|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մեղադրել է Թուրքիայում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու մեջ: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Անկարայում նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հանդիմանել է շվեդ նախարարին այն բանի համար, որ նա Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից: Թուրքիայի ԱԳ նախարարը Շվեդիային մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու, ինչպես նաև Հունաստանի կողմից միգրանտների նկատմամբ ենթադրյալ «դաժան վերաբերմունքի» կապակցությամբ լռելու մեջ (Հունաստանը հերքում է այս պնդումը):
Ի պատասխան, Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ հյուր է և չի ցանկանա բանավեճի բռնվել:
«Ես պարզապես հույս ունեմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն կունենան իրենց կարծիքներն արտահայտելու այնպես, ինչպես դուք եք դա անում, նախարա՛ր»,- նշել է Լինդեն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Շվեդիայի ԱԳ նախարարի դիտարկումը նուրբ քողարկված հղում էր Թուրքիայում խիստ քննադատական կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը՝ ներառյալ տասնյակ լրագրողների և քրդամետ քաղաքական գործիչների բանտարկությունը։