո։ Հիմա որպես թյուրքագետ ձեզ պատմեմ իրականությունը` ընդամենը 7 կետով։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Էրդողանը չի մահացել։ Երեկվանից շրջանառվող լուրերը կաթվածի և ծայրահեղ ծանր վիճակում լինելու մասին որևէ փաստական հիմք չունեն։ Ընդ որում՝ այդ լուրերը պարբերաբար հայտնվում են լրահոսում։ Հավանաբար կհիշեք, որ պատերազմից առաջ երկար ժամանակ Ալիևի հիվանդ և մահամերձ լինելու մասին ևս «արժանահավատ» լուրեր էին տարածվում։
Էրդողանը անցնող երկու օրերի ընթացքում էլ ավելի է մեծացրել իր հանդեպ հանրային համակրանքը՝ «գործնականում» ապացուցելով, որ «իրեն չի խնայում հանուն ժողովրդի»։
Անկախ վատառողջ լինելու մասին լուրերին՝ մոտալուտ ընտրություններում (մայիսի 14) Էրդողանի վերընտրությունը շատ հավանական է։ Թուրքիայի քաղաքական համակարգն ու մշակույթը խորքային, այլ ոչ թե մի քանի արտասահմանյան լուրերով ու դավադրապաշտություններով ճանաչող մարդը գիտի, թե որքան մեծ հանրային աջակցություն ու ինչ ահռելի վարչական-քաղաքական ռեսուրսներ ունի Էրդողանը ընտրություններում հաղթելու համար։
Իսկ հիմա ամենակարևորը. Թուրքիան լուրջ պետություն է, որտեղ քաղաքական համակարգի առջև դրված նպատակները և հատկապես արտաքին քաղաքականությունը չեն փոխվում՝ պայմանավորված մեկ անձով։ Էրդողանն այսօր իրականցնում է այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը համապատասխանում է Թուրքիայի ազգային-պետական շահերին, որոնք էլ, իրենց հերթին, սահմանվել են դեռևս Թուրքիա պետության հիմնադրման ժամանակ՝ 1918-1923 թվականներին։
Այսպիսով, Էրդողանի մահով, պարտությամբ կամ որևէ այլ հանգամանքով, և մեկ այլ թուրք քաղաքական գործչի՝ ղեկավար ընտրվելով պայմանավորված Թուրքիայի՝ Հայաստանի ու հայության հանդեպ նպատակներն ու իրականացրած ծրագրերը չեն փոխվելու։ Կարող են լինել միայն որոշ ոճային/մարտավարական փոփոխություններ, բայց Թուրքիան շարունակելու է ձգտել Հարավային Կովկասը լիարժեք նվաճել ու վերացնել անկախ հայկական գործոնը։ Ուստի մեզ այս առումով չպետք է հետաքրքրի, առավել ևս՝ հուզական կարեկցանք չպետք է առաջացնի Թուրքիայի ներքաղաքական մրցակցությունը։
Տեղին է հիշել այս օրինակը։ Թուրքիայի պատմության ամենաժողովրդավար ու արևմտամետ գործիչը վարչապետ Բյուլենթ Էջևիթն էր, ով չնայած իր «ժողովրդավարական» ու «կիրթ մարդու» կերպարին, 1974 թ. գրավեց անկախ Կիպրոսի 40%-ը՝ այնտեղ ստեղծելով թուրքական պետություն։ Մեկ տարուց՝ 2024-ին կլրանա ուղիղ 50 տարին՝ ինչ Կիպրոսը մնում է գրավված։ Այպիսի օրինակները բազմաթիվ են։
Եվ վերջինը. Հայաստանի փրկությունը ուրիշ երկրների ղեկավարների մահվան մեջ չէ, այլ՝ մեր պետության վերածննդի։ Քանի դեռ չունենք հայկական կառավարություն, որը կսահմանի ու կհետապնդի մեր ազգային շահը, Թուրքիայի կամ Ադրբեջանի թուլանալու պարագայում նույնիսկ մենք միևնույն է շարունակելու ենք պարտվել։ Այս պահին Հայաստանում չկա հայկական իշխանություն, այն թուրքամետ է։ Ուստի միակ հույզը պետք է լինի կապված Հայաստանի ազատագրության հետ։