կարևոր
4288 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-23 12:53
Քաղաքական

Արցախի Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման. առաջարկվում է անցնել կիսանախագահական համակարգի

Արցախի Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման. առաջարկվում է անցնել կիսանախագահական համակարգի

Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

«Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ Հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության Նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:

«Այսպես, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը և ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար է» լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում:

Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին:

Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից:

«Ի լրումն գործող իրավակարգավորումների՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կարող է առաջարկել քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Պետք է նշենք, որ կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում: