կարևոր
3343 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 16:54
Քաղաքական

Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը. Միրզոյան

Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը. Միրզոյան

Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցություններում չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումներն, ինչ Լաչինի միջանցքը: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանն առ այն, թե իբր «Ադրբեջանն իրավացիորեն է ասում, թե Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը»:

Միրզոյանը ընդգծեց՝ այդ ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում:

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը: Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի, որ իր անունից ասի: Ադրբեջանն այդպիսի բան չի ասում»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ իրավացիորեն որևէ կողմ չի էլ կարող այսպիսի բան պնդել, քանի որ կարգավորումները տրված են 2020  թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ: Երկու հայտարարություններն էլ հրապարակային են:

«Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ հայության համար և կա հաջորդիվ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Խոսվում է նաև Նախիջևանի հետ նոր կապուղու մասին: Մենք այս առումով մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք, այն չի փոփոխվել, բոլոր ճանապարհները՝ այդ թվում և գործողները, և ենթադրաբար նոր կառուցվելիքները, պետք է գործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ իր սուբյեկտիվ  ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա: Նա լավատեսություն հայտնեց, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել: