կարևոր
2650 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-11 16:57
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը: