կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 10:31
Առանց Կատեգորիա

Աննան ու սերիալները

Աննան ու սերիալները

«Գիտեի, որ հայը կարող է քարից հաց քամել, բայց որ կարող է քարից սերիալ քամել, դա արդեն նորություն է»՝ ֆեյսբուքցիներից մեկն է գրել «Մենք դեմ ենք հիմար սերիալներին» խմբում: Իսկ մյուսը «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անունից անգլերեն գրել է, որ ինքը նույնպես չի հավանում հայկական սերիալները, «ու եթե դրանք եթերից չհանվեն, ես «Ֆեյսբուքը» կփակեմ»:

Կատակներն, իհարկե, շատ ավելի քիչ են: Կան նաեւ հրապարակի վրա եղած սերիալները պաշտպանելու փորձ անողներ: Գործնական առաջարկներ էլ կան. մեկը նույնիսկ առաջարկում է անտիսերիալ նկարահանել: Էջի հեղինակը՝ տնտեսագիտության 25-ամյա ասպիրանտ Աննա Գրիգորյանը, իր նախաձեռնությանը միանալու կոչի մեջ գրել է. «Որքա՞ն կարելի է նկարահանել դաժան եւ հիմար սերիալներ, որոնց մեջ անխտիր՝ մի խումբ թիկնապահներ, «լավ տղերք», սպանություն, դաժանություն եւ «գոլդ» համարով ջիփեր»:

Աննան սիրում է հոգեբանական ու փիլիսոփայական գրականություն կարդալ, երաժշտություն լսել՝ «դասական, էստրադային, բայց ճաշակով, ջազ, բլյուզ»: Մեր զրույցում այսպիսի բան պատմեց. «Վերջերս Իտալիայում էի` Թուրինում, հյուրանոցի համարում մենակ նստած ձանձրանում էի, չէի կարողանում քնել: Փորձեցի հեռուստացույց դիտել, միացրի` հայկական ալիք էր ու սերիալ: Չէ, չնայեցի, անջատեցի»:

- Միայն թե չասես՝ թե ընդհանրապես սերիալ չես նայում, նկարագրություններդ վկայում են, որ նայում ես:

- Չեմ նայում, բայց հնարավոր չէ հեռուստացույցի ալիքները փոխելիս չհանդիպել սերիալներից տարբեր դրվագների, որովհետեւ ամեն մի սերիան հինգ անգամ է ցուցադրվում` օրվա մեջ չորս անգամ, եւ կիրակի օրը կրկնում են: Իմ հաշվարկներով, հեռուստաալիք կա, որն ամսական 600 ժամ սերիալ է ցույց տալիս: Ես չեմ ասում` թող սերիալները վերացվեն ընդհանրապես, ուղղակի որակը թող փոխվի, քանակը:

- Փառք Աստծո, ինտերնետ, այլընտրանքային հեռուստատեսություն կա, կարելի է չնայել:

- Այդպես էլ անում եմ: Բայց ես միայն իմ մասին չեմ մտածում: Օրինակ` սերիալների թիրախային խմբերը, որոնք տնային տնտեսուհիներ են, մեծահասակներ, երեխաներ, դեռահասներ, նրանցից ոչ բոլորին են հասանելի ինտերնետը եւ հեռուստատեսային կապի այլ միջոցները, իմ անհանգստությունն այն է, որ եղած սերիալները շատ վատ են անդրադառնում հատկապես այսօրվա երիտասարդության վրա:

- Ինչպե՞ս:

- Քանի որ այսօրվա սերիալների հիմնական սյուժեները քրեական ինչ-որ պատմություններ են, երիտասարդներին շատ են հրապուրում, փորձում են նմանակել սերիալների հերոսներին: Նույնիսկ փոքր երեխաներին, որ հարցնում ես` ի՞նչ ես ուզում դառնալ, որեւէ սերիալի քրեական հեղինակության անուն են տալիս: Ժարգոնն են ընդօրինակում: Ու վատն այն է, որ այն կերպարները, որոնք պետք է բացասական ներկայացվեն, սերիալներում ցուցադրվում են որպես հեղինակություն, այսինքն, դրական կերպար, ումից պետք է օրինակ վերցնել:

- Իսկ եթե մարդիկ ուզում են նայե՞լ այդ սերիալները:

- Բանն այն չէ, որ մարդիկ շատ են ուզում նայել այդպիսի սերիալներ, ու դրա համար սկսեցին ցուցադրել: Այստեղ հակառակ գործընթացը եղավ, առաջարկը ծնեց պահանջարկ: Որովհետեւ այնքան շատ է գովազդվում, որ մարդիկ ենթագիտակցորեն ընկնում են դրա ազդեցության տակ: Սերիալ նայողներին նորմալ եմ վերաբերվում, պայքարը նրանց դեմ չէ: Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունենալու իրավունք ունի:

- Իսկ չե՞ս մտածել, որ որակյալ սերիալի համար շատ փող է պետք, ինչը ոնց որ թե չկա:

- Այո, բայց ինձ չի թվում, որ այսօրվա սերիալների վրա քիչ գումար են ծախսում, որովհետեւ նկարահանում են նաեւ արտասահմանում, ինչը մեծ գումարներ է պահանջում:

- Շատ հեշտ է պայքարել որեւէ բանի դեմ եւ շատ դժվար առաջարկել` ինչ անել:

- Համամիտ եմ, քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է:

- Իսկ քննադատելուց բացի՞:

- Շարժումը նախաձեռնեցի հունիսի 16-ին, ու, ի զարմանս ինձ, մեկ շաբաթվա ընթացքում շատ մեծ արձագանք ստացավ, այսօրվա դրությամբ 2300 հոգի «Ֆեյսբուքում» մասնակցում է այդ շարժմանը, բոլորը դեմ են արտահայտվում: Կան արձագանքներ անգամ ԱՄՆ-ում ապրող հայերից, որոնք արբանյակայինով նայում են հայկական ալիքներ: Նրանք նույնպես բողոքում են՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանում, այս ինչ քրեական կյանք է:

- Թեկուզ 2000-ից ավելին եք, ինչպե՞ս եք ազդելու հեռուստաընկերությունների վրա:

- Բնականաբար, չեմ սպասում, որ շատ մեծ արդյունքների կհասնենք: Սա պարզապես ահազանգ է մշակույթի գործիչներին, արվեստագետներին, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական գործիչներին, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն: Ուզում եմ սերիալ նկարահանողների ուշադրությունը հրավիրել, որ սա էլ է մարդկանց կարծիք, որ ինչ-որ չափով հաշվի առնեն այս կարծիքը՝ հաջորդ սերիալը ստեղծելու ժամանակ: Երեւի հավաքվենք, ցույցի նման մի բան անենք:

- Ստուդիաները ջարդել-փշրելու կոչեր չեն լինի, չէ՞:

- Իհարկե, չեն լինի: Նամակներ կուղղենք հեռուստաընկերություններին: Մեր ասելիքը ավելի կոնկրետ կձեւակերպենք, թե ինչու եւ ինչ ենք ուզում:

- Իսկ եթե որեւէ քաղաքական ուժ մտնի ձեր շարժման մե՞ջ:

- Չէ, ես կտրականապես դեմ եմ, որ որեւէ քաղաքական ուժի անվան հետ կապվի մեր շարժումը: Ես հեռու եմ քաղաքականությունից, իմ ցանկությունը ինչ-որ լավ բան անելն է:

- Բայց քաղաքական գործչին բնորոշ՝ մարդկանց շուրջդ հավաքելու, կազմակերպելու ներվ ունես:

- Գուցե ունեմ, բայց ինչքան էլ քարոզվի այսօր, որ կինը քաղաքականության մեջ պետք է ավելի շատ տեղ ու դեր ունենա, ես ամեն դեպքում, կարծում եմ, որ դա այդքան էլ կանացի գործ չէ: Կինը փոխվում է, երբ մտնում է քաղաքականություն, ինչ-որ չափով կորցնում է իր կանացիությունը:

- Ընտրությունների ժամանակ տղամարդ թեկնածուի՞ն միայն ձայն կտաս:

- Կապ չունի, ում քաղաքական հայացքները հավանեմ, նրան էլ ձայն կտամ: Չեմ ասում, թե կանայք լավ քաղաքական գործիչ լինել չեն կարող, ուղղակի կանացիության խնդիր կա: Դպրոցական տարիներին մի քանի ամիս հաճախել եմ լիդերների դասընթացների: Պարտադիր չի, որ կինը քաղաքականության մեջ լինի այդպիսին. կարող ես աշխատանքում լինել լիդեր, շրջապատում: Ընտանիքում՝ ոչ, ես դեմ եմ, որ ընտանիքում իշխողը կինը լինի: Որոշիչը տղամարդու ձայնը պետք է լինի, կինը պիտի զգա, որ իր կողքին ուժեղ տղամարդ կա:

- Քո ապագա ընտրյալին ինչպիսի՞ն ես պատկերացնում:

- Կուզենամ, որ լինի խելացի, լավ մարդ, հասկանա ինձ, ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, լավ զրուցակից լինի, միայն մակերեսային, նյութական արժեքներով չբավարարվի:

- Իսկ եթե նա թունդ սերիալ նայող լինի՞:

- Այդքան էլ հաճելի չէ, որ տղամարդը սերիալներ է նայում: Ավելի լավ է ֆուտբոլ նայի, չնայած ես չեմ սիրում ֆուտբոլ: Բայց ծայրահեղական չեմ, եթե ուզում է սերիալ նայել, չեմ կարող արգելել: Սխալ չհասկանաք, իմ պայքարը սերիալ նայողների դեմ չէ: Իմ պայքարը հեռուստատեսություն նայելով ձեւավորվող սերնդի համար է:

- Ինքդ ո՞ր հեռուստատեսային հաղորդումները նայելով ես մեծացել:

- Ես մեծացել եմ ցուրտ ու մութ տարիներին, երբ հեռուստատեսություն համարյա չկար, այնպես որ, հեռուստատեսությունը իմ` որպես անձի կայացման գործում գրեթե դեր չի խաղացել: Ավելի շատ գիրք էի կարդում: Առաջին գիրքը, որ կարդացել եմ, երբ կարդալ սովորեցի, «Մանկական Աստվածաշունչն» էր, եւ այդ արժեքներով եմ դաստիարակվել: Շատ էի սիրում լսել նաեւ Ռուբեն Հախվերդյանի երգերը կյանքի իմաստի, մարդկանց եւ սիրո մասին: Հիմա էլ եմ լսում:

- Եթե այս նախաձեռնությունդ որեւէ արդյունք չտա՞:

- Ես չեմ հուսահատվի, համենայն դեպս, կմտածեմ, որ ես փորձեցի ինչ-որ բան անել: Թե հաջողվի՝ շատ ավելի լավ:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