կարևոր
11245 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 15:20
Հասարակություն

Թուրքական սերիալները՝ որպես «մշակութային պատերազմի» գործուն հարթակ

Թուրքական սերիալները՝ որպես «մշակութային պատերազմի» գործուն հարթակ

Վերջերս հայտնի դարձավ, որ ծրագրվում է թուրք-ադրբեջանական համատեղ հեռուստասերիալ նկարահանել Արցախյան պատերազմի թեմայով: Հատկապես պատերազմից հետո Ադրբեջանը մշակութային ոլորտում ակտիվ քարոզչական պատերազմ է մղում. հայկական մշակութային կոթողների վայրագ ոչնչացումը գրավյալ տարածքներում ուղեկցվում է պատմական իրողությունների խեղաթյուրմամբ, և նույն այդ կոթողների յուրացման փորձերը շարունակական բնույթ են կրում: Պարզ է, որ նախատեսվող թուրք-ադրբեջանական ֆիլմը համեմված է լինելու բազմապիսի քարոզչական «արկերով» և նորանոր կեղծիքներով: Ընդհանրապես, ներկայիս պատերազմները, ինչպես հայտնի է, աչքի են ընկնում «զինանոցի» բազմազանությամբ և ազդեցության տարաբնույթ  ձևերի զուգակցմամբ: Ավելի հաճախ կիրառվում են «համոզելու» միջոցով գիտակցության վրա ազդելու մեթոդները: Այս առումով կարևոր միջոցներ են զլմ-ները, հեռուստատեսությունը․․․

Վերջին տասնամյակների թուրքական ֆիլմարտադրությունը, հատկապես՝ սերիալները, ժողովրդականություն են վայելում ոչ միայն Թուրքիայում, այլև նաեւ՝ դրա սահմաններից դուրս: Հետևելով սրանց բովանդակային, գաղափարական ենթատեքստերին՝ դժվար չէ նկատել, որ նպատակադրված կերպով քարոզվում է Թուրքիայի հզորության գաղափարը: Դրանք նաև Թուրքիայի անցյալի խութոտ ու կնճռոտ դրվագների նպատակային հարթեցման նպատակ են հետապնդում:

Հաշվի առնելով ներկայիս Թուրքիայի հավակնոտ դիրքավորումները համաշխարհային գործընթացների համայնապատկերում՝ մեկնաբանությունների համար խնդրեցինք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանին ներկայացնել, թե իր՝ որպես մասնագետի, տեսանկյունից, ի՞նչ դեր է վերապահված կոնկրետ գաղափարական ներգործության այս հարթակին:

– Անշուշտ, այն կետերում, որտեղ ուժի կիրառումը որոշակի խնդիրներ կարող է հարուցել, այդ բացը լրացնելու է գալիս գաղափարական, «փափուկ ներգործությունը» մարդկանց գիտակցության կամ ենթագիտակցության վրա: Այս առումով ֆիլմերի արտադրությունը լայն հնարավորություններ  է ընձեռում սեփական պատմությունն ու ժառանգությունը ներկայացնելու հենց այն փաթեթավորմամբ, որը շահեկան է տվյալ երկրի հեղինակությանը: «Խելացի» երկրները օգտվում են այս հարթակից: Այս առումով Թուրքիան պետականորեն նշանակալի աշխատանք է իրականացնում ֆիլմերի արտադրության ոլորտում՝ այդ նպատակով ոչ մի միջոց չխնայելով: Հատկապես թուրքական պատմական սերիալներում ընդգրկված է լավագույն դերասանական կազմը, սցենարները խորապես մտածված և հոգեբանորեն մշակված են: Որպես փաստ նշենք, որ ամերիկյան սերիալներից հետո թուրքական սերիալները սպառողական շուկայում երկրորդ տեղն են գրավում, այսինքն՝ մեծ պահանջարկ են վայելում համայն աշխարհում: Թուրքիան, հատկապես վերջին շրջանում, այս առիթն սկսեց օգտագործել ոչ միայն շահույթ ունենալու, այլ նաև քարոզչական առումով: Սա հաջողությամբ իրականացվում է թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանի համար: Պատմական սերիալներից հատկապես մեծ հաջողություն վայելեց  «Փառահեղ դարաշրջանը», որ նվիրված է Սուլեյմանի կառավարման տարիներին, երբ Օսմանյան կայսրությունն, ինչպես հայտնի է, հասել էր իր հզորության գագաթնակետին, կայսրության սահմանները հասել էին մինչև Վիեննայի դարպասները: Սուլեյմանի մասին սերիալում ընդգծվող հիմնական գաղափարն այն է, որ թուրքերը արդար են, բայց և նվաճող, և իրենց կատարած ոճիրներն արդարացնում են հատկապես «անհավատների» դեմ «արդար, աստվածահաճո» պայքարով: Հետաքրքիր է, որ այս սերիալն ընդունեցին նմանապես այն ժողովուրդները, որոնք տվյալ իրադարձությունների ժամանակ եղել են Օսմանյան տիրապետության տակ: Այն դիտում էին և՛ պատմաբանները, և՛ տնային տնտեսուհիները՝ թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում: Եթերում լինելուց տասը տարի անց էլ այս սերիալը դեռ գովազդվում է համայն աշխարհում:

