Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի օրակարգից հանվել էր Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պատգամավորական հայտարարությունների շրջանակում մի շարք պարզաբանումներ է տվել հարցի մասին․
Մտադրված չէի հայտարարության տեքստով հանդես գալ, բայց այսօրվա հարցուպատասխանից հետո ես կցանկանայի մի շարք շեշտադրումներ անել և իրականությունն ասել, որը, ցավոք սրտի, թե հասարակության շրջանում, թե այլ տիրույթներում միտումնավոր կամ ոչ աղավաղվում է։ Խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, փաթեթը շրջանառությունից հանելուն։ Թյուր կարծիք կա, որ Ազգային ժողովի խմբակցությունները սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել են իրենց լիազորություններն ավելացնելու համար։ Պարոն Հարությունյանն այսօր իր խոսքում շեշտեց, որ դա անձամբ իր առաջարկությունն է և, խորհրդակցելով քաղաքական ուժերի հետ, եկել է այդ եզրակացությանը։ Այո, այդպիսի բան եղել է։
Բայց ինքը շեշտեց, որ իշխանության գերկենտրոնացում է եղել, հիմա այդպիսի խնդիր չկա։ Այո, բայց դրա հետ միասին մի քանի պատճառներ կան։ Քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցությունների ժամանակ պարոն Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և թե նախագահի, թե Ազգային ժողովի, առհասարակ իշխանության մարմինների նկատմամբ վստահության պակասը, ճիշտ կլինի նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթաց և նշվել են մի շարք այլ պատճառներ։ Նախ, գործող Սահմանադրության մեջ կան խնդիրներ, որոնց մասին մենք ժամանակին ասել էինք։ ԱՀ նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրությունն ազգային անվտանգության առումով վտանգ է պարունակում, քանի որ մեկին ինչ-որ բան լինելու դեպքում, մյուսն արձակվում է։
Ուստի պետք է՝
ա․ նախագահականից անցում կատարել կիսանախագահական համակարգի,
բ․ ընտրությունների միջոցով ավելացնել և խորհրդարանի, և նախագահի, և իշխանության մյուս մարմինների վստահության պաշարը,
դ․ բացառել միաժամանակյա ընտրությունը։
Բացի դրանից, 2025թ․ նաև խաղաղապահների առաջին ժամկետն է ավարտվում և մենք պետք է ունենանք ավելի երկար ժամկետով ընտրված իշխանություն։ Սրանք են հիմնական պատճառները և բոլոր քաղաքական խմբակցությունները եկել են այն եզրակացության, որ փոփոխություններն անհրաժեշտ են։ Ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, մենք մասնագիտական հանձնաժողովում չկայինք, բայց հայեցակարգային մոտեցումներում մենք մեր առաջարկությունները տվել ենք, եղել է համախոհության մթնոլորտ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն միասնության։
Մենք համախոհությամբ, հաշվի առնելով որոշ անվտանգային և այլ բաղադրիչներ, առաջարկություն ենք ներկայացրել։ Վերջը ստացվել է այն, ինչ ստացվել է։ Եվ ամենակարևորը․ ցանկացած սահմանադրական հանրաքվե, անկախ արդյունքներից, ևս մեկ քար է մեր պետականության հիմքին, որն այսօր անորոշ ժամանակով հետաձգվեց։ Իսկ ինչ վերաբերում է այդ առաջարկություններին, հասարակական կազմակերպությունների մի մասը ես վստահ եմ, որ իրոք մտահոգ է, մյուս մասի վերաբերյալ հետո կխոսենք։ Մեր հասարակությունը պարտավոր է իրականությունն իմանալ։
Վերջին մի քանի ամիսներին ի դեմս Ազգային ժողովի մենք տեսել ենք միասնականություն և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու առումով այդ միասնությունը պահպանելը շատ կարևոր է։ Պետք չէ արհեստական խոչընդոտներ ստեղծել և հետո սկսել «հերոսաբար» հաղթահարել դրանք՝ իբր միասնության անվան։ Պետք է վերջ տալ այդ իմպրովիզացիաներին, իսկ խելացի առաջարկությունները՝ ժամանակին ընդունել։ Նույնն էլ եղել է Գերագույն դատարանի մասով։ Եթե գործող Սահմանադրությամբ կարողանում ենք որոշ հոդվածներ փոփոխել, հիմա ընդամենը թիվն ենք մեծացնում, ի՞նչն է այդտեղ հակասահմանադրական։ Վերջիվերջո այդ իրավունքը տալը կամ մերժելը ևս ժողովրդի կամարտահայտությամբ է լինելու։
Սա է իրականությունը։ Մնացածը մանիպուլյացիա է։