Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նույն գործով նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է անցնում:
168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանի գործընկեր, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանն ասաց՝ խոչընդոտում են իր ներգրավումը՝ որպես Էրիկ Ալեքսանյանի պաշտպան:
«Պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին՝ մասնավորապես փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առերևույթ հանցակազմի հետ կապված: Այսօր առավոտվանից ինձ չեն ներգրավում որպես Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպան բանավոր մեկնաբանություններով»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը:
Վերջինիս խոսքով՝ ինքը դիմում է ներկայացրել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի անունով՝ կապված գործում իր ներգրավման հետ:
«Դիմումին կցված է եղել նաև Էրիկ Ալեքսանյանի հարազատ քրոջ դիմումը, որ ներկայացնեմ նրա շահերը, սակայն ապօրինի կերպով խոչընդոտում են՝ բանավոր մեկնաբանելով՝ իբրև չեմ կարող ներգրավվել, քանի որ այդ նույն վարույթով իրականացրել եմ որոշակի անձի շահերի պաշտպանություն»,- ասաց փաստաբանը:
Ժիրայր Ղարագյոզյանը նշեց՝ դիմել է, որ իրեն տրամադրեն գրավոր մերժում, որպեսզի կարողանան օրենքով սահմանված կարգով այն բողոքարկել:
«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ամեն կերպ ապօրինի կերպով փորձում են լռեցնել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ խախտելով նրա հիմնարար սահմանադրական իրավունքները: Սա խայտառակություն է: Անհրաժեշտության դեպքում գնալու ենք մինչև Եվրոդատարան: Սա քաղաքական պատվեր է: Սա մեզ հայտնի գործելաոճն է այսօրվա իշխանության՝ փաստաբանի նկատմամբ հարկադրանքի այսպիսի բիրտ ուժ կիրառելը՝ «մասկի-շոու» անելով»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը:
Ըստ նրա՝ սա վրեժխնդրություն է առ այն, որ բազմաթիվ քաղաքական գործերով պաշտպանություն իրականացնելու ընթացքում սուր քննադատություն է իրենց կողմից հնչել օրվա իշխանությունների և իրավապահ մարմինների, այդ թվում՝ առավելապես ԱԱԾ-ի հասցեին:
«Բոլորն են ճանաչում Էրիկ Ալեքսանյանին՝ որպես փաստաբանի, ով օրենքի տառին համապատասխան է մշտապես իրականացրել իր մասնագիտական գործունեությունը: Սա չնչին պատրվակ է՝ ներազդելու Էրիկ Ալեքսանյանի գործունեության վրա»,- եզրափակեց Ժիրայր Ղարագյոզյանը:
Աղբյուրը՝ 168.am