Պատմական սերիալները միտված են երկրի ներսում հայրենասիրությունը, ազգային հպարտությունը, ազգայնամոլությունը բարձրացնելուն: Աթաթուրքի խոսքերն են. «Որքան երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»: Ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությունը իր ձեռքն է վերցրել նման սերիալների վերահսկողությունը և ուղղորդումը՝ քարոզչական նպատակներով: Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության պատրաստած և հեռարձակվող սերիալներից է նաև Աբդուլ Համիդին նվիրված «Մայրաքաղաք. Աբդուլ Համիդ» սերիալը: Ինչպես գիտենք, Աբդուլ Համիդը համայն աշխարհում, հատկապես Եվրոպայում հայտնի է ՝որպես «Կարմիր սուլթան», «Արյունարբու սուլթան», որի կառավարման ընթացքում հատկապես տուժել, տառապել են քրիստոնյա ժողովուրդները: Սակայն սերիալի միջոցով թուրքական պաշտոնական քարոզչությունը փորձում է նրան ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո. այստեղ նա հաղթ, համակրելի արտաքին ունի, բարեպաշտ է, արդարամիտ, կիրթ, մի քանի օտար լեզուների է տրապետում, նույնիսկ քաջ է, երբ հայտնի փաստ է, որ նա հետապնդման մոլուցք ուներ, այնքան էր վախենում իր կյանքի համար, որ մնում էր ոչ թե Դոլմա Բահչեի նման հսկայական պալատում, այլ ավելի փոքր՝ Յըլդըզ կոչվածում: Լուսանկարներում էլ նրա տեսքը բոլորովին չի համընկնում նրան վերագրված այս հատկանիշների հետ:

Նույն սերիալում հայերը ներկայացվում են՝ որպես դավաճաններ, թիկունքից հարվածողներ: Այսինքն՝ ինչպես թուրք պատմաբաններն են կեղծում պատմությունը, այնպես էլ զանգվածային անտեղյակ լսարանի համար այս հնարքներով է քարոզչություն տարվում: Այս ամենը, իհարկե, լավ պատմաբանների ծիծաղը կշարժի, և մասնագետները կդժվարանան այս կեղծիքները մինչև վերջ դիտել: Սակայն նման սերիալները պատմությունից լիովին կամ մասամբ անտեղյակ լայն զանգվածների վրա ներգործելու մեծ ներուժ ունեն:

Մեկ այլ՝ գլխավոր հերոսի անունով «Ազիզ» կոչվող սերիալում ներկայացվում է Ալեքսանդրեթի շրջանը, կամ թուրքերեն տարբերակով՝ Իսքենդերունը, որը 1920թ. Ֆրանսիայի մանդատի ներքո կցվել էր Սիրիային, իսկ հետագայում՝ 1936թ., վերստին բռնակցվեց Թուրքիային: Ուշագրավ է, թե այս սերիալում ինչպիսի դրական հատկանիշներով են օժտված ազգությամբ թուրք հերոսները, մինչդեռ ֆրանսիացի կերպարները ներկայացվում են տգեղ, վախկոտ ու անազնիվ կերպարով: Այսպես, ինչպես հայտնի է, 17-ից 19-րդ դարերում Օսմանյան կայսրության վերնախավը ձգտում էր արևմտականացման: Այն ժամանակ թուրքերի մի մասը փորձում էր եվոպական տեսք ստանալ, արևմտյան արժեքներ ու գաղափարներ որդեգրել: Մինչդեռ այս սերիալում եվրոպացիները ներկայացվում են տգետ, անճաշակ, անգամ տգեղ ու եվրոպացուն ոչ բնորոշ արտաքին ունեցող դերասաններով:

Թուրքական սերիալները պայմանականորեն կարելի է երեք հիմնական կատեգորիաների բաժանել՝ զուտ կենցաղային, պատմական և քաղաքական: Բայց անգամ կենցաղային բնույթի սերիալներում որոշակի պատմական խեղաթյուրված իրադարձություններ են հանդիպում: Օրինակ՝ «Հուսալքված տանտիրուհիներ» կենցաղային ֆիլմում, որն իրականում ամերիկյան համանուն սերիալի նմանակումն է, երբ հերոսուհիներից մեկը խոսում է Թուրքիայի կողմից Կիպրոսի գրավման ընդհարումներում նահատակված հոր մասին, դարձյալ փորձ է արվում հիշեցնել իրենց «մեծ նվաճումների» մասին:

Անդրադառնալով քաղաքական սերիալներին՝ կարելի է առանձնացնել «Խոստում» սերիալը, որ նվիրված է ՊՆ հատուկ նշանակության զորքերին, որ տարբեր «կարևոր» առաջադրանքներ են իրականացնում հատկապես Սիրիական պատերազմում: Նույն թեման արծարծվում է նաև անցյալ տարի նկարահանված «Կազմակերպություն» («Թեշքիլաթ») սերիալում, որ նվիրված է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գործունեությանը: Հայերիս, ցավոք, քաջ հայտնի է «Թեշքիլաթը Մահսուսա» կազմակերպությունը, որ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը: Ժամանակակից թուրքական հետախուզությունը սերում է հենց այս կազմակերպությունից: Այստեղ, ինչպես և «Խոստում» սերիալում, թուրք տղամարդիկ շատ վեհանձն են, բարի, խիզախ: Հատկանշական է, որ «Թեշքիլաթ» ֆիլմում անդրադարձ կա նաև ԱՍԱԼԱ-ի գործունեությանը: Ինչպես «Կազմակերպություն» սերիալում, այնպես էլ «Խոստումում» Թուրքիայի իրականացրած և իրականացվող բոլոր գործողությունները, որ զավթողական բնույթ ունեն, օրինակ՝ Սիրիա ապօրինի ներխուժումը, համեմեմվում ու ներկայացվում են բազմաթիվ «արդարացնող» փաստարկներով, օրինակ՝ որպես  ահաբեկչության դեմ պայքար:

Այս սերիալների խնդիրը, չնայած թվացյալ չեզոքությանը, բավականին լուրջ է: Ցավոք, Հայաստանում շատերը դիտում են դրանք, և հատկապես վերջերս նկատված՝ պատմության վերաբերյալ հասարակության մեջ առկա բացի պայմաններում, անքննադատ կերպով սկսում են դիտել պատմական խեղաթյուրված անցքերը:

Վերջերս նկարահանվել է ընտանեկան հարաբերությունների շուրջ «Հայր» սերիալը, որի ցուցադրությունը սեպտեմբերից վերսկսվել է: Այս ֆիլմը փակագծերում ներկայացվում է որպես՝ «Մի անատոլիական պատմություն»: Ֆիլմում ներկայացվում է ավանդապաշտ մի ընտանիք, որ հանգամանքների բերումով, ստիպված է լինում բնակություն հաստատել Ստամբուլում: Ներկայացվում են նրանց ավանդույթները, որոնք իբրև թե գալիս են Անատոլիայից (մենք գիտենք, թե որ շրջաններն է ընդգրկում Անատոլիան), և որոնք Ստամբուլում սկսվում են խարխլվել: Այսպիսով՝ հընթացս շեշտվում է թուրքերի բնիկ լինելու գաղափարը:

Հետաքրքիր է, որ պետական հովանավորությամբ ստեղծված սերիալներում երբևէ չես հանդիպի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, որոնք, հայտնի փաստ է՝ մեծ թիվ են կազմում Թուրքիայում: Այստեղ միայն քուրդ բնակչությունը կազմում է մոտ 20 մլն, 6 մլն ալևի կա և այլն: Այսինքն՝ Թուրքիան, բազմաէթնիկ ու բազմակրոն կառույց ունեցող պետություն լինելով, քարոզչությունը թուրքական սերիալներում այնպես է տանում, որ չհանդիպենք որևէ ազգային փոքրամասնության ներկայացուցչի, էլ չեմ ասում հույների կամ հայերի մասին:

Սերիալների դերը այդ երկրի համար հսկայական է նաև տուրիզմը զարգացնելու առումով: Հաճախակի ուշադրության կենտրոնում են հայտնվում այնպիսի վայրեր, որոնք քիչ հայտնի են, բայց զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն: «Թեթևամիտը» ֆիլմում, օրինակ, իրադարձությունները հիմնականում  տեղի են ունենում Մարդինում, նաև՝ Ուրֆայում՝ Եդեսիայում, որտեղ վերջին տարիներին շատ մեծ հնչեղություն է ստացել Պորտասարը: Մի քանի տարի առաջ Էրդողանը «Պորտասարի տարի» հռչակեց: Այդ տեղանքին նման մեծ կարևորություն տալը պայմանավորված է նրանով, որ այն համարվում է քաղաքակրթության օրրան. Պորտասարի ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, և համաշխարհային պատմագիտության համար նորանոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Եթե հաստատվեն այդ բոլոր հիմքերը, կպարզվի, որ մարդկության պատմությունը պետք է վերաշարադրել և որպես քաղաքակրթության սկիզբ նշանավորել թուրքական պետության տվյալ տարածքը, որը մեր պատմական հայրենիքի մասն է կազմել: Սերիալի սյուժեն կենցաղային մի պատմություն է, սիրահար զույգը որոշում է հենց Պորտասարի տարածքում ժամադրվել: Այսկերպ նրանք ներքին և արտաքին լսարանին հրավիրում են դեպի Պորտասար՝ կրկին տուրիզմը զարգացնելու և ի սկզբանե իրենց չպատկանող մշակութային այդ հարստության հանդեպ իրենց իրավունքը հաստատելու նպատակով:

Վերջերս մեծ աղմուկ հանեց նաև մեկ այլ ֆիլմ՝ «Ակումբ», որում վերջին տարիներին առաջին անգամ անդրադարձ եղավ փոքրամասնություններին, մասնավորապես՝ հրեական համայնքին: Խոսքը 40-50-ականների Ստամբուլի մասին է: Օբյեկտիվում այն հրեաներն են, որոնք խոսում են լադինո լեզվով (իսպաներենի և եբրայերենի խառնուրդ), այսինքն՝ խոսքը այն հրեաների մասին է, որոնք Իսպանիայից Օսմանյան կայսրության ժամանակներում ներգաղթել են ու բնակություն հաստատել Ստամբուլում, Զմյուռնիայում, Սալոնիկում, մեծ քաղաքներում: Լադինոն անհետացման եզրին գտնվող լեզու է համարվում, և հենց այդ ֆիլմում նրանք խոսում են լադինոյով: Պետք է ենթադրել, որ հրեաների պատվերով էր նկարահանված այս ֆիլմը: Այն մեծ սենսացիա առաջ բերեց, քանի որ նախկինում երբևէ ոչ մի սերիալում չէիր հանդիպի որևէ ազգային փոքրամասնության ներկայացուցչի: Ֆիլմում, բացի նշված հրեա համայնքից, հանդիպում ենք նաև ազգային այլ փոքրամասնությունների, որոնք այդ ակումբի հաճախորդներն են: Անգամ հույների և Հակոբ անունով մի հայի կերպար կա, որին շատ հպանցիկ են անդրադարձել: Այս սերիալին շատ դրական էին արձագանքել ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները:

…Տողատակերում առկա մի շարք խնդիրներ գրավեցին իմ ու գործընկերոջս՝ Տիգրան Չանդոյանի ուշադրությունը, և մենք մինչև իսկ համատեղ հոդված գրեցինք այս թեմայով (Հոդվածը կարելի է ընթերցել հետևյալ հղումով՝ https://akunq.net/am/?p=81966): Ֆիլմը այն ժամանակաշրջանի մասին է, որ լի էր ազգային փոքրամասնությունների հետ կապված դժբախտ դեպքերով: Մասնավորապես 1942թ. հրապարակվել էր ունեցվածքի հարկի մասին օրենքը, որի շրջանակում բազմաթիվ մարդիկ հարստահարվեցին. միայն ազգային փոքրամասնություններն ու հատկապես հայերն էին հսկայական գումարներ վճարում: Այս ընթացքում նրանք ոչ միայն հարստահարվեցին, այլև աքսորվեցին Աշքալե՝ հարկադիր աշխատանքի ճամբարներ:

…Ֆիլմում անդրադարձ կա նաև 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերին, երբ Թուրքիայում լուր տարածվեց, թե իբր Սալոնիկում հույները Աթաթուրքի տան վրա ռումբ են պայթեցրել, և դա առիթ դարձավ, որ թուրք խուժանը, որ զինվել ու հրահանգավորվել էր պետության կողմից (այս մասին բազմաթիվ վկայություններ են եղել), հարձակվեր հայերի, հույների և հրեաների աշխատավայրերի, տների վրա: Տեղ գտան բռնաբարության ու անգամ սպանության դեպքեր: Ֆիլմում ցույց է տրվում խաղաղ բնակչության նկատմամաբ այս բռնարարքների նախապես ու պետականորեն կազմակերպված լինելը:

Իհարկե, դրա հետ մեկտեղ, հույնի և հայի կերպարները կրկին ներկայացված էին ոչ շահեկան լույսի ներքո: Ակումբի տերը, որ ծպտված հույն է, հանուն իր առաջխաղացման, սպանում է հարազատ մորը, որպեսզի չբացահայտվի իր ինքնությունը: Մայրը խելագարվել էր և խոսում էր հունարեն: Հույն կանայք այստեղ ներկայացված են որպես թեթևաբարո: Իսկ հայն ընդհանրապես անտեսված է: Ֆիլմում հիմնականում հրեաների ջատագովություն է…

Եզրակացությունն այն է, որ Թուրքիան պետականորեն շատ լավ է աշխատում ոչ միայն սեփական ռազմական ներուժը մեծացնելու, ռազմաքաղաքական ներկայությունը տարբեր երկրներում հաստատելու ուղղությամբ, այլև օգտվելով հեռուստատեսային հարթակից՝ ապահովում է այդ ամենի գաղափարական կողմը: Սա ներկայիս տեղեկատվական պատերազմների շատ ազդեցիկ միջոցներից է. այդ երկրի ներսում տարածվում է սեփական ծագմամբ հիանալու և հպարտանալու զգացում, ակնառու երևում է գործած սխալներն ու հանցանքները արդարացնելու միտում:

Հաջորդ տարի նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Էրդողանը նպատակ ունի մեծ անուն թողնել պատմության մեջ. անգամ՝ Աթաթյուրքին ստվերել: Այդ առումով նրա նվաճողական, ծավալապաշտական նպատակները երևում են նաև վերջին շրջանի սերիալներում, որոնք նկարահանում է Թուրքիայի պետական հեռուստատեսությունը:

Նեօսմանիզմն ու պանթյուրքիզմը ներկայում Թուրքիայի համար, առավել, քան երբևէ, ակտուալ են: Դրա համար է Թուրքիան վերջին շրջանում հսկայական գումարներ ներդնում ֆիլմերի արտադրության մեջ: Իհարկե, հետո այդ գումարի քառապատիկ շահույթն է ունենում ոչ միայն ֆինանսական, այլև՝ բարոյահոգեբանական և գաղափարական, քարոզչական առումներով: 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Akunq.net