Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թ. champord.am կայքում հրապարակվել է Սյունե Սևադայի հոդվածը թուրքական սերիալների ազդեցության մասին: Թեմայի արդիականության պահպանման պատճառով հոդվածը ներկայացնում ենք ստորև․
«Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն՝ շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր ու ներկայանալի է դառնում՝: Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին: Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում: Օրինակ, «Փառահեղ դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն: Կմտածեք՝ պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում: Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով: Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել: Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել:
Կասենք՝ դե մեծ երկիր է: Վերջում էլ կավելացնենք ամենասիրելի արդարացումը՝ ծով ունեն, նավթ ունեն, դրա համար էլ կարողանում են:
Իսկ մենք չե՞նք կարողանում մեր հերոսին էլ գրադարանում նկարահանել, չե՞նք կարողանում գիտակցել, որ կարմիր փայտից նուրբ կահույքն ավելի շքեղ է, քան ոսկեգույն արձանը՝ տան մեջտեղում դրված, և դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Չե՞նք կարող արգելել սցենարիստներին՝ չգրել երկխոսություն՝ «էթալ, հելնել, սֆթուց» բառերով: Դժվար չէ: Կասենք՝ բոլոր ոլորտները գրավել են կիսագրագետները, ի՞նչ անենք: Սցենարիստներն էլ կարդարանան՝ ինչ դիտում են, դա էլ գրում ու նկարահանում ենք:
Իսկ Թուրքիան չի նկարահանում այն, ինչ դիտում են: Նա ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն «Գուգլի» օգնությամբ պարզել՝ ով է Էմիլ Զոլան: Ստիպել է աչք փակել պատմական փաստերի վրա ու բազմագույն, հետաքրքիր սերիալի միջոցով այլ պատմություն անգիր անել ու տարածել:
Մեզ չեն ստիպում դիտել մեր սերիալները, դրանք կարելի է բոյկոտել այնքան, մինչև որոշ սցենարիստներ կամ այլ գործով կզբաղվեն, կամ կկատարելագործվեն այնքան, որ անգամ ամենատրիվիալ սերիալից տասը րոպե դիտելիս սիրտդ չի խառնի, ու կհասցնես որևէ պետքական բան քաղել քեզ համար: Արդարանում ենք, թե լայն մասշտաբների համար է, պետք է հասկանալի լինի…Թուրքական սերիալն իրոք լայն մասշտաբների համար է, հարյուրավոր միլիոն դիտումներ բերող: Եվ այստեղ «մեղավորը» ամենևին էլ ծով ու նավթ ունենալը չէ: Ուղղակի նստել ու որոշել են, որ մարդկանց պետք է սովորեցնեն որակյալ կադրի, մաքուր խոսքի ու արագ ընթացող սյուժեի: Ով կհամապատասխանի, կաշխատի, ով չի համապատասխանում, չի համագործակցում: Պարզ ու կոնկրետ որոշում, որը տվեց իր արդյունքները:
Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Մեզ մնում է դասեր քաղել հարևան երկրից, ու ոչ թե ձևացնել, թե նրանք գոյություն չունեն, այլ ապացուցել, որ մենք կարող ենք առանց իրենց պես ստելու էլ որակ ստեղծել: Բազմաշերտ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների ու անուղեղ տիկնիկների մասին արհեստական պատումներ, Մաթևոսյան ու Բակունց քարոզելու փոխարեն մարդկանց, չգիտես՝ ինչու, սովորեցնում ենք, որ հարուստ լինելը շատ վատ բան է, բոլորս պետք է աղքատ լինենք, այլապես հեռուստացույցի հարուստների պես վատը կդառնանք: Կարող ենք շատ ավելին, միայն թե ցանկություն է պետք, որովհետև վատի կողքին նաև տեսնում ենք, որ որոշ մասնագետներ փորձում են փրկել ոլորտը, ուղղակի համատարած խավարի մեջ փոքր լամպերը աղոտ են երևում: Ու մի խնդրանք սերիալ ստեղծողների մեծամասնությանը. մտածեք թուրքական սերիալների հաջողության մասին՝ նախքան հերթական սերիան փչացնելը: Բայց ոչ թե փորձեք անհաջող կրկնօրինակել, ինչպես որ արդեն անում եք, այլ ստեղծեք ձերը, որ որակյալ լինի: Ծովն ու նավթը մեղավոր չեն, որ դուք հեշտ ուղի եք ընտրում՝ քարքարոտ ճանապարհներով երկրում»: