Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:
Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը:
Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ: Խնդրի լուծման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքներում նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն իրականացվելու է պետական դրամաշնորհի միջոցով:
Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհային ծրագրի մրցույթը նախատեսվում է անցկացնել առաջիկայում: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող 8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ համայնքային որևէ կառույցի տարածքում: Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաև համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը: Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն:
Առաջնային խնդիրը նախադպրոցական հաստատությունների համար սահմանված նորմատիվ պահանջների ապահովումն է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքից զարգացման և կարողությունների ընդլայնման հնարավորություն ունենալուն: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում:
Նշենք, որ ներկայումս, համավարակով պայմանավորված, նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով քննարկումներ են ընթանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունների միջև: Ծառայությունների ընդլայնման վերաբերյալ քննարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կիրազեկվի վերջնական որոշման կայացումից հետո: